Եզրակացություն
Ի լրումն 2015թ. հոկտեմբերի 16-ի գրության` շրջանառության մեջ դրված «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-873-16.10.2015, 22.10.2015-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռ. Մուրադյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է նոր ձեւակերպում տալ «էկոլոգիական մշակույթ» հասկացությանը, որն ըստ Նախագծի հեղինակի` «հայրենական եւ համաշխարհային փորձ» անորոշ հասկացությունը փոխարինում է օրվա գիտական պատկերացումներին համապատասխանող եւ փուլային զարգացման առանձնահատկությունները հաշվի առնող սահմանմամբ:
Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ առաջարկվող սահմանմամբ էլ «էկոլոգիական մշակույթ» հասկացությունը ներկայացվում է որպես «մարդու եւ բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման փուլ,...», ինչը բավականին «խոցելի» մեկնաբանություն է այն առումով, որ «փուլը» ընդամենը որոշակի կամ անորոշ ժամանակային հատված է իրենից ներկայացնում: Ընդհանուր առմամբ, «մշակույթ» հասկացությունը (որը ծագում է լատիներեն «cultura» բառից եւ բառացի նշանակում է դաստիարակում, կրթում, զարգացում եւ այլն) բազմաթիվ իմաստներ եւ մեկնաբանություններ ունի, որոնք գլխավորապես հանգում են այն մտքին, որ մշակույթն իրենից ներկայացնում է մարդկային գործունեության ամենատարբեր արտահայտումները, ներառյալ մարդկային ինքնաարտահայտման եւ ինքնագիտակցության բոլոր ձեւերն ու միջոցները, մարդու եւ սոցիումի կողմից տարբեր ունակությունների եւ գիտելիքների ձեռքբերումն ու պահպանումը, մարդկային սուբյեկտիվության եւ օբյեկտիվության արտահայտումը եւ այլն: Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել հիշյալ հասկացության սահմանման խնդիրը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
29.10.2015թ.