Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում
փոփոխություններ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-328-17.09.2008-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննեսյանի, Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ կան հետեւյալ առաջարկությունները եւ դիտողությունները.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն՟ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածն ամրագրում է օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը:

Այդ հոդվածի պահանջներին համապատասխան, պետության պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք հավասար հնարավորություն կտան անձանց իրացնելու կամ խախտման դեպքում պաշտպանելու իրենց իրավունքները, այդ թվում` հանրային ծառայությունում ներգրավված անձանց մասով: Հակառակ պարագայում` կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլեւ իրավունքի գերակայության սկզբունքները:

Այդ առումով, առաջարկում ենք գործատուի նախաձեռնությամբ` աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման խնդիրը քննարկել նաեւ քաղաքացիական, պետական հատուկ ծառայության, քաղաքացիական հատուկ ծառայության եւ հանրային ծառայության այլ ոլորտները կարգավորող օրենսդրությամբ նախատեսված նույնաբովանդակ հարցերի շրջանակներում:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունն առաջարկում ենք վերաշարադրել եւ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի36-րդ հոդվածի 2-րդ մասին:

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծով առաջարկվող փոփոխությունն եւս առաջարկում ենք քննարկել քաղաքացիական, պետական հատուկ ծառայության, քաղաքացիական հատուկ ծառայության եւ հանրային ծառայության այլ ոլորտները կարգավորող օրենսդրությամբ նախատեսված նույնաբովանդակ հարցադրումների շրջանակներում, քանի որ ներկայացված առաջարկությամբ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձանց վերաբերյալ սահմանափակումների հանումը չպետք է բացառություն կազմի միայն խնդրո առարկա ոլորտի համար:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի սոցիալական ապահովության իրավունք եւ սոցիալական ապահովության ծավալն ու ձեւերը սահմանվում են օրենքով: Հիշատակված հոդվածի բովանդակությունից բխում է, որ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակի նշանակման պայմանները բավարարելու դեպքում անձը ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք, իսկ պետությունը պարտավոր է ապահովելու այդ իրավունքի իրացումը:

Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող աշխատող կենսաթոշակառուին կենսաթոշակը վճարել կենսաթոշակի եւ աշխատավարձի դրական տարբերության չափով, ինչը մեր կարծիքով դիտվում է սոցիալական ապահովության իրավունքի սահմանափակում:

Հիշյալի կապակցությամբ, առաջարկում ենք ներկայացված փոփոխությունը քննարկել ՀՀ Սահմանադրության 14.1-րդ, 32-րդ, 37-րդ, 42-րդ եւ 44-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից:

Միաժամանակ Նախագծի փաթեթում ներկայացված օրենքի նախագծերը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 46-րդ հոդվածի 2-րդ մասին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա.Դանիելյան