«01» ապրիլի 2015 թ. ԻՎ-ե-29
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-736-17.03.2015-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7361 -17.03.2015-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7362 -17.03.2015-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7363 -17.03.2015-ՊԻ-010/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7364 -17.03.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածով լրացում է կատարվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածում, մասնավորապես` Օրենսգրքում ավելացվում են գործի վարույթի կարճման եւս երկու հիմք, այն է` երբ դատարանը հաստատել է հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնությունը, եւ երբ հաշտարարության արդյունքում կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որտեղ նշել են առանց հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու գործի վարույթը կարճելու մասին: Այսպիսով, կարճման երկրորդ հիմքի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը չի հաստատում հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնությունը (օրինակ` օրենքին հակասելու պատճառաբանությամբ), գործի վարույթն ինքնաշխատ կերպով կարճվում է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը հաշտության համաձայնությունում նախատեսել են առանց դատարանի կողմից այն հաստատելու գործի վարույթի կարճելու մասին նշում: Այլ կերպ ասած` նման բովանդակությամբ կողմերի հաշտության համաձայնությունը դատարանի համար առաջացնում է գործի վարույթը կարճելու պարտավորություն: Այսպիսի մոտեցումը իրավական տեսանկյունից վիճահարույց է, քանի որ ըստ էության խաթարում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, ինչպես նաեւ միջազգային նորմերով երաշխավորվող դատարանների անկախության սկզբունքը` դատարանի կողմից իր լիազորությունների իրականացումը պայմանավորելով կողմերի կամքով: Մինչդեռ Փաթեթի ուսումնասիրությունը վկայում է, որ նման դեպքերում դատարանի կողմից գործի վարույթը կարճելու անհրաժեշտությունը պայմանավորված է կողմերի միջեւ վեճը վերանալու հանգամանքով:
Հաշվի առնելով վերոհիշյալը` առաջարկում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող նորմի ձեւակերպումը:
2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 7-րդ հոդվածով քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացվում է «Հաշտարարությունը» վերտառությամբ գլուխ 22.3-ով: Նշված գլխի 149.10 հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է հաշտարարության միջոցով: Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել նաեւ այն վեճը, որի վերաբերյալ առկա է հաշտարարության վերաբերյալ համաձայնություն, եւ այդպիսի համաձայնության հիման վրա հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը չի վերացել:»: Հարկ է նշել, որ ներկայացված նախագծերի փաթեթում անդրադարձ չի կատարվել հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը վերանալու դեպքերին: Այլ կերպ ասած` նման շարադրանքը մի շարք հարցերի տեղիք է տալիս. նախ, երբ է հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը համարվում ավարտված, ինչպես է այն որոշվում եւ վերջապես ում կողմից: Եթե խոսքը գնում է հաշտարարության գործընթացը «ավարտված» համարելու հիմքերին, ապա առաջարկում ենք համապատասխան մասում հղում կատարել հաշտության գործընթացի ավարտման հիմքերին:
3. Վերոհիշյալ գլուխ 22.3-ի 149.11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը պետք է պարունակի սույն մասով տեղեկություններ, ինչպես նաեւ դիմումին պետք է կցվի հաշտարարության համար հիմք հանդիսացող ապացույցը: Հարկ է նշել որ նշված մասում դիմումում ընդգրկվող տեղեկությունների մասին որեւէ հիշատակում չի կատարվում, մասնավորապես` հստակ սահմանված չեն դիմումում ընդգրկվող տեղեկությունները, ուստի առաջարկում ենք հստակեցնել, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը գնում:
4. Եզրակացության 1-ին կետն ընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 149.13-րդ հոդվածի 4-րդ մասում, իսկ նույն հոդվածի 6-րդ մասում «կամ» բառը անհրաժեշտ կլինի փոխարինել «եւ/կամ/» բառերով, ինչը դատարանին հնարավորություն կտա հաստատել հաշտության համաձայնությունը եւ կարճել գործի վարույթը, իսկ հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կարճել գործի վարույթը կողմերի միջեւ վեճը վերանալու հիմքով:
5. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով /այսուհետ` Նախագիծ/ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ներդնել հաշտարարի ինստիտուտը ՝ որպես կողմերի միջեւ ծագած վեճը լուծելու այլընտրանքային հնարավորությու ն: Այս ինստիտուտին վերաբերող իրավակարգավորումները տեղ են գտել ՀՀ դատական օրենսգրքում, որիկարգավորման առարկան են կազմում դատական իշխանության կազմակերպման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները: Այս առումով, կարծում ենք ՝ հաշտարարի ինստիտուտ պետք է կարգավորվի տվայլ ինստիտուտին վերաբերող բոլոր հարցերը համապարփակ կարգավորող առանձին օրենքով: Օրենսդիրն այդ ճանապարհով է գնացել նաեւ ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ներդնելիս ՝ ընդունելով«Ֆինանասական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքը:
