ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետեւյալը. օ րենքի նախագծի 2 հոդվածի 1-ին պարբերությունում, նույն հոդվածի 2-րդ մասի բոլոր կետերում հղում է կատարվում նույն օրենքի 7 հոդվածին: «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի համաձայն «Բնապահպանական վճարների դրույքաչափերը սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարները` ՀՀ Կառավարության կողմից»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի համաձայն « 4. Միմիայն օրենքով պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված հարցերը, այդ թվում` 1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.»: Ակնհայտ է, որ 7 հոդվածի վերջին մասը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերը նշված պահանջներին, ուստի առաջարկվում է քննարկել նաեւ 7 հոդվածում փոփոխության անհրաժեշտության հարցը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Սարգսյան
Գ. Կիրակոսյան
Գ. Սաֆարյան
Ժ. Աբրահամյան