«14»նոյեմբերի 2014 թ .                                                                                                ԻՎ-ե-188

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-647-22.10.2014-ՊԻ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6471 -22.10.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը:

Հետեւաբար, առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում «Քրեական օրենսգրքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի ( այսուհետ` Օրենսգիրք ) » բառերով: Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հանել «Քրեական» բառը:

2. Նախագծով առաջարկվում է ապաքրեականացնել`

1) գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը (Նախագծի 1-ին հոդված, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ հոդված).

2) հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը (Նախագծի 2-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մաս):

Նշված արարքներն ապաքրեականացնելը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31.1-ին ու 45-րդ հոդվածների պահանջներից եւ տեղին չէ ՝ ելնելով դրանց հանրային վտանգավորությունից: Անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածն անմիջականորեն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը, իսկ 205-րդ հոդվածը՝ պարտավորություններին եւ տնտեսական գործունեության պաշտպանությանը:

Հավելենք, որ քննարկվող հարցի վերաբերյալ մեր կողմից ուսումնասիրության են ենթարկվել մի շարք պետությունների քրեական օրենսդրությունները, այդ թվում` Վրաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Հունգարիայի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Իսպանիայի Թագավորության եւ Ֆինլանդիայի Հանրապետության . նշված պետություններում այն արարքները, որոնք Նախագծով առաջարկվում է ապաքրեականացնել, հանցագործություններ են:

3. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի չափով, կամ չվճարված գումարի եռապատիկի չափով: Հաշվի առնելով, որ ըստ Նախագծի 2-րդ հոդվածի` առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը գերազանցող գումարը, գտնում ենք, որ նախատեսված պատիժը խիստ անհամաչափ է արարքի վտանգավորությանը: Այդ առումով Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատիժը խիստ անհամաչափ է եւ չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված պատասխանատվության համաչափության սկզբունքից, ինչպես նաեւ կատարված հանրորեն վտանգավոր արարքի համար համաչափ պատիժ նշանակելու` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության սկզբունքից, որի համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար:

Բացի դրանից` անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված է խրախուսական նորմ օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման համար, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները:

4. Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի գործող խմբագրությունը պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, պարզ չէ, թե որն է ,հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելըե: Արդյո ՞ ք օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերը մեկ անգամ կամ երկու եւ ավելի անգամ չներկայացնելն է համարվում հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել: Հետեւաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի կիրառելիության շրջանակները հստակեցման կարիք ունեն:

5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանության առումով առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածը սկսել հետեւյալ բառերով.

«Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել նոր՝ 47.8-րդ հոդվածով.

… »:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին մոլորեցնելու համար նախատեսված է պատիժ՝ տուգանք: Այսինքն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նշված դրույթների համաձայն՝ վարչական իրավախախտում հանդիսացող արարքի համար նախատեսվում է պատիժ, մինչդեռ պատիժը հանդիսանում է քրեաիրավական ներգործության միջոց, իսկ ,պատիժե ինստիտուտը բնորոշ է միայն քրեական իրավունքին: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ եւ արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ: Հետեւաբար՝ պատիժը, որպես պետական հարկադրանքի միջոց, կարող է նշանակվել միայն քրեական օրենսգրքով որպես հանցագործություններ նախատեսված արարքների համար:

Հարկ է նշել նաեւ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է` նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել օրենքները պահպանելու, ինչպես նաեւ կանխել նոր իրավախախտումների կատարումը: Այսինքն՝ վարչական իրավախախտման համար կիրառվող հարկադրանքի միջոցը տույժն է, այլ ոչ թե պատիժը:
Նույնը վերաբերում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

7. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածը սկսել հետեւյալ բառերով.

«Հոդված 2. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

… »:

8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից քսանհազարապատիկը: Այսինքն՝ նշված դրույթների համաձայն՝ վարչական իրավախախտում հանդիսացող արարքը դիտվում է որպես հանցագործություն, ինչը նույնպես չի բխում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջներից:
Հետեւաբար, ներկայացված նախագիծը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քրեական օրենսգրքի եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջներին:

9 . Նույն հոդվածով լրացվող օրենսգրքի 170.3-րդ հոդվածում նշված « գանձվող » բառն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով « Պետական տուրքի մասին»   ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                  Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ` Ս. Առաքելյան

Ք. Խանազադյան