«25» սեպտեմբերի2015 թ.                                                                             ԻՎ-ե-102



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-852-17.09.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ
՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ մասերի համաձայն՝ իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի, իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժ» կետում լրացվող «` բացառությամբ զուտ տեղեկատվական բնույթի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի` տեղեկանքների.» բառերը փոխարինել «` բացառությամբ զուտ տեղեկատվական բնույթի փաստաթղթերի`տեղեկանքների.» բառերով:

2. Հարկ է նկատի ունենալ, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում անվճար կտրամադրվեն ոչ միայն տեղեկանքներ, այլեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակներ:

3. Առաջարկում ենք Նախագծի «Հոդված 6.» բառերը փոխարինել «Հոդված 5.» բառերով՝ պահպանելու համար Նախագծի հոդվածների ճիշտ հաջորդականությունը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան