ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ Աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության հարկային եւ բյուջետային հարցերի եւ ֆինանսատնտեսական բաժիններում, որի վերաբերյալ ձեւավորվել են մի շարք նկատառումներ:

Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 905.4 մլրդ դրամի չափով կամ 2008 թվականի համար հաստատված 773.9 մլրդ դրամ եւ 2007 թվականին փաստացի ստացված 636.8 մլրդ դրամ մուտքերի համեմատությամբ համապատասխանաբար 17.0 տոկոսով եւ 42.2 տոկոսով ավելի: Ակնկալվում է, որ 2009 թվականին պետական բյուջեի մուտքեր/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 20.7 տոկոս` 2007 թվականի ծրագրային 21.1 %-ի եւ 2007 թվականի փաստացի 20.2%-ի դիմաց: 2009 թվականի բյուջետային մուտքերի կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերն ու պետական տուրքերը՝ 80.2%, պարտադիր սոցիալական ապահովության վճարները` 14.2%, պաշտոնական դրամաշնորհները՝ 4.0%-ը, իսկ այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային մուտքերի 1.6%-ը:

Համաձայն պետական բյուջեի նախագծի, հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2009 թվականի համար ծրագրվել են 726.0 մլրդ դրամի չափով կամ ընթացիկ տարվա համար հաստատված եւ 2007 թվականի փաստացի մուտքերից համապատասխանաբար 101.2 մլրդ եւ 225.3 մլրդ դրամով ավելի: Ընդ որում, ըստ համապատասխան գնահատականների, հարկային եկամուտների կանխատեսվող աճի աղբյուր կհանդիսանա տնտեսության շարունակվող ակտիվությունը եւ կառավարության կողմից ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Այս կապակցությամբ, կարծում ենք, որ առավել իրատեսական գնահատականների համար անհրաժեշտ էր ներկայացնել նախատեսվող այն քայլերը եւ միջոցառումները (այդ թվում` նաեւ օրենսդրական համապատասխան փոփոխությունները, եթե նման անհրաժեշտություն կա), որոնք պետք է ուղղված լինեին տնտեսության ստվերային հատվածի կրճատմանը եւ հարկային եկամուտների աճի ապահովմանը: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ պետական բյուջեի բացատրագրում հարկային եկամուտների շարքում ներկայացված են նաեւ պարզեցված հարկի գծով «ակնկալվող» մուտքերն այն դեպքում, երբ համաձայն 21.08.2008 թվականին ընդունված «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օպրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքով նման հարկատեսակ հանրապետությունում այլեւս չի գործում:

2009 թվականի պետական բյուջեի նախագծում հարկային եկամուտների եւ պետական տուրքերի կանխատեսվող գումարը կազմում է ընդհանուր բյուջետային մուտքերի մոտ 80 տոկոսը: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով 2009 թվականի մուտքերը ծրագրվել են ՀՆԱ-ի 17.4%-ի չափով` 2008 թվականի ծրագրային 17.0%-ի եւ 2007 թվականի փաստացի 15.9 %-ի դիմաց: Հարկ է նշել, որ հարկային եկամուտների կառուցվածքում շարունակում են մեծ տեսակարար կշիռ կազմել անուղղակի հարկերը: Ինչ վերաբերում է ուղղակի հարկերին, ապա պետք է նշել, որ դրանց ծավալը հարկային եկամուտների կազմում դեռեւս շարունակում է մնալ փոքր: Մասնավորապես, համաձայն 2009 թվականի պետական բյուջեի բացատրագրի, առաջիկա տարում հարկային եկամուտների գերակշիռ մասը կապահովվի ավելացված արժեքի հարկից ստացվելիք մուտքերի հաշվին, ինչը կկազմի մոտ 328.4 մլրդ դրամ` 98.5 մլրդ դրամով գերազանցելով 2007 թվականի փաստացի մուտքերը: Փաստորեն, միայն ավելացված արժեքի հարկից ստացվող մուտքերը կկազմեն ընդհանուր հարկային մուտքերի (ներառյալ պետական տուրքը) 45.2 տոկոսը: Միեւնույն ժամանակ, շարունակում են դեռեւս ցածր մնալ շահութահարկից եւ եկամտահարկից ստացվող բյուջետային մուտքերը, որոնք առաջիկա տարվա համար նախատեսված են համապատասխանաբար 116.4 մլրդ (հարկային մուտքերի 16.1 տոկոսը) եւ 65.9 մլրդ դրամի (հարկային մուտքերի 9.1 տոկոսը) չափով: Կարծում ենք, պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում ուղղակի եւ անուղղակի հարկերի նման հարաբերակցությունը պետք է մտահոգիչ փաստ հանդիսանա կառավարության համար, առավել եւս երբ խնդիրը դիտարկում ենք հանրապետությունում ձեւավորված սոցիալական իրավիճակի համատեքստում:

2009 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 945.4 մլրդ դրամի չափով, որը 2008 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է 123.4 մլրդ դրամով: 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի վերլուծությունը, ակնհայտորեն, խոսում է դրանց սոցիալական ուղղվածության միտումների ուժեղացման մասին: Մասնավորապես, սոցիալական բնագավառիծախսերի տեսակարար կշիռը 2009 թվականի պետական բյուջեի ծախսերում կկազմի 47.2 տոկոս, պաշտպանության, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պահպանության համակարգերի ծախսերը 22.4 տոկոս, տնտեսության ճյուղերի ծախսերը` 13.8 տոկոս, պետական պարտքի սպասարկման ծախսերը 1.7 տոկոս, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին ցուցաբերվող աջակցությունը` 3.0 տոկոս (տես աղյուսակ 1):

Աղյուսակ 1

Պետական բյուջեի ծախսերի կառուցվածքը 2006-2009 թվականներին (տոկոսներով)

2006թ.

2007թ.

2009 թ.

Ընդամենը ծախսեր

100

100

100

Պաշտպանություն, անվտանգություն, հասարակական կարգի պահպանություն եւ դատական գործունեություն

24.8

23.3

22,4

Սոցիալ-մշակութային ոլորտ

36.9

34.9

47,2

Տնտեսության այլ ճյուղեր

18.3

21.8

13,8

Այլ

20.0

20.0

16,6

Ընդ որում, պետք է նշել, որ վերջին երեք տարիների կտրվածքով հստակ կերպով ընդգծվում են բյուջետային ծախսերի սոցիալական ուղղվածության շարունակաբար խորացման միտումները: Այդ մասին է վկայում այն, որ եթե 2006 թվականին սոցիալական ծախսերի բաժինը ընդհանուր ծախերի մեջ կազմել է 36.9 տոկոս, ապա 2009 թվականի արդյունքներով այն կաճի մոտ 10 տոկոսային կետով եւ կկազմի 47.2 տոկոս:

2009 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 1.0 տոկոսի չափով եւ կազմում է 40.0 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին: Մասնավորապես, դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներին բաժին է ընկնում 30.5 մլրդ դրամ կամ դեֆիցիտի ֆինանսավորման 76.2 տոկոսը, իսկ արտաքին աղբյուրներին` 9.5 մլրդ դրամ (23,8 տոկոս): Այս առումով, պետք է նշել, որ բավականաչափ դրական է ներկայանում առաջիկա տարում ինչպես բյուջետային դեֆիցիտի ընդհանուր ծավալի, այնպես էլ դրա կառուցվածքում ֆինանսավորման արտաքին աղբյուրների կրճատումը եւ դրան զուգահեռ ‎‎ ֆինանսավորման ներքին աղբյուրների բաժնի ավելացումը:

Զգալիորեն բարելավվել է նաեւ արտաքին պարտքի ցուցանիշը: Չնայած 2001 թվականի համեմատությամբ վերջինս անվանական արտահայտությամբ աճել է մոտ 2 անգամ, սակայն արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշն էականորեն նվազել է` 2001 թվականին արձանագրված 43.2 տոկոսից 2007 թվականին հասնելով 15.8 տոկոսի: Ընդ որում, նման միտումը կպահպանվի նաեւ առաջիկա տարվա առումով եւ 2009 թվականին արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 13.1 տոկոս (տես աղյուսակ 2):


Աղյուսակ 2

Արտաքին պարտքի դինամիկան 2001-2009 թվականներին

(մլն ԱՄՆ դոլար)

2001թ.

