ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման (գնաճի հաղորդում) (փաստաթղթային կոդ` 314-02.05.2018-ՖՎ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (գնաճի հաղորդում) մշակվել եւ ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 131-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան:

2017 թվականին ՀՀ ԿԲ-ն իրականացրել է խթանող դրամավարկային քաղաքականություն` նպատակաուղղված ներքին պահանջարկի եւ գնաճի վերականգնմանը: 2017 թվականի չորրորդ եռամսյակում արձանագրվել է 4.3% գնաճ, որը հիմնականում պայմանավորվել է սեզոնային տատանողական պարենային ապրանքների բարձր գնաճով, մասնավորապես` «բանջարեղեն եւ կարտոֆիլ», «միրգ» եւ «ձու» ապրանքախմբերի գների համապատասխանաբար 74.8%, 6.5% եւ 19.5% աճերով (նպաստումը գնաճին` շուրջ 4.5 տոկոսային կետ): 12-ամսյա գնաճը դեկտեմբերին կազմել է 2.6%` կանխատեսված 2.5%-ի փոխարեն: 2018 թվականի հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ` հիմնականում պայմանավորված «միրգ», «բանջարեղեն եւ կարտոֆիլ» եւ «վառելիք» ապրանքախմբերի համապատասխանաբար` 10.0%, 34.3% եւ 11.2% աճերով (ընդհանուր նպաստումը գնաճին` 2.54 տոկոսային կետ):

Համաձայն ՀՀ ԿԲ կանխատեսումների, առաջիկա ամիսներին գնաճը փոքր ինչ կավելանա, տատանվելով թույլատրելի միջակայքում, իսկ միջինժամկետ հատվածում կկայունանա 4% նպատակային մակարդակի շուրջ: 12-ամսյա գնաճի նպատակի իրագործմանը հիմնականում նպաստելու են կարճաժամկետ հատվածում մակրոտնտեսական միջավայրում սպասվող դրական զարգացումները` պայմանավորված ԿԲ կողմից իրականացված խթանող դրամավարկային քաղաքականության դեռեւս դրսեւորվող ազդեցությամբ եւ արտաքին ու ՀՀ տնտեսություններում պահանջարկի վերականգնման ակնկալվող համեմատաբար բարձր տեմպերով: 

2017 թվականի 4-րդ եռամսյակում դրամային ավանդների աճը կազմել է 15.5%, իսկ արտարժութային ավանդներինը` 4.3%: Դոլարայնացման մակարդակը` արտաժութային ավանդների եւ ընդհանուր ավանդների հարաբերակցությունը կազմել է 55.2%` նախորդ եռամսյակի համեմատ նվազելով 1.8 տոկոսային կետով: Շարունակվել է նաեւ վարկավորման ծավալների աճը: Տոկոսադրույքների նվազման, վարկավորման պայմանների ու ընթացակարգերի շարունակական դյուրացման պայմաններում եռամսյակի ընթացքում վարկավորման աճը կազմել է 6.7%, ընդ որում` դրամով տրամադրված վարկերն ավելացել են 10.2%-ով, իսկ արտարժութային վարկերը` 5.4%-ով: Տնտեսությանը տրամադրված վարկավորման ընդհանուր ծավալի 12-ամսյա աճը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 16.5%:

2018 թվականին ակնկալվող խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, 2017 թվականին իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականության լագային ազդեցությունը, ինչպես նաեւ արտաքին աշխարհում բարենպաստ զարգացումները կշարունակեն դրական նպաստում ունենալ համախառն պահանջարկի վրա: Այս զարգացումների պայմաններում 2018 թվականին կանխատեսվում է 4.7-5.8% տնտեսական աճ, որը մեծապես պայմանավորված կլինի մասնավոր ծախսումների եւ արտահանման բարձր աճով: Ընդ որում, 2019 թվականի համար տնտեսական աճը կանխատեսվում է 4.5-5.9%, իսկ 2020 թվականին` 4.4-6.0%-ի շրջանակներում: Հարկ է նշել, որ նման սցենարը մեծապես պայմանավորված կլինի ներդրումային ծրագրերի իրականացմամբ, կառուցվածքային բարեփոխումների ընթացքով եւ գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներով:

2018 թվականին ապրանքների եւ ծառայությունների ներմուծման իրական աճը կանխատեսվում է 6-8%-ի միջակայքում, իսկ արտահանման աճը` 9-11%-ի միջակայքում: Արդյունքում, ընթացիկ հաշիվը կգտնվի եւ հետագայում կպահպանվի միջնաժամկետ հավասարակշիռ 3%-ի շրջակայքում:

2018 թվականին ակնկալվում է պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի 0.1 տոկոսային կետ աճ եւ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշի 2.1 տոկոսային կետ նվազում: Ընդ որում, հարկեր/ՀՆԱ ցուցանիշը չի փոխվի եւ կմնա 2017 թվականին արձանագրված մակարդակում: Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կնվազի 2.2 տոկոսային կետով եւ կկազմի 2.6%: 

ԿԲ կանխատեսումների համաձայն, 2018 թվականին կարագանա մասնավոր հատվածի միջին աշխատավարձի աճի տեմպը եւ կկազմի շուրջ 6%: Նշված ցուցանիշը 2019 եւ 2020 թվականների համար կանխատեսվում է համապատասխանաբար 6.4% եւ 7.0%: 2018 թվականին ակնկալվում է գործազրկության 17.0% մակարդակ: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության պետ`                                  Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի պետ`                                                                     Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

18.05.2018թ.