«03» ապրիլի 2014 թ.                                                                                                           ՓՎ-ե-44

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին » ( փաստաթղթային կոդ` Պ-462-14.03.2014-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին »Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ներկայացված Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը չի համապատասխանում օրենդրական տեխնիկայի որոշ կանոններին:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները:

1. Անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածը, քանի որ դրանում նշված` 1984 թվականի Պաշարների Պետական Հանձնաժողովի (ՊՊՀ) կողմից հաստատված Արարատյան Արտեզյան Ավազանում (ԱԱԱ) ստորջրյա ջրային ռեսուրսների ստորերկրյա ջրի հետագա շահագործման ռեժիմը սահմանող փաստաթղթի իրավական կարգավիճակը հայտնի չէ: Եթե նույնիսկ նման փաստաթուղթ 1984 թվականին հաստատվել է, ապա «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի ուժով համապատասխան օրենքները եւ դրանց հիման վրա ընդունված` նշված փաստաթուղթնարդեն իսկ իրավական ուժ չունեն եւ չեն գործում: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Արարատյան Արտեզյան Ավազանում (ԱԱԱ) ստորջրյա ջրային ռեսուրսների ստորերկրյա ջրի հետագա շահագործման նպատակով օգտագործվող միջին տարեկան ջրառը սահմանել 34,7մ3 /վրկ կամ 1094,3 մլն մ3 /տարի ջրաքանակ»:

2. Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին»: Այս տեսանկյունից Նախագիծը, որպես տարեկան համալիր ծրագիր, բովանդակային առումով թերի է, այն միայն սահմանում է ստորերկրյա ջրերի հետագա շահագոծման ռեժիմն ու չափաքանակները եւ չի կարող դիտվել Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագիր: Նախագծում արտացոլված չեն օրենքով սահմանվող ծրագրերին բնորոշ մի շարք դրույթներ, մասնավորապես` օրենքի կարգավորման առարկան, ոլորտի ներկա վիճակի վերլուծությունը, ծրագրի նպատակը եւ խնդիրները, նորմատիվ հենքը, կառավարման համակարգը, սպասվող արդյունքները, ծրագրի մոնիթորինգը եւ վերահսկողությունը, ծրագրի հիմնական կատարողները, իրականացման ուղիները, ֆինանսավորման աղբյուրներն եւ այլն:

3. Նախագծում առաջարկվում է ստորերկրյա ջրերի հետագա շահագործման ռեժիմներ եւ ջրօգտագործման սահմանափակումներ, որոնք ավելի նպատակահարմար է լրացումների տեսքով ավելացնել ՀՀ ջրային օրենսգրքում, «Ջրի ազգային ծրագիր» ՀՀ օրենքում կամ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

փորձաքննության վարչության

տնտեսական եւ սոցիալական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ`                                                                     Գ. Նազարյան

առաջատար մասնագետ՝                                                                             Ա. Դերմոյան

03.04.2014թ.