18.02.2014  թ.                                                                                                                        ՓՎ-11


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-441-07.02.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագիծը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ ՀՀ օրենքներին:

2. Նախագիծը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:

3. Նախագծով առ աջարկվող լրացումը, մեր կարծիքով, միանգամայն ընդունելի է, սակայն առաջարկվող լրացման տեքստի ընդունման դեպքում ներքին հակասություն կառաջանա «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի եւ նոր` 1.1-րդ մասի միջեւ, քանի որ առաջին դեպքում Օրենքում կմնա գործող դրույթը, ըստ որի` կարգադրագիրն ընդունվում է « ստուգման ակտի հիման վրա », իսկ նոր դրույթի համաձայն` « պաշտոնատար անձի (տեսուչի) գրավոր եզրակացության հիման վրա»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է առաջարկվող լրացմանը զուգահեռ Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասից հանել նաեւ «իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա» բառերը:

Այս փոփոխությունը Նախագծում ներառելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում նաեւ վերախմբագրել Նախագծի գրեթե ամբողջ տեքստը, որի լրամշակված տարբերակը ներկայացվում է ստորեւ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Համապատասխանության գնահատման մասին » Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի 36-րդ հոդվածում.

1) 1-ին մասից հանել « իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա » բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.1-րդ մասով.

« 1.1. Սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները տեխնիկական կանոնակարգերով նախատեսված անվտանգության պահանջներին չհամապատասխանելու դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգադրագրերը ընդունվում են օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) գրավոր եզրակացության հիման վրա: » :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի
փորձաքննության վարչության
պետի տեղակալ`                                                                                        Ա. Թամազյան

ՀՀ ԱԺ աշխատակազմի
փորձաքննության վարչության տնտեսական
 եւ սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                         Ա. Գալստյան

18.02.2014թ.