31.03.2014 Փվ-40
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-458-05.03.2014-ՖՎ-010/0 ) եւ«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4581 -05.03.2014-ՖՎ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»եւ«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Նախագծերի փաթեթը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:
3.Նախագծերի փաթեթում ընդգրկված «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ` Նախագիծ).
3.1 «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 81-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել նոր 3.1-րդ մասով, որի առաջին պարբերությամբ սահմանվում է, որ. « Ապահովագրական ընկերությունները պետք է ունենան իրենց կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված գործարար վարվելակերպի կանոններ:...», սակայն ապահովագրական ընկերությունների կառավարման իրավասու մարմնի լիազորությունները սահմանող` 29-րդ հոդվածում այդ լիազորությունն ամրագրված չէ: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով`
«Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 13.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
13.1) Ընկերության գործարար վարվելակերպի կանոնների հաստատումը.»:
Տվյալ լրացումն առաջարկում ենք կատարել որպես Նախագծի նոր 1-ին հոդված, իսկ Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածները համապատասխանաբար համարակալել որպես 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներ:
3.2Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենքի 81-րդ հոդվածի նոր 3.1-րդ մասի տեքստում`
ա) առաջին պարբերության «պետք է ունենան» բառերն առաջարկում ենք փոխարինել «պարտավոր են ունենալ» բառերով` տվյալ նորմի պարտադիր բնույթն ընդգծելու նպատակով,
բ) 3-րդ կետով սահմանվում է, որ գործարար վարվելակերպի կանոններով պետք է կարգավորվի նաեւ. «մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս եւ պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը , ...», սակայն խնդիրը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հաճախորդի հետ կապված տեղեկատվության բովանդակությունը կարող է տարբեր լինել, որը կարող է նաեւ հայտնի չլինել, օրինակ, մինչեւ պայմանագրի կնքումը: Այսինքն, այս մասով ներկայացվող պահանջը, կարծում ենք, իրատեսական չէ, ուստի` առաջարկում ենք նշված տեքստի «տեղեկատվության բովանդակությունը» բառերը փոխարինել «տեղեկատվության ցանկը» բառերով,
գ) 5-րդ կետի «անձնական տվյալները» բառերն անհրաժեշտ է փոխարինել «անհատական տվյալները» բառերով` այս մասով Նախագիծը համահունչ դարձնելով «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի հետ,
դ) 6-րդ կետի «կարգը» բառն առաջարկում ենք փոխարինել «կանոնները» բառով, որն ավելի դիպուկ է արտահայտում «հաճախորդների հետ վարվելակերպի» իրավական հիմքի անվանումը:
4. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ կապված դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության
վարչության պետի տեղակալ` Ա. Թամազյան
ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության
վարչության տնտեսական եւ սոցիալական
փորձաքննության բաժնի վարիչ` Ա. Գալստյան
31 .03.2014թ.