Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-753-02.11.2009-ԱՄ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագծով ներկայացված խիստ ներգործող նյութերի եւ թունավոր նյութերի ցանկերը հստակեցման կամ ճշգրտման եւ լրացման կարիք ունեն հատկապես` ՄԱԿ-ի 1971 թվավականի Հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի, ՄԱԿ-ի 2001 թվականի Կայուն օրգանական աղտոտիչների մասին կոնվենցիայի, ԱՊՀ-ի միջխորհրդարական վեհաժողովի 2008 թվականի նոյեմբերի 25-ի 31-8 թվակիր որոշմամբ ընդունված «Շրջակա միջավայրի աղտոտման համալիր վերահսկողության եւ հակազդման մասին» մոդելային օրենքով եւ միջազգային իրավունքի այլ փաստաթղթերում ամրագրված դրույթների պահանջների պահպանման տեսանկյունից:

Այդ ցանկերը սահմանափակվում են միայն տվյալ պահին հայտնի խնդրո առարկա նյութերի գնահատմամբ, սակայն, անհրաժեշտ է նշել, որխիստ ներգործող նյութերի եւ թունավոր նյութերի կազմը կարող է ներառել ինչպես սինթետիկ, այնպես էլ բնական նյութերի ավելի լայն շրջանակ:

Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ խիստ ներգործող եւ թունավոր նյութերին պատկանելու, դրանց տեսակները եւ առանձնահատկությունները որոշելու հարցերի պարզումը պահանջում է մասնագիտական հատուկ գիտելիքներ, ինչը ենթադրում է այդ նյութերի պարտադիր փորձաքննության իրականացում:

Այդ հիմնավորմամբ` առաջարկում ենք քննարկել խնդրո առարկա նյութերի ցանկերը բացառապես օրենքով սահմանելու նպատակահարմարության մասին հարցը:

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որնախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Հիշյալը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ նախագծով սահմանվում են քրեաիրավական հակազդման միջոցներ խիստ ներգործող նյութերի միայն խոշոր չափերի համար: Սակայն, այդ նյութերի մանր չափերի համար ապօրինի պատրաստման, վերամշակման, ձեռք բերման, պահելու, փոխադրման, առաքման կամ դրանց ապօրինի իրացնման դեմ պայքարի վարչաիրավական միջոցները բացակայում են:

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է սահմանել խիստ ներգործող նյութերի եւ միջոցների տեսակը, հատկանիշները, անվանումը, ծագումը, մշակումը կամ պատրաստման եղանակները, ուստի առաջարկում ենք քննարկել խիստ ներգործող նյութերի ցանկը եւս օրեսդրորեն կարգավորելու մասին հարցը:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

ա) Ներկայացված նախագծով սահմանված հավելվածների համարակալումը հստակեցման կարիք ունի,

բ) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է լրացնել 2.1 մաս համաձայն որի` «2.1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր չհամարվող խիuտ ներգործող նյութեր ապoրինի պատրաuտելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապoրինի իրացնելը` խոշոր չափերով` … »: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան գլխում սահմանված չէ «հոգեներգործուն» հասկացությունը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք «հոգեներգործուն նյութեր» բառերը փոխարինել «հոգեմետ նյութեր եւ դրանց պրեկուրսորներ» բառերով,

գ) Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Առաջարկում ենք 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սահմանել սույն գլխում թունավոր նյութերի ցանկը` համաձայն սույն օրենսգրքի կցված հավելված N2-ի»,

դ) Նույն հոդվածում առաջարկում ենք լրացնել նոր 6-րդ մաս հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սահմանել սույն գլխում խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը` համաձայն սույն օրենսգրքի կցված հավելված N3-ի»,

ե) Ներկայացված նախագծի հավելվածներում «Հավելված 1 2009 թվականի –ի ՀՀօրենքի» եւ «Հավելված 2 2009 թվականի –ի ՀՀօրենքի» բառերը առաջարկում ենք հանել:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

27 նոյեմբերի 2009թ.

N 36

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Ք.Գեովշանյան, հեռ. 588-696