ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին(փաստաթղթային կոդ՝ Խ-009-31.01.2019-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը՝ նախագծով նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարել, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովին խորհրդարանական վերահսկողության շրջանակներում վերապահելով լիազորություն, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ ՀՀ դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացչությունների ղեկավարների հետ համատեղ հանդիպումներ կազմակերպել նրանց առաջադրվելուց հետո՝ մինչեւ նշանակվելը, իսկ նշանակվելուց հետո իրենց գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով: Նախագծով նախատեսվում է նաեւ, որ նախատեսված հանդիպումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը կազմում է համապատասխանության վերաբերյալ եզրակացություն , որն ունի խորհրդատվական նշանակություն:

Նախագծով առաջարկվող կարգավորումը խորհրդարանական վերահսկողության շրջանակներումհարկ ենք համարում քննարկել Սահմանադրության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգավորումների լույսի ներքո: Այսպես՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովն օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնաժողովներ : «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ մշտական հանձնաժողովն իր իրավասության շրջանակում իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն: Նույն օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության շրջանակը ամրագրելով, որ՝ «Մշտական հանձնաժողովները Կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրենց իրավասության շրջանակում՝

1)խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ .

2) կարող են տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ »:

Այսպիսով՝ նշված դրույթով ուղղակի եւ հստակ սահմանվում է մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության շրջանակը: Ստացվում է, որ նախագծով սահմանված լիազորությունները մշտական հանձնաժողովին վերապահելը դուրս է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով մշտական հանձնաժողովներին տրված խորհրդարանական վերահսկողության շրջանակներից: Միաժամանակ, Սահմանադրությամբ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման հարցերում Կառավարությանն անհրաժեշտ ինքնուրույնություն է ընձեռված: Այսպես՝ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը , եւ, որպես պառլամենտական կառավարման ձեւ ունեցող պետության Սահմանադրությունն անհրաժեշտ միջոցներ է սահմանել նաեւխորհրդարանական վերահսկողության համար: Այսպես՝ Կառավարության ծրագիրը, որի հիման վրա Կառավարությունը մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ պետք է արժանանա Ազգային ժողովի հավանությանը, իսկ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողությունը սահմանափակվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ պահանջելու իրավասությամբ: Այսպիսով՝ կարծում ենք, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին նման լիազորություններ վերապահելը կհակասի Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի բուն էությանն ու դուրս կլինի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով մշտական հանձնաժողովներին տրված խորհրդարանական վերահսկողության շրջանակներից:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը՝

1. Նախագծի վերնագրից եւ 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները:

2. Նախագծի 1-ին հոդվածում լրացվող հոդվածի համարակալումն առաջարկում ենք կատարել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի կարգավորումներին համապատասխան՝ «121 » թվերը փոխարինելով «12.1» թվերով:

3. Նախագծի 1-ին հոդվածում «օրենքը լրացնել» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում լրացնել» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                         Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                           Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)