ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-970-25.03.2016-ՖՎ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-9701-25.03.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Այվազյանի եւ Վ. Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները, որոնք ներկայումս մուտքագրում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ,  մուտքագրել ՀՀ պետական բյուջե, ինչը, ըստ Նախագծի հեղինակների, հնարավորություն կտա ավելացնել բյուջետային մուտքերը եւ առավել ռացիոնալ կերպով կառավարել դրանք:

Ըստ էության, առաջարկվող մոտեցումը համահունչ է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված միասնական դրամարկղի սկզբունքին, իսկ բովանդակային առումով ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքներն էլ, ըստ էության, պետական բյուջեի եկամուտների դասական աղբյուրներից են: Սակայն, մյուս կողմից` ՀՀ տարբեր օրենքներով ստեղծված արտաբյուջետային ֆոնդերի հետ կապված եւս առկա են նմանատիպ խնդիրներ, որոնք նպատակահարմար կլինի լուծել միասնական ձեւով` ապահովելով այս բնագավառում միասնական պետական քաղաքականության իրականացումը: Մասնավորապես, մեր կարծիքով, որպես պետական բյուջեի եկամտի աղբյուրներ անհրաժեշտ է ամրագրել նաեւ ներկայումս ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ մուտքագրվող` տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաեւ ցանկալի համարանիշ տրամադրելու շնորհիվ ստացվող միջոցները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արտաբյուջետային ֆոնդ մուտքագրվող` կատարողական գործողությունների կատարման համար գանձվող վճարները (բնականաբար` համապատասխան ծախսերն էլ պետական բյուջեից կատարելու պայմանով) եւ օրենքներով սահմանված եկամտի բոլոր այն աղբյուրները, որոնք անմիջականորեն բխում են պետական կառավարման մարմինների պարտականությունների եւ գործառույթների իրականացումից եւ չեն նախատեսում լրացուցիչ ծառայությունների մատուցում:        

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                                               Ա. ԹԱՄԱԶՅԱՆ  

12.04.2016թ.