2002թ.

2003թ.

2004թ.

2005թ.

2006թ.

2007թ.

2008 թ.

2009 թ.

Արտաքին պարտք

905.5

1025.5

1097.6

1182.9

1099.2

1205.6

1448.9

1679

1800

Արտաքին պարտք/ՀՆԱ

43.2

43.1

39.1

33.1

22.4

18.9

15.8

14.9

13.1

Վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված մակրոտնտեսական իրավիճակի կայունացումը եւ տնտեսական ցուցանիշների բարելավումը, ակնհայտորեն, իրենց անդրադարձը պետք է ունենային հարկաբյուջետային ցուցանիշների վրա: Մասնավորապես, էականորեն ավելացել են նաեւ պետական բյուջեի եկամուտները` 2000 թվականի 172.1 մլրդ դրամից 2007 թվականին հասնելով 588 մլրդ դրամի: 2009 թվականին նշված ցուցանիշը պլանավորվել է 905.4 մլրդ դրամի չափով: Փաստորեն, վերջին 9 տարիների կտրվածքով պետական բյուջեի եկամուտները կաճեն մոտ 5 անգամ, իսկ միայն վերջին 3 տարիների կտրվածքով պետական բյուջեի եկամուտների տարեկան միջին աճը կկազմի մոտ 27 տոկոս, ինչը միջինամկետ հատվածի համար բավականաչափ բարձր ցուցանիշ է: 2007-2009 թվականների կտրվածքով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի միջին տարեկան աճը կկազմի մոտ 24 տոկոս: Ինչ վերաբերում է պետական բյուջեի ծախսերին, ապա պետք է նշել, որ 2007-2009 տարիների կտրվածքով դրանք կաճենավելի քան 4 անգամ, 2000 թվականի 222.9 մլրդ դրամից 2009 թվականին հասնելով 945.4 մլրդ դրամի` տարեկան միջին հաշվով աճելով մոտ 25 տոկոսով (տես աղյուսակ 3):

Աղյուսակ 3.

Հարկաբյուջետային ցուցանիշների դինամիկան 2000-2009 թվականներին

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

ծրագիր

2009

նախագիծ

Պետական բյուջեի եկամուտներ եւ պաշտոնական տրանսֆերտներ

(մլրդ դրամ)

172.1

193.6

228.3

292.0

302.2

374.7

441.5

588.0

746.0

905.4

Աճը նախորդ տարվա համեմատությամբ %-ով

-

12.5

17.9

27.9

3.5

24.0

17.8

33.2

26.8

21.4

Հարկային եկամուտներ եւ տուրքեր

(մլրդ դրամ)

152.6

168.8

198.6

227.4

267.0

321.5

385.1

505.5

597.1

726.0

Աճը նախորդ տարվա համեմատությամբ %-ով

-

10.6

17.6

14.5

17.4

20.4

19.8

31.3

18.1

21.6

Պետական բյուջեի ծախսեր

(մլրդ դրամ)

222.9

244.4

263.9

312.7

333.9

417.2

481.2

634.7

822.1

945.4

Աճը նախորդ տարվա համեմատությամբ %-ով

-

9.6

7.9

18.5

6.8

24.9

15.3

31.9

29.5

15.0

Պետական բյուջեի դեֆիցիտ

(մլրդ դրամ)

50.8

50.8

35.6

20.7

31.7

42.5

39.7

46.7

76.0

40.0

Աճը կամ նվազումը նախորդ տարվա համեմատությամբ %-ով

-

0.0

-29.9

-41.8

53.1

34.1

-6.6

17.6

62.7

-47.4

Միաժամանակ, զգալի դրական առաջընթաց է արձանագրվել նաեւ բյուջետային դեֆիցիտի ծավալների կրճատման առումով: Մասնավորապես, տվյալ ցուցանիշի 2009 թվականին ծրագրված մեծությունն ամենափոքրն է վերջին 3 տարիների կտրվածքով:

Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի կառուցվածքն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք իրենց համապատասխան անդրադարձն են ունենում հարկաբյուջետային որոշ ցուցանիշների եւ, մասնավորապես, հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության վրա: Չնայած այն հանգամանքին, որ համաձայն բյուջետային ուղերձի, վերջին տարիներին էական փոփոխություններ են տեղի ունեցել ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքում, այդուհանդերձ, 2007 թվականի տվյալներով շինարարության եւ գյուղատնտեսության բաժինը միասին կազմել են մոտ 42.7 տոկոս արդյունաբերության 15.1 տոկոսի դիմաց: Ընդ որում, 2008 թվականի հունվար-հուլիս ամիսներին արձանագրված 10.6 տոկոս տնտեսական աճի ապահովման գործում արդյունաբերությունն ապահովել է աճի 0.4 տոկոսային կետը: Փաստորեն, ՀՆԱ-ի կառուցվածքում զգալի բաժին ունի գյուղատնտեսության ոլորտը, որը հարկազատված ճյուղ է հանդիսանում: Զգալի բաժին ունեն նաեւ այն ոլորտները, որոնցում մեծ է ստվերային շրջանառության ծավալները: Ակնհայտորեն, այդ ամենը, մի կողմից, մեծացնում է ՀՆԱ-ի անվանական ծավալը, իսկ մյուս կողմից` նվազեցնում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը: Այլ կերպ ասած, հանրապետությունում հարկային բեռի բաշխումը խիստ անհավասարաչափ է եւ, եթե բացառենք նշված ոլորտների բաժինը համախատռն ներքին արդյունքի մեջ, ապա պարզ կդառնա, որ տնտեսության մյուս ճյուրի վրա հարկային ճնշումն ավելի մեծ է, քան ցույց են տալիս հանրապետությունում վերջին տարիներին արձանագրվող հարկեր/ՀՆԱ հարաբերակցության պաշտոնական ցուցանիշները: Հետեւաբար, խնդիրը ոչ այնքան հարկային ցածր բեռի, այլ դրա անհավասարաչափ բաշխման մեջ է, ինչի արդյունքում խախտվում է նաեւ հարկային բեռի արդարացի եւ հավասարաչափ բաշխման սկզբունքը: Այս առումով, հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից պետք է որոշակի քայլեր իրականացվեն համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքի բարելավման եւ դրանով իսկ` հարկային բեռի հավասարաչափ բաշխման ուղղությամբ:

2000-2007 թվականների ընթացքում բոլոր հարկատեսակների գծով տեղի է ունեցել բացարձակ արտահայտությամբ աճ: Մասնավորապես, ամենամեծ աճը գրանցվել է ավելացված արժեքի հարկի գծով, որը 2000 թվականի 66.8 մլրդ դրամից 2007 թվականին հասել է 248.0 մլրդ դրամի, իսկ 2009 թվականին պլանավորվում է 328.4 մլրդ դրամի չափով: Զգալիորեն` մոտ 6 անգամ կավենան նաեւ շահութահարկի գծով բյուջետային մուտքերը եւ 2000 թվականի 20.4 մլրդ դրամի դիմաց 2009 թվականին կկազմեն 116.4 մլրդ դրամ (տես աղյուսակ 4):

Աղյուսակ 4

Հարկային եկամուտներ ծավալը ՀՀ-ում (մլրդ դրամ)

