«28» օգոստոսի2014 թ.                                                                                                            ԻՎ-ե-126



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-578-23.08.2014-ՏՀ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-5781 -23.08.2014-ՏՀ-010/0)ՀՀ օրենքների նախագծերիվերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծեր) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1.Նախագծերը ներկայացվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող` օրենսգրքի 158-րդ հոդվածի 33-րդ մասով վարչական պատասխանատվություն է նախատեսված սեւ եւ (կամ) գունավորմետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնի գնման կամ վաճառքի դեպքում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գրանցամատյան չվարելու համար: Հիշյալ մասի սանկցիայում նախատեսված են վարչական տույժի նվազագույն եւ առավելագույն չափեր, մինչդեռ նույն հոդվածի 35-րդ մասով` նախագծի 158-րդ հոդվածի 33-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով: Այդ առումովնախագծի 158-րդ հոդվածի 35-րդ մասում անհրաժեշտ է նախատեսել վարչական տույժի նվազագույն եւ առավելագույն չափեր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 158-րդ հոդվածի 33-րդ մասով նույնպես նախատեսված են վարչական տույժի նվազագույն եւ առավելագույն չափերը: Այսինքն` ելնելով այն հանգամանքից, որ առաջին անգամ համապատասխան վարչական իրավախախտումը կատարելու համար իրավակիրառողին հնարավորություն է տրվում կիրառել անհատականացման սկզբունքը, ապա երկրորդ անգամ համապատասխան իրավախախտումը կատարելու դեպքում նույնպես վարչական մարմնին պետք է տրվի այդպիսի հնարավորություն: Հիշյալ առաջարկությունը բխում է նաեւ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարեւորագույն` պատասխանատվության համաչափության սկզբունքից:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 158-րդ հոդվածի 36-րդ մասի սանկցիային:

3. Հարկ ենք համարում նաեւ նշել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող` օրենսգրքի 158-րդ հոդվածի 33-րդ մասով վարչական պատասխանատվություն է սահմանված միայն գրանցամատյան չվարելու համար: Մինչդեռ, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ նշված սուբյեկտների կողմից վա ճ առքի եւ գնման գրանցամատյանը վարվում է ոչ պատշաձ ձեւով` որոշակի թերություններով, բացթողումներով եւ այլն: Այդ առումով պարզ չէ, թե պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գնման կամ վաճառքի գրանցամատյանը ոչ պատշաճ ձեւով վարելը, կամ գրանցամատյանի վարման կարգը խախտելն ինչ իրավական հետեւանքներ է առաջացնելու: Հետեւաբար` առաջարկում ենք նախագծի շրջանակներում կարգավորել նաեւ հիշյալ հարաբերությունները` սահմանելով վարչական պատասխանատվություն նաեւ սեւ եւ (կամ) գունավորմետաղների կամ դրանց համաձուլվածքներիջարդոնի կամ թափոնի գնման կամ վաճառքի դեպքում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գրանցամատյանը ոչ պատշաճ վարելու, ինչպես նաեւ գրանցամատյանի վարման կարգը խախտելու համար:

4. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող` օրենքի 5.2-րդ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնելհոդվածի բովանդակությանը` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները , որի համաձայն իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

Այսպես` հիշյալ հոդվածի վերնագրից բխում է, որ դրա կարգավորման առարկան են հանդիսանում սեւ եւ (կամ) գունավորմետաղների կամ դրանց համաձուլվածքներիջարդոնի կամ թափոնի առուվաճառքի հետ կապված հարաբերությունները, մինչդեռ լրացվող 5.2-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը գնում է նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից դրանք օտարելու մասին: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն «օտարել» տերմինը իր մեջ ներառում է ոչ միայն ապրանքներ վաճառելը, այլ նաեւ դրանք նվիրելը, փոխանակելը եւ այլն:Այդ առումով, եթե նախագծի 5.2-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը միայնսեւ եւ (կամ) գունավորմետաղների կամ դրանց համաձուլվածքներիջարդոնի կամ թափոնի վաճառքի մասին է, ապա «օտարել» տերմինի կիրառումը նպատակահարմար չէ, քանի որ «օտարել» տերմինը բովանդակային առումով ավելի լայն է եւ ընդգրկում է ոչ միայն ապրանքներ վաճառելը, այլ նաեւ դրանք նվիրելը, փոխանակելը եւ այլն: Հետեւաբար` առաջարկում ենք նախագծի հիշյալ հոդվածի 1-ին մասում նշված «օտարել» բառը փոխարինել «վաճառել» բառով` ապահովելով իրավական ակտերում միատեսակ տերմինների կիրառման պահանջի իրացումը, ինչն ամրագրված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասում, որի համաձայն նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Իսկ եթե նախագծի 5.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորման նպատակը սեւ եւ (կամ) գունավորմետաղների կամ դրանց համաձուլվածքներիջարդոնի կամ թափոնի վաճառքի հետ կապված հարաբերություններից բացի այլ հարաբերություններ (նաեւ դրանց օտարման հետ կապված) կարգավորելն է, ապա նման պարագայում լրացվող` 5.2-րդ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 5.2.Սեւ եւ (կամ) գունավորմետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնը կամ թափոնն օտարելու առանձնահատկությունները»:

Բացի այդ, նախագծի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են ջարդոնի կամ թափոնի վաճառքի կամ գնման յուրաքանչյուր գործարքի գրանցում, իսկ 1-ին մասով սահմանված է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ջարդոնի կամ թափոնի օտարումն իրականացնում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Նման դեպքերում օրենքով չեն կարգավորվելու այն դեպքերը, թե իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերն ինչ փաստաթղթի հիման վրա են նվիրելու կամ փոխանակելու ջարդոնը կամ թափոնը:

Միաժամանակ պարզ չէ, եթե նշված անձանց կողմից իրականացվում է ոչ թե առուվաճառքի գործարք, այլ նվիրատվության կամ փոխանակության գործարք, ապա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը գործարքի գրանցում իրականացնելու են, թե ոչ: Այդ առումով գտնում ենք, որ ներկայացված նախագծի շրջանակներում անհրաժեշտ է կարգավորել նաեւ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ջարդոնը կամ թափոնն օտարելու այլ դեպքերում (նվիրելու, փոխանակելու եւ այլն) համապատասխան գործարքների գրանցման հետ կապված հարաբերությունները:

5. Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող` օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «կարող են օտարել» բառերը հանել եւ դրանք լրացնել «թափոն» բառից հետո, իսկ նույն մասում նշված «փոստաթղթի» բառն անհրաժեշտ է փոխարինել «փաստաթղթի» բառով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող`Ս. Առաքելյան