«20» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                     ԻՎ-ե-168

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-628-06.10.2014-ՏՀ-010/0), ««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6281 -06.10.2014-ՏՀ-010/0), ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6282 -06.10.2014-ՏՀ-010/0), ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6283 -06.10.2014-ՏՀ-010/0), ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6284 -06.10.2014-ՏՀ-010/0) եւ ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6285 -06.10.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.

Նախագծի 2-րդ հոդվածով փոփոխություն է առաջարկվում «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասում, մասնավորապես` առաջարկվում է նշված մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հրապարակային ծանուցումը պետք է առաքվի էլեկտրոնային նամակով սույն օրենքի երկրորդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի բ. ենթակետով սահմանված էլեկտրոնային հասցեից: Կայքը վարողը նամակը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով հավաստում է նամակի ստացումը: Եթե նամակի ստացումը սույն մասով սահմանված ժամկետում չի հավաստվել կամ կայքը վարողը նամակը չի ստացել, ապա հաշվետվությունը մեկշաբաթյա ժամկետում առձեռն` թղթային եղանակով եւ էլեկտրոնային կրիչի վրա, ներկայացվում է կայքը վարողին:»: Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը վերոհիշյալ խմբագրությամբ շարադրելու դեպքում կսահմանվի բացառապես իրավաբանական անձանց կողմից հրապարակային ծանուցումների իրականացման կարգը, մինչդեռ Օրենքի կարգավորման առարկան չի սահմանափակվում միայն իրավաբանական անձանց կողմից իրականացվող հրապարակային ծանուցումների կարգով եւ պայմաններով: Օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային եւ անհատական ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները: Այսինքն՝ Օրենքը սահմանում է ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակման ենթակա տեղեկատվության հրապարակային եւ անհատական ծանուցումների իրականացման կարգը եւ պայմանները: Դրա մասին է վկայում նաեւ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, որով սահմանվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում «պաշտոնական էլեկտրոնային փոստ» հասկացությունը: Առաջարկում ենք շտկել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված՝ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությունը` բացառելով իրավական բացի առաջացման հնարավորությունը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Հաշվետվությունների տեղադրումը կայքում կատարվում է անվճար»: Իսկ Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածները, որոնք սահմանում են համապատասխանաբար հրապարակային ծանուցման վճարը եւ հրապարակային ծանուցման վճարի դրույքաչափը: Այսպիսով, առաջարկվում է հաշվետվությունների անվճար տեղադրում սահմանելով` վերացնել հրապարակային ծանուցման տեղադրման համար գանձվող վճարը եւ այն որոշելու դրույքաչափը: Հարկ է նշել, որ Օրենքի 2-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ կետի համաձայն` «հրապարակային ծանուցում» եզրույթի ներքո պետք է հասկանալ տեղեկատվություն պարունակող հայտարարություն, որը, ըստ մեզ, կարող է լինել ոչ միայն հաշվետվությունների տեսքով: Ելնելով վերոգրյալից, այն հանգամանքից, որ Փաթեթի հիմնավորման մեջ խոսվում է հրապարակման վճարովի լինելը վերացնելու մասին եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից (նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ)՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի «հաշվետվությունների» բառը փոխարինել «հրապարակային ծանուցման» բառերով:

3. Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3- րդ մասի պահանջներով, այն է՝ «հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով», առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «առաջին» բառը փոխարինել «1-ին» արաբական թվանշանով: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում եւ 3-րդ հոդվածում, ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում:

4. ««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի նոր խմբագրության մեջ առաջարկում ենք համարակալել այդ հոդվածի մասերը՝ իրացնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

5. ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասում «Բաց Ընկերությունը» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր տարի մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով» բառերով: Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, այն է` Բաժնետիրական ընկերություն (այսուհետ` Ընկերություն) է համարվում առեւտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի , առաջարկում ենք «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` առաջարկվող նոր խմբագրությամբ շարադրված 96-րդ հոդվածի 1-ին մասի «բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «Ընկերություն» բառով:

6. ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել 20.1-րդ հոդվածով, որը սահմանում է. «Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ից ոչ ուշ եթերում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում օրենքով սահմանված կարգով հրապարակում են նախորդ տարվա ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվությունները` նշելով համախառն եկամտի եւ դրա կազմում գովազդի, վճարովի եթերաժամի, նվիրատվությունների եւ այլ եկամուտների, ինչպես նաեւ ծախսերի չափերը: Ֆինանսական հաշվետվության ձեւը սահմանվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ»: Նշված լրացումն ըստ էության կրկնում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որը սահմանում է. «Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների»: Այսինքն՝ նախագծով կարգավորվում է ֆինանսական հաշվետվությունների հրապարակման հետ կապված հարաբերությունները, ինչն արդեն իսկ կարգավորված է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդ առումով, եթե նախագծի նպատակը ֆինանսական հաշվետվությունների հրապարակման հետ կապված հարաբերությունների եւ հրապարակման ժամկետների փոփոխումն է, ապա գտնում ենք, որ նախագծի 1-ին հոդվածով լրացվող 20.1-րդ հոդվածի կարգավորումներն անհրաժեշտ է նախատեսել օրենքի 20-րդ հոդվածում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող ` Ք. Խանազադյան