« 22 » օգոստոսի 2012 թ.                                                                                                 ԻՎ-ե-26

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիոն դրսեւորումների եւ փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-026-30.07.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի կողմիցօրենսդրականնախաձեռնության կարգով ներկայացված «Կոռուպցիոն դրսեւորումների եւ փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Ընդհանուր առմամբ, Նախագիծն հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 3-րդ կետին, համաձայն որի. «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝ «...իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն , տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը....»:

3. Նախագծի 2-րդ կետի «ե)» պարբերության համաձայն ժամանակավոր հանձնաժողով ի խնդիրներից է «առաջարկություններ կամ միջնորդություններ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը եւ պատասխանատու այլ մարմիններին` Հանձնաժողովի հայտնաբերումների ու չարաշահումների բացահայտման դեպքում:», որը մեր կարծիքով չի համապատասխանում ժամանակավոր հանձնաժողովի օրենքով նշված գործունեությանը: Այսպես, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում ենառանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար», իսկ 3-րդ կետի համաձայն «Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:»:

4. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծի 2-րդ կետը միայն ենթակետերի բաժանելու փոխարեն, որոնք համարակալվում են արաբական թվանշաններով եւ տեքuտից բաժանվում են փակագծերով, համարակալվել են որպես պարբերություն` հայերենի այբուբենի փոքրատառերով եւ միջակետի փոխարեն տեքստից բաժանվել են փակագծերով: Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերի պահանջները:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 3-րդ եւ 4-րդ կետերում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                                   Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ` Ք.Գեովշանյան, հեռ. 513-636
Լ.Աբովյան, հեռ. 513-485
Ք.Պետրոսյան, հեռ. 513-489