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

Հարկային եկամուտներ եւ պետական տուրք

152.6

168.8

198.6

227.4

267.0

321.5

385.1

505.5

597.1

726.0

Ավելացված արժեքի հարկ

66.8

79.5

95.0

107.8

117.9

146.8

165.9

248.0

328.4

Ակցիզային հարկ

26.1

31.0

35.3

39.1

40.7

38.6

39.9

41.5

59.9

Շահութահարկ

20.4

16.3

17.4

17.6

32.0

46.6

65.3

75.5

116.4

Եկամտահարկ

13.4

11.2

12.5

16.8

20.4

26.6

35.5

46.8

65.9

Հաստատագրված վճար

4.0

4.4

6.4

8.0

11.7

13.0

15.1

17.9

21.5

Վերջին տարիներին հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է եղել տնտեսական աճի, հարկային եւ մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման, ստվերային շրջանառությունների հարկման հաշվին: Չնայած իրականացված որոշակի քայլերին, այդուհանդերձ, էական առաջընթաց չի նկատվում հարկային եկամուտների կառուցվածքի բարելավման ուղղությամբ, ինչի մասին է վկայում այն, որ ուղղակի հարկերի (շահութահարկ եւ եկամտահարկ) տեսակարար կշիռը 2000 թվականի համեմատությամբ 2007 թվականին կազմել է 24.1 տոկոս` 2000 թվականի 22.1-ի համեմատությամբ, իսկ 2009 թվականին կանխատեսվում է, որ այն կկազմի 25.2 տոկոս: Միաժամանակ, անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ եւ ակցիզային հարկ) տեսակարար կշիռը նվազել է` 2000 թվականին արձանագրված 60.8%-ի դիմաց 2007 թվականին կազմելով 57.3%, իսկ համաձայն 2009 թվականի կանխատեսումների տվյալ ցուցանիշը կկազմի 53,5 տոկոս (տես աղյուսակ 5):

Աղյուսակ 5.

Հարկային եկամուտների կառուցվածքը ՀՀ-ում (տոկոսով)

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2009 նախագիծ

Հարկային եկամուտներ եւ պետական տուրք

100

100

100

100

100

100

100

100

Ավելացված արժեքի հարկ

43.7

47.1

47.8

47.4

44.1

45.6

43.2

49.1

45.2

Ակցիզային հարկ

17.1

18.4

17.8

17.2

15.2

12

10.4

8.2

8.3

Շահութահարկ

13.4

9.6

8.7

7.7

12.0

14.5

17.0

14.9

16.1

Եկամտահարկ

8.7

6.6

6.3

7.4

8.9

8.3

9.2

9.2

9.1

Հաստատագրված վճար

2.6

2.6

3.2

3.5

4.4

4.0

3.9

3.5

7.1

Հարկային եկամուտների կառուցվածքում գերակշիռ տեղ է զբաղեցնում ավելացված արժեքի հարկը, որը 2006 եւ 2007 թվականներին համապատասխանաբար կազմել է 43.2% եւ 49.1%: Մեծությամբ հաջորդը շահութահարկն է, որի տեսակարար կշռը հարկային եկամուտների կառուցվածքում 2007 թվականին կազմել է 14.9%: 2009 թվականի կանխատեսումներով տվյալ ցուցանիշները համապատասխանաբար կկազմեն 45.2 եւ 16.1 տոկոս:

Առաջիկա տարվա համար պլանավորված հարկաբյուջետային սցենարը, ակնհայտորեն, իր վրա կրելու է որոշակի ռիսկեր: Ի դեպ, այդ մասին նշվում է նաեւ կառավարության բյուջետային ուղերձում` որպես ռիսկեր դիտարկելով ներքին ռեսուրսների եւ արտաքին օժանդակության գծով հնարավոր ոչ ցանկալի դրսեւորումները: Մեր կարծիքով, բացի նշվածներից, առաջիկա տարում հանրապետության ընդհանուր տնտեսական զարգացումների, հետեւաբար նաեւ հարկաբյուջետային ցուցանիշների վրա իր համապատասխան անդրադարձը կարող է ունենալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Այս առումով, կարծում ենք, որ բյուջետային ուղերձում ոչ միայն պետք է դիտարկվեր դրա ազդեցության հնարավոր ձեւերը հանրապետության տնտեսության եւ հարկաբյուջետային ցուցանիշների վրա, այլ նաեւ մշակվեր դրա բացասական ազդեցության կանխման կոնկրետ սցենարներ:

Որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս արտաքին առեւտրի վատթարացման վերջին տարիներին արձանագրվող միտումները: Համաձայն 2009 թվականի կանխատեսումների, ներմուծում/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 40.5 տոկոս, ընթացիկ տարվա համեմատությամբ աճելով 8.3 տոկոսային կետով, իսկ արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը` 15.8 տոկոս,ընթացիկ տարվա համեմատությամբ նվազելով 3.3 տոկոսային կետով: Կարծում ենք, նման իրավիճակը պահանջում է որոշակի քայլերի իրականացում արտաքին տնտեսական քաղաքականության շեշտադրումների փոփոխության, ինչպես նաեւ արտաքին տնտեսական հաշվեկշռի բարելավման նպատակով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ.Կիրակոսյան
Ա.Գալստյան