ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինե (փաստաթղթային կոդ՝ Պ-119-26.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ի. Տոնոյանի եւ Շ. Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության  վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը, ըստ դրա հեղինակների, պայմանավորված է առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող հազարավոր փոքր եւ միջին ձեռնարկությունների համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձեւավորման, աշխատատեղերի պահպանման եւ առողջ մրցակցային հարաբերությունների ձեւավորման անհրաժեշտությամբ: Միաժամանակ, առաջարկվում է տարանջատել մեծածախ ներկրումներն ու մեծածախ առեւտուրը մանրածախ առեւտրից, որը կնպաստի ինչպես հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մրցակցային հարաբերությունների որակի բարելավմանը վերոնշյալ ոլորտում:           

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ. «առեւտրի ցանցերում մանրածախ առեւտուր չեն կարող իրականացնել ներմուծող եւ մեծածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը»: Ըստ Նախագծի 1-ի հոդվածի «առեւտրային ցանց է հանդիսանում ընդ՟հա՟նուր կառավարման ներքո կամ միեւնույն առեւտրային նշանի կամ անհատակա՟նացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների համա՟խումբը, որոնցում իրաց՟ման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:» Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման, առաջարկվող լրացումների նպատակը նաեւ «մրցակցային հարաբերությունների որակի բարելավումն է»: Կարեւորելով նշված խնդրի լուծման անհրաժեշտությունը, հարկ ենք համարում նշել, որ եթե նպատակը ներմուծող կամ մեծածախ առեւտուր իրականացնող սուբյեկտների կողմից մանրածախ առեւտրի ոլորտում ցածր գներ սահմանելու հնարավորությունների բացառումն է, ապա, կարծում ենք, որ այն առավել նպատակահարմար է լուծել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործիքակազմի շրջանակներում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նախագծով նախատեսվող հարաբերությունների կարգավորումն առավելապես գտնվում է տնտեսական մրցակցության պաշտպանության դաշտում: Մասնավորապես, համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպա՟նության մա՟սին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի, տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը, կամ

2) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:

Հաշվի առնելով այն, որ նշված օրենքով արդեն իսկ տրված է առեւտրային ցանցի սահմանումը, կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող սահմանումը դրան համապատասխանեցնելու կարիք ունի:  Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք»: Այս առումով, դրա չհիմնավորված սահմանափակումը, մեր կարծիքով, վիճահարույց է, իսկ դրանով հետապնդվող արդյունքը, կարծում ենք, կարելի է ստանալ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության նպատակով արդեն իսկ ամրագրված գործիքներով:

բ) Համաձայն Նախագծի 6-րդ հոդվածի, օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Կարծում ենք, նման սեղմ ժամկետը հնարավորություն չի տա համապատասխան տնտեսավարող սուբյեկտներին իրենց գործունեությունը հարմարացնելու նոր պահանջներին: Բացի այդ, որոշակի խնդիրներ կարող են առաջանալ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը ներմուծող եւ մեծածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից արդեն իսկ ներմուծված ապրանքների իրացման հնարավոր ժամկետների հետ կապված:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ`                                       Գ. Կիրակոսյան 

08.05.2019թ.