«02»հոկտեմբերի 2013 թ.                                                                                                ԻՎ-ե-275

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-344-01.10.2013-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հ. Հակոբյանի (021), Խ. Հարությունյանի, Ա. Մխիթարյանի, Վ. Մարկոսյանի եւ Ռ. Հովսեփյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2.Նախագիծը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:

3. Նախագծի, ինչպես նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հասկացությունների միասնականության ապահովման նպատակով առաջարկում ենք Նախագծի 3-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսվող լրացման տեքստերի «սահմանվում է» եւ «նշանակման համար սահմանել» բառերը փոխարինել «նշանակվում է» բառով:

4. Նախագծի 1-6 հոդվածներով առաջարկվող լրացումների տեքստերը, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունեն` կապված այդ տեքստերի խմբագրության հետ: Օրինակ, Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ. «Երեք եւ ավելի երեխա ունեցող եւ (կամ) որդեգրած եւ խնամող մայրերին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից, ինչպես նաեւ աշխատանքային ստաժի համար սահմանված օրացուցային տարիներից՝ յուրաքանչյուր երեխայի համար մեկ տարի պակաս՝ սկսած 3-րդ երեխայից:»: Եթե այս նախադասությունը փոքր ինչ պարզեցնենք` հանելով միջանկյալ նախադասությունները, ապա կստացվի «Երեք եւ ավելի երեխա ունեցող... մայրերին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից... յուրաքանչյուր երեխայի համար մեկ տարի պակաս՝ սկսած 3-րդ երեխայից:», այսինքն` լրացման բուն իմաստը չի հասկացվում (յուրաքանչյուր երեխայի համար մեկ տարի պակաս` ի՞նչ), իսկ բառացի մեկնաբանման դեպքում կարելի է նույնիսկ հասկանալ, որ նշված դեպքում սկսած 3-րդ երեխայից յուրաքանչյուր երեխայի համար մեկ տարի պակասպետք է հաշվարկվի նաեւ աշխատանքային փաստացի ստաժը (ինչը կարող է նվազեցնել կենսաթոշակի չափը), այն դեպքում երբ տվյալ նախաձեռնության նպատակը 3 եւ ավելի երեխաներ ունեցողներին որոշակի արտոնություն տրամադրելն է:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Երեք եւ ավելի երեխա ունեցող եւ (կամ) որդեգրած եւ խնամող մայրերի համար սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված տարիքը եւ աշխատանքային ստաժի ժամկետները յուրաքանչյուր երեխայի համար նվազեցվում է մեկ տարով` սկսած երրորդ երեխայից:»:

Այս խնդիրն առկա է նաեւ Նախագծի մյուս բոլոր հոդվածներում, ուստի, տվյալ առաջարկությունն ընդունվելու դեպքում, անհրաժեշտ է համապատասխան խմբագրական փոփոխություններ կատ արել նաեւ այդ հոդվածներում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                         Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

02.10.2013թ.