Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ(փաստաթղթային կոդ` Պ-746-27.10.2009-ԳԿ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արա Նռանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նա եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանու թյան տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Ներկայացված Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին, սակայն, անհրաժեշտ է նկատել, որ Oրենքի լրացվող հոդվածի մասին ներկայացված տեղեկանքում նշված աղբյուրից (www.laws.am ինտերնետային կայք էջից) բերված տարբերակում ներառված չեն վերջին` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 23-ի ՀՕ-165 օրենքով կատարված փոփոխությունը, ինչի հետեւանքով հստակ չի ներկայացվում առաջարկվող լրացման տեղը:

Ուստի հիշյալի կապակցությամբ առաջարկում ենք վերախմբագրել 1-ին հոդվածով ներկայացվող փոփոխությունը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

23 նոյեմբերի 2009թ.N 26

Կատարող` Կ. Հարությունյան , հեռ. 588-459