ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-399-18.10.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հեղինակի, պայմանավորված է գարեջուր ներկրողների եւ տեղական արտադրողների միջեւ հավասար մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Ըստ Նախագծի հիմնավորման. «Քանի որ զգալիորեն նվազել են ներմուծված գարեջրի մաքսային արժեքները եւ ակցիզային հարկի արժեքային դրույքաչափը չի գործել, ուստի ներմուծված գարեջրի ակցիզային հարկը սկսած 2015թ-ից վճարվել է նվազագույն՝ 1 լիտրի համար 105 դրամ դրույքաչափով: Իսկ 2015-2017թթ-ի տեղական արտադրության համադրելի գարեջրի 1 լիտրի միջին գինը առանց ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի կազմել է 375-380 եւ ավելի դրամ, որի դիմաց վճարված ակցիզային հարկի միջին դրույքաչափը կազմել է 112-115 դրամ:»: 

Ելնելով սրանից, Նախագծով առաջարկվում է գարեջրի ակցիզային հարկի նկատմամբ սահմանել միայն կայուն դրույքաչափ, որի արդյունքում, ըստ Նախագծի հեղինակի, կստեղծվի հավասար մրցակցային դաշտ, թե ներկրողի եւ թե տեղական արտադրողի համար եւ անուղղակիորեն կպաշտպանվի տեղական արտադրողը: 

Նախագծի կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները:

3.  Առաջարկվող փոփոխությունը, մեր կարծիքով, չի կարող ապահովել Նախագծի նպատակի իրացումը, այն է` հավասար մրցակցային դաշտի ստեղծումը, քանի որ ինչպես գործող, այնպես էլ փոփոխվող դրույքաչափը նույնն է լինում ինչպես ներքին արտադրողի, այնպես էլ ներմուծողի համար: Ուստի, ակցիզային հարկի գծով ներկայացված տարբերությունները հիմնականում պայմանվորված են այլ գործոնների ազդեցությամբ (օրինակ` ներմուծողի մրցունակության մակարդակի բարձրացմամբ, դրամի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկմամբ եւ այլն): Սա նշանակում է, որ ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխության հարց կարող է բարձրանալ միայն «այլ պայմանների հավասարության» դեպքում, այլապես` եթե տվյալ փոփոխությունը կատարվի եւ առաջիկայում, օրինակ, դրամի նկատմամբ ռուսական ռուբլին կտրուկ արժեւորվի, ապա հակառակ խնդիրը կարող է առաջանալ, եւ ռուսական կողմը կարող է հայկական կողմին մեղադրել խտրական պայմաններ սահմանելու մեջ (խնդիրը կայանում է նրանում, որ ի տարբերություն ներքին արտադրողի, ներմուծողների մոտ մշտապես առկա են արժութային ռիսկեր, իսկ ակցիզային հարկն էլ պետական բյուջե վճարվում է հայկական դրամով): 

Հարկ է նաեւ նշել, որ եւ ներմուծողի եւ ներքին արտադրողի համար սահմանված գործող դրույքաչափի կառուցվածքը («30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 105 դրամ») սահմանված է հենց այն տրամաբանությամբ, որ դրույքաչափի տոկոսային մասը երաշխավորում է մրցակցային հավասար միջավայրի ստեղծման պայմանը, իսկ արժեքային մասը` պետական բյուջե ակցիզային նվազագույն հարկի գանձման պայմանը: 



ՀՀ ԱԺաշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ`                            Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

31.10.2018թ.