6. Նախագծի 135.2-րդ հոդվածով սահմանվում են հաշտարարության սկզբունքները եւ հաշտարարի էթիկայի ընդհանուր կանոնները: Նախագծով սահմանված էթիկայի ընդհանուր կանոնների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք ավելի շուտ կրկնում են հաշտարարության սկզբունքները, օրինակ ՝ գաղտնիո ւթյունը, անկողմնակալությունը, կամ ընթացակարգային բնույթ ունեցող նորմեր են, ինչպես օրինակ ՝ հաշտարարությանը մասնակցող կողմերին հաշտարարի դերն ու հաշտարարության գործընթացի բնույթը բացատրելը: Այս առումով, կարծում ենք, հաշտարարի էթիկայի կանոնները դեռեւս լիարժեք կարգավորման անհրաժեշտություն ունեն:
7. Նախագծի 135.3-րդ հոդվածով նախատեսվում է. «Բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերի ՝ հաշտարարը, կողմերը կամ հաշտարարությանը մասնակցած կամ մասնակցող յուրաքանչյուր անձ չեն կարող կանչվել դատարան որպես վկա, մասնագետ կամ փորձագետ` ցուցմունք տալու հաշտարարության ընթացքում հայտնի դարձած փաստի կամ տեղեկության վերաբերյալ»: Նախագծից պարզ չէ, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որ բացառությունների մասին է խոսքը:Այս առումով Նախագծի հիշյալ դրույթը հստակեցման կարիք ունի:
8. Նախագծի 135.4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշտարարն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ եւ պարտականություններ: Նշված նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի համաձայն` բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականությունները:
9. Նախագծի 135.7-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է. «Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր տալը կարող է մերժվել նաեւ, եթե արտոնագրված հաշտարարի թեկնածուն հաշտարարության որակավորման հանձնաժողովին իր մասին ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ ներկայացրել է ոչ լիարժեք կենսագրական տվյալներ»: Նշված հոդվածի ձեւակերպումից երեւում է, որ հաշտարարի որակավորման վկայագիր տալը մերժելու հիմքերը նշված հոդվածով սպառիչ սահմանված չեն, այլ վկայագիր տալը կարող է մերժվել ի թիվս այլ հիմքերի: Ինչպես գիտենք, ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածը պահանջում է բացառապես օրենքներով կարգավորել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը: Իսկ արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր տալու մերժման հիմքերի իրավական կարգավորումն անմիջականորեն փոխկապված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների իրականացման պայմաններին եւ կարգին:
10. Նախագծի 135.7-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է. «Արտոնագրված հաշտարարը հաշտարարության որակավորման հանձնաժողովի որոշմամբ կարող է զրկվել հաշտարարի որակավորման վկայագրից, եթե նա թույլ է տվել հաշտարարի` օրենքով սահմանված պարտականությունների կոպիտ կամ շարունակական խախտումներ, կամ եթե պարզվել է, որ արտոնագիրը տրվել է օրենքի պահանջների խախտումով»: Նշված իրավակարգավորմամբ օրենսդիրը որակավորման հանձնաժողովին տալիս է հայեցողական լիազորություն ՝ հաշտարարի որակավորման վկայագրից զրկելու հարցում: Մինչդեռ նշված լիազորությունը պետք է իմպերատիվ բնույթ կրեր, որը որակավորման հանձնաժողովին կպարտավորեցներ համատասխան հիմքերի առ կայության դեպքում գործադրել նշված լիազորությունը եւ կայացնել նույնանման որոշում: Այս դեպքում պարզ չէ, թե հաշտարարի` օրենքով սահմանված պարտականությունների կոպիտ կամ շարունակական խախտումների կամ արտոնագիրը օրենքի պահանջների խախտմամբ տրվելու փաստերի առկայության յուրաքանչյուր դեպքում ինչպիսի որոշում կարելի է ակնկալել որակավորման հանձնաժողովից:
Բացի այդ՝ նշված մասում առաջարկում ենք հստակեցնել «կոպիտ» եւ «շարունակական» խախտում եզրույթները:
11. Նախագծի 135.11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ «Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը կարող է հիմք հանդիսանալ արդարադատության նախ արարության հաշտարարության որակավորման հանձնաժողովի կողմից հաշտարարին որակավորման վկայականից զրկելու համար»: Այս դեպքում եւս հաշտարարության որակավորման հանձնաժողովի համար սահմանվել է հայեցողական լիազորություն ՝ առանց ընդգծելու դրա իրականացման սահմանները: Կարծ ում ենք ՝ հաշտարարին որակավորման վկայականից զրկելու հիմքերը եւ կարգը պետք է Նախագծով սպառիչ կարգավորվեն, որը հաշտարարների իրավուննքերի պաշտպանության, անհիմն տարբերակված մոտեցումներից եւ կամայական որոշումներից խուսափելու կարեւոր երաշխիք է:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարողներ` Հ. Սարդար յան
Ք. Խանազադյան