«16» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                    ԻՎ-ե-167

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-629-06.10.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-5-րդ հոդվածներում առաջարկված բոլոր փոփոխությունները եւ լրացումները վերաբերում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին, ուստի առաջարկում ենք դրանք միավորել մեկ հոդվածում՝ ապահովելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին, որի համաձայն՝ իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ՝ տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:

Նախագծի 1-ին եւ 4-րդ հոդվածներում առաջարկվում է հանել կետադրական նշաններ: Նշենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին՝

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախասադություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

Ինչպես տեսնում ենք, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հիշյալ հոդվածը չի նախատեսում իրավական ակտում փոփոխություն կատարելու կետադրական նշանները հանելու միջոցով, ուստի առաջարկում ենք Նախագծից հանել 1-ին եւ 4-րդ հոդվածները: Սույն առաջարկությունն ընդունելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա Նախագծի վերնագրից հանել «փոփոխություններ եւ» բառերը:

2. Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ հոդվածներով առաջարկվում է համապատասխանաբար քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց համար նախատեսել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործությունների կատարման համար դատվածություն չունենալու պայման:

ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով »: Դա նշանակում է, որ հանցագործությունը չի կարող նախատեսվել որեւէ այլ օրենքով՝ բացի քրեական օրենսգրքից: Նշենք, որ դատվածություն կարելի է ունենալ միայն հանցագործության կատարման համար: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ հոդվածներից հանել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործությունների կատարման համար» բառերը:

3. Ինչպես նշվեց, Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց համար նախատեսել դատվածություն չունենալու պայման: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական պաշտոններ են նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները: Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը դրույթ չեն պարունակում համապատասխանաբար ՍԴ անդամի եւ մարդու իրավունքների պաշտպանի՝ դատվածություն ունենալու արգելքի մասին: Նշված դեպքում համապատասխան երկու օրենքների եւ«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի միջեւ առաջանում է հակասություն, քանիոր տարբեր օրենքներով միեւնույն պաշտոնի զբաղեցման համար նախատեսվում են տարբեր պայմաններ:

4. Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                          Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքել յան