« 02 » հուլիսի 2012 թ. ԻՎ-ե-11
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-013-23-06-2012-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերինհամապատասխան:
1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի`
1.1. առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերենի փոքրատառերով գրված «Նախագիծ» բառը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»,
1.2. վերնագրի «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» բառերը փոխարինել «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով»,
1.3. 1-ին հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին եւ շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ եւ 4-րդ մասերով`»:
2. Նախագծի 2-րդ հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին եւ շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:
3.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասը, մեր կարծիքով, խտրական վերաբերմունք է սահմանում բոլոր օտարերկրացիների նկատմամբ՝ ընդհանրապես, եւ ծագումով հայ օտարերկրացիների նկատմամբ՝ մասնավորապես, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-ին հոդվածի պահանջներից: Ինչ վերաբերում է 90 օրյա ժամկետին, ապա այն 2011 թվականի դեկտեմբերի 8-ի (ՀՕ-355) օրենքով փոխորինվել է 180 օրյա ժամկետի:
4. Նկատի ունենալով, որ Օրենքը կարգավորում է օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու եւ բնակվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաեւ օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերություններ, ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը սույն Օրենքով կարգավորելու նպատակահարմարության հարցը, քանի որ այն իր հետ կբերի նոր խնդիրներ` կապված տեխնիկական զննության, պարտադիր ապահովագրության, Նախագծով նախատեսվող անձանց անհատական տվյալների նույնականացման հետ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Օրենքի 7-րդ հոդվածի լրացվող 4-րդ մասը հանել, քանի որ այն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա չէ: Բացի այդ Օրենքի 7-րդ հոդվածը 4-րդ մասով լրացնելու հետ կապված անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքին»:
5. Չնայած այն հանգամանքին, որ Օրենքում օգտագործվում է «ծագումով հայեր» բառերը (տես` Օրենքի 15-րդ, 16-րդ եւ 18-րդ հոդվածները), այնուամենայնիվ, առաջարկում ենք լրացվող առաջարկության 3-րդ մասում «հայերը» բառից առաջ լրացնել «ազգությամբ» բառը, որը համահունչ կլինի Սահմանադրության 11.3-րդ հոդվածին, իսկ «90 օրյա ժամկետը» բառերից առաջ` «առավելագույնը» բառը, քանի որ Օրենքը նախատեսում է Հայաստանի Հանրապետության տարածքում մնալու ոչ թե որոշակի` այլ առավելագույն ժամկետ:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ` Ս.Համբարձումյան,հեռ. 513 650
Ք.Պետրոսյան, հեռ.513 485