«17» հուլիսի 2014 թ .                                                                                                         ԻՎ-ե-114

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-559-01.07.2014-ՊԻ-010/0), Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը:

2. Միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1.Նախագծի 1-ին հոդվածում նախատեսվել է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասից հանել կուսակցությունների ստացած եւ ծախսած միջոցների մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական եզրակացություն բառերը, ինչը կհակասի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի, «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիայի եւ ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից 1997թ նոյեմբերի 6-ին ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա GRECO -ի (Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ, ԵԽ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի Գլխավոր տնօրինության կազմում մշտապես գործող մարմին, որին Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 2004թ հունվարի 20-ից) ներկայացրած առաջարկություններին, համաձայն որոնց անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը քաղաքական կուսակցությունների գործունեության նկատմամբ եւ քաջալերել աուդիտորական գործառույթների իրականացումը՝ կոռուպցիայի փաստերի հայտնաբերման եւ դրանց մասին հաղորդելու վերաբերյալ:

2.2.Նախագծի2-րդհոդվածով առաջարկվել է «օրենքի 28.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել», սակայն ներկայումս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի օրակարգում ընդգրկված է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-463-14.03.2014, 16.05.2014-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագիծ, որով փոփոխություն է նախատեսվում օրենքի նույն 28.1-րդ հոդվածում: Նշված Նախագծերի ընդունման դեպքում ներքին հակասություն կառաջանա իրավական ակտերի միջեւ, ինչը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթին: ՈՒստի առաջարկում ենք քննարկել Նախագծերը միմյանց համապատասխանեցնելու հարցը:

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                              Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ` Ա.Մանուկյան

Գ.Հովսեփյան հեռ. 513-616