ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-375-28.09.2018-ՊԻՄԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «2003 թվականի ապրիլի 18-ի» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

3. Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «մեղադրանքի» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «զուգորդվել է» բառերը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. Նախագծի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված չէ անզգուշությամբ ծանր հետեւանքների առաջացումը: Այսպես, նախատեսվող կարգավորմամբ ստացվում է, որ, օրինակ՝ անձին ապօրինի կալանավորելու հետեւանքով անձի առողջությանը ծանր վնաս պատճառելը, վերջինիս ընտանիքի համար ծանր հետեւանքների առաջացումը կամ անձին ապօրինի ազատազրկման դատապարտելու հետեւանքով վերջինիս հոգեկան հիվանդությամբ հիվանդանալը, եւ այդպիսի այլ ծանր հետեւանքների առաջացումը որպես արարքը ծանրացնող հանգամանք չեն որակվի: Մինչդեռ, նշված հետեւանքների առկայությունն ավելի են բարձրացնում արարքի հանրային վտանգավորությունը: Այս առումով կարծում ենք, որ նշված հոդվածներում որպես արարքը ծանրացնող հանգամանք պետք է նախատեսվի նաեւ անզգուշությամբ ծանր հետեւանքների առաջացումը:

7. Նախագծի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներում որպես արարքը ծանրացնող հանգամանք նախատեսվող՝ «հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի» ձեւակերպումն առաջարկում ենք հստակեցնել՝ յուրաքանչյուր հոդվածում սահմանելով, թե այդ հոդվածի իմաստով որն է հանդիսանում «առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում լրացում նախատեսող օրենքի նախագիծ՝ լուծելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3361 -ին հոդվածով նախատեսված հանցագործության քննչական ենթակայության հարցը:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                     Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)