ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:
1. Օրենսդրական տեխնիկայի առումով ճիշտ կլիներ նախագծի 4-րդ գլուխը հանել, իսկ 10 եւ 11 հոդվածների բովանդակությունը ամրագրել նախագծի 1-ին գլխում:
2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունը հակասում է նույն հոդվածի 1-ին մասի բովանդակությանը: Այսպես` 1-ին մասում խոսվում է այն մասին, որ էլեկտրոնային փաստաթուղթը ունի նույն իրավական նշանակությունը ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթերը:
Հայտնի է որ, անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար հիմք է որոշակի գործողությունների կատարման համար: Օրինակ` հանցագործության կատարման մասին դիմումը հիմք է քրեական գործ հարուցելու համար, դատարան ներկայացված հայցադիմումը` հայցը վարույթ ընդունելու եւ որոշակի դատավարական գործողություններ կատարելու համար, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեագրված դիմումը (բողոքը, առաջարկությունը) արծարծված հարցերին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու համար եւ այլն: Ընդ որում, «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ընդունել եւ իրենց լիազորությունների սահմաններում քննարկել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները, պատասխանել դրանց եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
Հետեւաբար, եթե էլեկտրոնային փաստաթուղթը ունի նույն իրավականնշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթերը, իհարկե, եթե նման տեխնիկական հնարավորություն ունեն:
3. Նախագծի 12 հոդվածում խոսվում է հավաստագրման կենտրոնների մասին, իսկ 15 հոդվածում` հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մասին: Ընդ որում, նշվում է, որ հավաստագրման կենտրոնները հավատարմագրվում են կամավորության հիմունքներով: Սակայն, նախագծում որեւէ դրույթ չկա այն մասին, թե ինչով է տարբերվում հավատարմագրված հավաստագրման կենտրոնը չհավատարմագրվածից: Ավելին, նախագծի 16 հոդվածում թվարկված հավատարմագրված հավաստագրման կենտրոնի պարտականությունները հավասարապես պետք է պարտադիր լինեն նաեւ չհավատարմագրված հավաստագրման կենտրոնների համար:
Կարծում ենք, որ կա՛մ հավատարմագրումը պետք է պարտադիր լինի, կա՛մ հավատարմագրված հավաստագրման կենտրոնը իր իրավական վիճակով եւ գործառույթներով պետք է տարբերվի չհավատարմագրված հավաստագրման կենտրոնից:
4. հոդված 13-ի «է» կետում «առաջացած վնասի» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «նվազագույն կամ առավելագույն» բառերը: Հակառակ դեպքում կստացվի, որ կնքված պայանագրով պետք է ամրագրվի ապագայում առաջացող հնարավոր վնասների ճշգրիտ չափը, ինչն ուղղակի անհնար է:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Թամազյան
Ա. Սարգսյան
Ա. Իոսիֆյան