«29» սեպտեմբերի 2016թ.                                                                                       ԻՎ-ե-92

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտադպրոցական կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1058-19.09.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի անվանումն ունի հստակեցման կարիք, քանի որ «Կրթության մասին» ՀՀ օրենքը չի պարունակում «արտադպրոցական կրթություն» հասկացություն:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները՝ փակագծերով: Հոդվածի ենթակետի՝ հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

Առաջարկում ենք նշված կանոններին համապատախանեցնել Նախագծի 1-4-րդ, 6-9-րդ, 13-15-րդ, 17-րդ, 24-րդ եւ 28-րդ հոդվածները:

3. Նախագծի 1-ին, 5-6-րդ, 9-րդ, 13-րդ, 18-21-րդ, 25-րդ եւ 28-րդ հոդվածներում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

4. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ արտադպրոցական ուսումնական կրթություն ստացողներ են համարվում սաները, սովորողները եւ ունկնդիրները, մինչդեռ նույն հոդվածում ունկնդիրների հասկացությունը չի տրվում:

5. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը՝ «օրենքի» բառից առաջ, եւ 7-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «մոտ» բառից հետո, առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

6. Նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում են արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորման մասին դրույթներ՝ նշելով, որ արտահերթ ատեստավորումը որպես բացառություն կարող է իրականացվել պետական կառավարման մարմնի կամ պետական այլ մարմնի որոշմամբ: Այդ առումով պարզ չէ, թե արտահերթ պետական ատեստավորումը որ դեպքերում եւ ինչ կարգով է իրականացվելու: Միաժամանակ պարզ չէ, թե նշված մասում ինչ բացառության մասին է խոսքը: Պարզ չէ նաեւ, թե որոնք են այն պետական կառավարման այլ մարմինները, որոնց որոշմամբ անցկացվելու է արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորում:

7. Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետում հղում է արվում «սահմանված կարգ»-ին, որով կազմակերպվելու են արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորումը եւ որակավորման բարձրացումը, մինչդեռ պարզ չէ, թե ինչ կարգի մասին է խոսքը:

8. Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասի «համալիր եւ մասնագիտացված» բառերն առաջարկում ենք փոխարինել «համալիր կամ մասնագիտացված» բառերով:

9. Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում են մասնագիտացված արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ուղղվածության վերաբերյալ դրույթներ, մինչդեռ օարզ չէ, թե գործունեության ինչ ուղղվածության կամ բնագավառների մասին է խոսքը:

10. Նախագծի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է ստեղծել մասնաճյուղեր: Մասնաճյուղն իրավաբանական անձ չէ եւ գործում է ուսումնական հաստատության հաստատած կանոնադրության համաձայն, իսկ Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝արտադպրոցական ուսումնական հաստատությունը նաեւ հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է: Ստացվում է, որ հիմնարկը կարող է ստեղծել մասնաճյուղեր, ինչը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ եւ 62-րդ հոդվածների կարգավորումներից:

11. Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «՝ օրենսդրությանը» բառը:

12. Նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում եւ 28-րդ հոդվածում «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը:

13. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «օպերատիվ կառավարման» բառերը:

14. Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունն իրավունք ունի գործունեության որոշակի տեսակների գծով իրականացնել վճարովի ծառայություներ` սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:

Այս ձեւակերպումից պարզ չէ, թե լիցենզավորման ենթակա գործունեության ինչ տեսակի մասին է խոսքը:

15. Նախագծի «Եզրափակիչ դրույթներ» գլխի վերնագիրը «Եզրափակիչ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ անցումային» բառերով: Այդ գլուխն անհրաժեշտ է համապատասխանեցնել նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով:

16. Նախագծում օգտագործվում են ՀՀ օրենսդրությամբ չսահմանված եւ հաստակեցման կարիք ունեցող մի շարք արտահայտություններ՝ «միջդպրոցական ուսումնաարտադրական կոմբինատ», «Հայաստանի քաղաքացու ցանկալի դիմանկարի կերտում» եւ այլն, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                        Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)