«16» հուլիսի2014 թ.                                                                                                   ԻՎ-ե-109

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-554-20.06.2014-ՏՀ-010/0) եւ «Պետական սահմանի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-554-20.06.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը:

2. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ

2.1. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ նախագծով «Օրենք» բառը, այդ իմաստով, այլեւս չի օգտագործվում:

2.2. Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետը: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը վերաբերում է սահմանային շերտում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիաների գործողության դադարեցմանը (6 ամիս հետո): Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «Լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո»՝ առաջարկում ենք նախագծում մատնանշել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հետ կապը եւ նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս հետո համարվում է դադարեցված» բառերը փոխարինել ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան համարվում է դադարած՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 6 ամիս հետո»:

3. «Պետական սահմանի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ

3.1. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ նախագծով «Օրենք» բառը, այդ իմաստով, այլեւս չի օգտագործվում:

3.2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «...եթե այս հարաբերությունը պետք է կարգավորվի օրենքով, ապա նշվում են «օրենքով» կամ «օրենքներով» բառերը», ուստի առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստի «ՀՀ» հապավումը հանել:

3.3. Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ նախագծի օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս հետո:

Առաջարկում ենք ներկայացված երկու նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները համապատասխանեցնել՝ նախագծի 2-րդ հոդվածում « հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս հետո» բառերը փոխարինելով «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻՎԱՐԻՉ                                                                                Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Ս. Առաքելյան հեռ.՝ 513618

Ս. Համբարձումյան հեռ.՝ 513360

Լ. Աբովյան հեռ.՝ 513485

Ք. Խանազադյան հեռ.՝ 513459

11.07.2014թ.