ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-937-14.01.2016-ՏՀ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9371-14.01.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցելու եւ ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությանը ՀՀ մշակույթի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ՀՀ գործող օրենքներով ներկայումս մինչեւ 50 տարվա վաղեմության կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի (գորգ, գոբելեն, կարպետ, ասեղնագործություն եւ այլն) եւ 75 տարվա վաղեմության համարանիշային (սերիական) կամ զանգվածային արտադրության (տարբեր սարքեր եւ սարքավորումներ, շքանշաններ, մեդալներ, կրծքանշաններ, հրատարակություններ եւ այլն) մշակութային արժեքները եւ մշակութային նշանակության առարկաները թույլատրվում է արտահանել ազատ` առանց լիազոր մարմնի թույլտվության: Հաշվի առնելով ԵՏՀ կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «2.20. Մաքսային միության մաքսային սահմանով մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի, բնօրինակ արխիվային փաստաթղթերի արտահանման սահմանափակումներիե ցանկի» պահանջը` առանց լիազոր մարմնի թույլտվության արտահանման ենթակա են դառնում այն մշակութային արժեքները եւ մշակութային նշանակության առարկաները, որոնց վրա չի տարածվում նշված ցանկի սահմանափակումները:
Այս կապակցությամբ առաջարկվում է սահմանել, որ մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արտահանաման կամ ժամանակավոր արտահանման վկայագրի փոխարեն այսուհետ տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հստակեցվում է նաեւ լիազոր մարմնի գործառույթը, որով նախատեսվում է հաստատել սահմանափակումների ենթակա արտահանման կամ ժամանակավոր արտահանման մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների ցանկը:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
01.02.2016թ.