ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ

ՀՀ Աժ պատգամավոր Ա.Սադոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված ՀՀ Սահմանադրությունում (այսուհետ` Սահմանադրություն) փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Աժ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկու՟թյունները:

1. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող` Սահմանադրության 8-րդ հոդվածի նոր խմբագրության տեքստում`

ա) առաջին մասի «իրագործում» բառն առաջարկում ենք փոխարինել «օգտագործում» բառով,

բ) երկրորդ մասում առաջարկում ենք «ազատ տնտեսական մրցակցությունը» արտահայտությունը փոխարինել «տնտեսական մրցակցության պաշտպանությունը» արտահայտությամբ, որից հետո դնել վերջակետ, իսկ «արգելված են շուկայական մենաշնորհն ու անբարեխիղճ մրցակցությունը» նախադասությունն առաջարկում ենք փոխարինել «Արգելվում են շուկայում մենաշնորհային կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը» նախադասությամբ: Բացի այդ, սույն մասն առաջարկում ենք լրացնել նաեւ հետեւյալ նախադասությամբ` «Մենաշնորհի տեսակները, դրանց գործունեության պայմանները եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով»:

2. Նախագծի 15 հոդվածով առաջարկվել է ավելացնել նոր` 11.3 հոդված, որով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների երկքաղաքացիությունը: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Նախագծում փոփոխություններ նախատեսված չեն սահմանադրության 12-48 հոդվածների առնչությամբ: Դա նշանակում է, որնոր` 11.3 հոդվածով առաջարկվում է նախատեսել ՀՀ քաղաքացիների երկքաղաքացիություն, մինչդեռ սահմանադրության 14 հոդվածով արգելվում է ՀՀ քաղաքացիների երկքաղաքացիությունը:

3. Նախագծի 17-րդ հոդվածով առաջարկվող` Սահմանադրության 55-րդ հոդվածի նոր խմբագրության տեքստում`

ա) 3-րդ կետում, կարծում ենք, պետական քառամյա ծրագիրը չկատարվելու դեպքում պետք խոսքը գնա ոչ թե Ազգային ժողովի լիազորությունների կրճատման, այլ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման մասին, քանի որ այդ ծրագրի անմիջական կատարողը հենց կառավարությունն է լինելու,

բ) անհրաժեշտ է հստակեցնել 9-րդ կետի «Ազգային ժողովի հետ համաձայնելով» արտահայտությունը:

4. Նախագծի 22-րդ հոդվածով առաջարկվող` Սահմանադրության նոր 63.2-րդ հոդվածիերկրորդ մասից, կարծում ենք, անհրաժեշտ է հանել «եւ ծրագրի կատարման անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությունը» բառերը, քանի որ նման խոչընդոտները (ըստ էության` ֆորս-մաժորային գործոնները) հնարավոր չէ կանխատեսել եւ յուրաքանչյուր տարի ամրագրել պետական ծրագրերում:

5. Նախագծում առկա են ընտրական համակարգին առնչվող մի շարք դրույթներ (օրինակ` հոդվածներ 22, 23, 24, 25, 39), որոնցում արտացոլված դրույթների մեծ մասը ճիշտ կլիներ կարգավորել Ընտրական օրենսգրքով` Սահմանադրությամբ ամրագրելով միայն դրանց համար ելակետային հանդիսացող սկզբունքային դրույթները:

6.Նախագծի 40-րդ հոդվածով առաջարկվող` Սահմանադրության 90-րդ հոդվածի նոր խմբագրության տեքստի առաջին մասում «առնվազն քառասունհինգ օր» բառերն առաջարկում ենք փոխարինել «առնվազն յոթանասունհինգ օր» բառերով, քանի որ գործող Սահմանադրությամբ ամրագրված առնվազն վաթսունօրյա ժամկետն արդեն իսկ բավականին քիչ ժամանակ է թողնում պետական բյուջեի ըստ էության ուսումնասիրման եւ քննարկման համար: Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ հեղինակի կողմից առաջարկվում է պետական բյուջեի հետ միասին ներկայացնել եւ քննարկել նաեւ տարեկան ծրագիրը, հետեւաբար գործող ժամկետը ոչ թե պետք կրճատել, այլ ընդհակառակը` հնարավորինս երկարացնել:

7. Նախագծի հոդվածներ 41-47-ով սահմանվում են տեղական ինքնակա՟ռավարման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող դրույթները: Համաձայն նշված հոդվածների, հանրապետությունում տեղական ինքնակառավարումն իրականացվում է շրջաններում եւ համայնքներում: Այս առումով, կարծում ենք, որոշակի հստակեցումների անհրաժեշտություն է առաջանում, մասնավորապես` կապված միջբյուջետային հարաբերությունների հետ: Այսպես, եթե համայնքները եւ շրջանները հանդիսանալու են վարչատարածքային միավորներ եւ տեղական ինքնակառավարման սուբյեկտներ, ապա նախագծի բովանդակությունից պարզ չի դառնում նրանց իրավասությունների եւ պարտականությունների տարանջատման, հետեւաբար` նաեւ բյուջետային իրավասությունների հետ կապված հարցերը: Այսինքն, եթե եւ շրջաններում եւ համայնքերում իրականացվելու է տեղական ինքնակառավարում, ապա ո՞րն է լինելու նրանց կողմից լուծման ենթակա խնդիրների բաշխման սկզբունքը: Ըստ էության, նշված հարցի հստակեցումը խիստ կարեւոր է, քանի որ հենց դա պետք է ընկած լինի միջբյուջետային հարաբերությունների կանոնակարգման հիմքում: Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի վերնագիրն է «Տարածքային կառավարումը եւ տեղական ինքնակառավորումը», մինչդեռ առաջարկվող փոփոխությունների պարագայում, փաստորեն, տարածքային կառավարումը կվերանա, ինչը, ըստ էության, կհակասի նշված գլխի վերնագրին:

8. Նախագծում նախատեսված չեն անցումային դրույթներ: Ենթադրվում է, որ պետք է գործի Սահմանադրության 9 գլուխը: Սակայն գործող Սահմանադրության 9 գլխում շատ դրույթներ սպառել են իրենց, այլեւս կիրառման ենթակա չեն եւ դրանց նկատմամբ վերաբերմունքի բացակայությունը նախագծին հաղորդում է հակասական բնույթ (116 հոդվածի 3), 5), 6), 7), 8) եւ այլ կետեր): Այս նկատառումներից ելնելով`նախագիծը չի կարող դիտվել որպես պատշաճ նախագիծ:

Միաժամանակ Նախագծին չի կցվել տեղեկանք, որտեղ պետք է ներկայացվեր Սահմանադրության փոփոխվող հոդվածները, ինչը բխում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 75 հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

9. Նախագծում առկա են խմբագրական եւ տեխնիկական բնույթի բազմաթիվ թերություններ, որոնց պատճառով նախագծի ամբողջ տեքստը հիմնովին խմբագրման կարիք է զգում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Հայկյանց
Ա. Թամազյան
Ա.Երեմյան
Ս.Յուզբաշյան
Գ. Կիրակոսյան
Ա. Գալստյան
Մ. Մկրտչյան
Գ. Սաֆարյան
Ա. Սարգսյան
Զ. Խաչատրյան