ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-374-27.09.2018-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի եւ Սուրեն Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածում «անձինք եւ օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք» բառերն առաջարկում ենք փոխարինել «անձինք կամ օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-3-րդ մասերը:

4. Նախագծի 2-րդ հոդվածի «՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «համայնքները» բառը փոխարինել «տարածաշրջանները» բառով, քանի որ հնարավոր է, որ խոսքը գնա հողամասի մասին, որը չի գտնվում համայնքում, իսկ «տարածաշրջան» եզրույթն ավելի ընդգրկուն է, որը կիրառվում եւ որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաեւ «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքով:

6. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը եւ 5-րդ մասի 3-րդ կետը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 3.1.-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ.

«Բացառություն են կազմում սահմանամերձ տարածաշրջանները:»:»:

7. Նախագծի 3-րդ հոդվածի «102 հոդվածը լրացնել նոր 10-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «102-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 10-րդ կետով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

8. Նախագծի 4-րդ հոդվածի «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`  Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                        Գ. Տոնոյան (հեռ. 011-513-675)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                         Գ. Տոնոյան (հեռ. 011-513-675)