«21» դեկտեմբերի 2012 թ.                                                                                                       ԻՎ-ե-155

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-179-13.12.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Արա Բաբլոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը, քանի որ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասում չկան «երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը» բառերը:

3.Նկատի ունենալով, որ Նախագծի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով առաջարկվում է փոփոխություններ եւ ընդամենը մեկ լրացում կատարել Օրենքի 24-րդ հոդվածի տարբեր մասերում, ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի նշված հոդվածները մեկ հոդվածում միավորելու հարցը:

4. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումը.

4.1. Նախագծի 1-ին հոդվածի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-205 » բառերը անհրաժեշտ է փոխարինել «Պետական նպաստների մասին» Հայաստանի հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի N 205-Ն օրենքի» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

5. Նախագիծը որոշակի խնդիրներ ունի նաեւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջների հետ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                     Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Ք.Պետրոսյան հեռ.513-489