«14»հոկտեմբերի 2013 թ.                                                                                                    Փ Վ-ե-289

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-357-02.10.2013-ՍՀ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3571 -02.10.2013-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զբաղվածության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Փաթեթի կազմում ընդգրկված օրենքների նախագծերը համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւՀՀ օրենքներին:

2. Փաթեթի կազմում ընդգրկված «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ դրույթներ չեն համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասերի պահանջներին:

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

3. Նախագծի 1-ին հոդվածը խմբագրման կարիք է զգում, հատկապես` « կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բնակչության զբաղվածության խթանման տնտեuական եւ կազմակերպական դրույթներն ու իրավական հիմքերը » եւ «պետական-մասնավոր համագործակցության իրավական հիմքերը» արտահայտությունները:

4.Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի սկզբում առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետությունում» բառերը :

5.Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ էության, սահմանափակ ձեւով կրկնում է 2-րդ հոդվածի բովանդակությունը, ուստի կարելի էայն հանել :

6.Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվող «աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձ» հասկացության «գ» ենթակետով որպես այդպիսին առաջարկվում է համարելմիայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ծանուցում ստացած անձանց: Խնդիրը կայանում է նրանում, որ աշխատանքից ազատման ռիսկն ուղղակիորեն աշխատանքային պայմանագրի լուծման հիմքով պայմանավորելը, ըստ էության, աղճատում է «աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձ» հասկացության էությունը եւ բովանդակությունը, քանի որ այդ ռիսկի ի հայտ գալու արդյունքում, միեւնույն է, մարդը դառնալու է գործազուրկ (ստանալով հաշվառման կանգնելու իրավունք), իսկ մինչ այդ էլ աշխատանքից ազատման բոլոր հիմքերն էլ հադիսանալու են աշխատանքից ազատման ռիսկի գործոններ: Մյուս կողմից, նման տարբերակում դնելը, բացի այն, որ անհարկի խտրական վերաբերմունքի դրսեւորում է դառնում, նաեւ յուրօրինակ ու նույն «արարքի» համար կիրառվող կրկնակի պատժամիջոցի է վերածվում: Այս կապակցությամբ առաջարկում ենք «աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձ» հասկացության «գ» կետի «1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով, իսկ «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկամսյա ժամկետում» բառերով (կարծում ենք, 10-օրյա ժամկետը բավականին փոքր ժամանակահատված է այս ինստիտուտից գործնականում օգտվելու համար):

7. Նախագծի 7-րդ հոդվածը, որով սահմանվում է զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, մեր կարծիքով, անհարկի մանրամասնությամբ է շարադրված, իսկ մյուս կողմից էլ` այս հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի դրույթների շարադրանքը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի (ըստ որի. « Իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ, ապահովեն հուզական չեզոքություն ») եւ 5-րդ մասի (ըստ որի. « Նորմատիվ իրավական ակտի ոճն իմպերատիվ-հրամայական ու պաշտոնական է: ») պահանջներին, շարադրված է անորոշ եւ ազատ ոճով, ուստի առաջարկում ենք այս հոդվածի 1-ին մասը տեղափոխել Նախագծի 8-րդ հոդված` որպես այդ հոդվածի նոր 1-ին մաս, եւ հանել Նախագծի 7-րդ հոդվածը:

8. Նախագծի 8-րդ հոդվածում օգտագործված են «տեղեկատվական համաչափություն» եւ «մրցակցային...համագործակցություն» հասկացությունները, որոնք բավականին անորոշ եւ տարածական մեկնաբանության հնարավորություն տվող հասկացություններ են: Անհրաժեշտ է հստակեցնել այս հասկացությունների բովանդակությունը, կամ էլ Նախագծի 4-րդ հոդվածում տալ դրանց սահմանումները:

9. Նախագծի 19-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում Լիազորված մարմինն իր հետ համագործակցող ոչ պետական կազմակերպությանը հանում է հաշվառումից: Այս իմաստով սահմանված են ընդամենը երկու հիմքեր, որոնցից մեկը այդ կազմակերպության դիմումն է, իսկ մյուսը` օրենքով սահմանվող տեղեկատվական շտեմարանը չունենալը եւ (կամ) պատշաճ չվարելն է: Մեր կարծիքով, այս հիմքերը ընդլայնման կարիք ունեն եւ բացի նշվածներից պետք էներառեն նաեւ այն դեպքերը, երբ տվյալ ոչ պետական կազմակերպությունը թույլ է տալիս ոչ միայն այս օրենքի, այլեւ ընդհանրապես ՀՀ օրենքների դրույթների բազմակի կամ կոպիտ խախտումներ, մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ ենթարկվում է վարչական պատասխանատվության եւ այլն:

10. Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի «մշտական» բառն առաջարկում ենք փոխարինել «կայուն» բառով, իսկ 2-րդ մասի եւ Նախագծի հետագա ամբողջ տեքստի «քվոտա» բառերը եւ դրա հոլովաձեւերը` հայերեն համարժեք հասկացությամբ եւ դրա հոլովաձեւերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդված 2-րդ մասի պահանջներին:

11. Նախագծի 4-րդ գլխի վերնագրից անհրաժեշտ է հանել «ԶԲԱՂՎԱԾՈւԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ» բառերը:

12. Անհրաժեշտ է հստակեցնել նաեւ Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` « աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատավարձի մասնակի փոխհատուցման իրավունք. » արտահայտությունը (Նախագծից անհայտ է մնում թե ի՞նչ փոխհատուցման եւ ու՞մ կողմից փոխհատուցման մասին է գնում խոսքը), ինչպես նաեւ անհրաժեշտ է սույն Նախագծով սահմանել այդ իրավունքի իրականացման կարգն ու պայմանները, որոնք, ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն կարող են սահմանվել բացառապես օրենքով:

Փաթեթի կա զ մում ընդգրկված` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                                  Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

14.10.2013թ.