ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-764-20.04.2015-ՏՀ-010/0), «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-7641-20.04.2015-ՏՀ-010/0), «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-7642-20.04.2015-ՏՀ-010/0) եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-7643-20.04.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյա

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի, Վ. Էնֆիաջյանի, Վ. Բաբայանի եւ Ա. Ավետիսյանի կողմից ներկայացված «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է 2016 թվականի հունվարի 1-ից Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը տրամադրել հարկային արտոնություններ` շրջանառության հարկի, եկամտային հարկի եւ շահութահարկի մասով (հարկային դրույքաչափերի նվազեցման միջոցով): Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

ա) Ցանկացած հարկային արտոնություն, ըստ էության, իրենից ներկայացնում է հարկման հավասարության սկզբունքի խախտում եւ, դրանով պայմանավորված, պետք է տրամադրվի միան բացառիկ, խիստ հիմնավորված դեպքերում` արտոնության հասցեականության եւ նպատակայնության ապահովման պայմանով: Փաթեթում առաջարկվող մոտեցումը, համաձայն որի` հարկային արտոնության տրամադրման չափանիշ է հանդիսանում Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորությունը, խիստ վիճահարույց է: Այսինքն, նման չափանիշի կիրառմամբ հնարավոր չէ պարզել հարկային արտոնության կարիք ունեցող սուբյեկտների շրջանակը: Մինչդեռ, հստակ չափորոշիչների սահմանումը պետք է լինի հարկային արտոնության տրամադրման գլխավոր պահանջը: Մասնավորապես, առաջարկվող մոտեցման կիրառման դեպքում, օրինակ, սահմանամերձ տարածաշրջաններում գործունեություն ծավալող մի շարք սուբյեկտներ, որոնք իսկապես ունեն հարկային արտոնությունների կարիք, չեն օգտվի դրանցից, այն դեպքում, երբ նշված հեռավարությունը գերազանցող, սակայն սահմանամերձ չհամարվող բնակավայրերում իրականացվող գործունությունը կստանա հարկային արտոնություն: Բացի այդ, որեւէ հիմնավորում չունի նաեւ Երեւան քաղաքից 119 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում արտադրական գործունեություն իրականացնողին նման արտոնությունների չտրամադրումն այն դեպքում, երբ նրանից ընդամենը 1 կմ հեռավարության վրա գտնվող համայնքներում արտադրական գործունեություն իրականացնողները կստանան հարկային արտոնություն եւ այլն:

բ) Բացի այդ, սահմանամերձ որոշ համայնքների մի շաւք սուբյեկտներ արդեն իսկ օգտվում են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» 20.11.2014թ. ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնություններից, եւ տվյալ Փաթեթի ընդունման դեպքում այդ սուբյեկտները, ըստ էության, կստանան կրկնակի (այսինքն` ավելորդ) արտոնություններ:

գ) Փաթեթում ընդգրկված նախագծերում օգտագործվող «արտադրական գործունեություն» հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ ներկայացված ձեւակերպումը բավականաչափ ընդհանրական է եւ տրված սահմանումը որեւէ կերպ չի բացատրում թե ո՞րն է, ի վերջո, արտադրական գործունեությունը:

դ) Չնայած այն հանգամանքին, որ փաթեթի նպատակը Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնությունների տրամադրումն է, այդուհանդերձ, այնքան էլ հստակ չի երեւում ֆիզիկական անձանց եկամուտների հարկման գծով հարկային արտոնությունների տրամադրման եւ դրանով պայմանավորված արտադրական գործունեության խթանման միջեւ կապը: Կարծում ենք, Փաթեթում ընդգրկված Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված հարկային արտոնությունների տրամադրումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                             Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 

13.05.2015թ.