«27» հոկտեմբերի2014 թ.                                                                             ԻՎ-ե-177



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-600-17.09.2014-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Սահակյանի եւ Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.Նախագծի հեղինակներն առաջարկում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը լրացնել նոր 6.1-րդ մասով: Նշենք, որ հոդվածն ունի 6 մաս եւ երբեւէ չի ունեցել 7-րդ եւ դրան հաջորդող մասեր: Նման պարագայում անհասկանալի է, թե ինչու է հեղինակների կողմից առաջարկվող մասը համարակալվել 6.1-րդ, այլ ոչ թե 7-րդ:

2.Նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ պետական կառավարման ոլորտի ստաժի հետ կապված արտոնություններ սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» (մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, համապատասխան օրենքն արդեն ընդունված է եւ կգործի 2015թ. հունվարի 1-ից), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» (մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը), «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» (մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը), «Քրեակատարողական ծառայության մասին» (մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը) եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» (մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը) ՀՀ օրենքներում: «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում այդպիսի արտոնություններ սահմանված են եղել մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը: Նշված արտոնությունը բացակայում է նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում:

Վերոշարադրյալից հետեւում է, որ Նախագծի ընդունման պարագայում 2015 թվականի հունվարի 1-ից սկսած սահմանված արտոնություններից օգտվելու են միայն քաղաքացիական ծառայողները (համենայն դեպս, այս պահի դրությամբ շրջանառության մեջ դրված չեն մյուս օրենքներում նշված ժամկետների երկարաձգում առաջարկող կամ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում պետական կառավարման ոլորտի ստաժ ունեցողներին արտոնություններ տրամադրելու նախագծեր):

Դա չի բխի Նախագծի հիմնավորումից, որտեղ անդրադարձ է կատարվում պետական ծառայության պաշտոններում օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց ընդգրկվելու հնարավորություն տալուն, որը, բացի քաղաքացիական ծառայությունից, իր մեջ ընդգրկում է նաեւ այլ տեսակի ծառայություններ:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծում օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել ոչ թե պետական կառավարման ոլորտի, այլ հանրային ծառայության ստաժ:

3. Կարծում ենք նաեւ, որ համապատասխան փոփոխությունը պետք է կատարվի ոչ թե «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում, այլ տվյալ ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտում ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես ՝ նշված օրենքի 15-րդ հոդվածում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝  Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան