Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-304-17.07.2008-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 3-րդ հոդվածը վերնագրված է «Հոդված 3. Սույն օրենքի հիմնական հասկացությունները», սակայն հոդվածում մատնանշված են օրենքում օգտագործվող հասկացությունները: Առաջարկում ենք համադրել եւ վերացնել հոդվածի տեքստի եւ դրա վերնագրի միջեւ առկա անհամապատասխանությունը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով տրվում է «այլ զորքերի» հասկացության հետեւյալ սահմանումը. «6) այլ զորքեր՝ ոuտիկանության զորքեր, uահմանապահ զորքեր եւ ազգային անվտանգության հատուկ uտորաբաժանումներ»: Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է. «6. Սույն հոդվածում նշված զինված ուժերից եւ այլ զորքերից բացի Հայաuտանի Հանրապետությունում զինվորական այլ կազմավորումների uտեղծումն արգելվում է»: Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է. «3) համակարգում է այլ զորքերի եւ ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների օպերատիվ ու զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը»: Մինչդեռ Նախագծի նույն 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «4.  Պաշտպանությանը ներգրավվում են այլ զորքերը, ինչպես նաեւ կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ ստորաբաժանումները՝ պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո անցնելու միջոցով»: Առաջարկում ենք վերոնշյալ իրավանորմերը համապատասխանեցնել իրար: Այստեղ առկա է հակասություն նաեւ «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքների իրավական կարգավորումների հետ, որոնցով նախատեսված են քաղաքացիական պաշտպանության ուժեր, որոնք դուրս են մնացել սույն օրենքի կարգավորման ոլորտից:

4. Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածների վերնագրերի սկզբում առաջարկում ենք ավելացնել «Պաշտպանության բնագավառում» բառերը, քանի որ Հանրապետության Նախագահին եւ ՀՀ կառավարությանը սույն օրենքով վերապահված լիազորությունները վերաբերվում են պաշտպանության բնագավառին:

5. ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 2-րդ մասի իրավանորմի հիմքով` արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել եւ վարել Հանրապետության Նախագահը: Այս իրավակարգավորումից ելնելով` առաջարկում ենք նախատեսել դրույթ, համաձայն որի` Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա, բ, գ, դ ենթակետերով սահմանված հարցերի քննարկման եւ ընդունման առնչությամբ ՀՀ կառավարության նիստը հրավիրում եւ վարում է Հանրապետության Նախագահը:

6. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ներգրավվում է» բառն անհրաժեշտ է փոխարինել «կարգավորում է», «ղեկավարում է» կամ այլ համարժեք բառով, քանի որ նշված չէ, թե ում կողմից կարող է կառավարությունը ներգրավվել նշված աշխատանքներին:

7. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը կառավարությանը լիազորություն է վերապահում կարգավորել ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հետ կապված հարցեր: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի, ինչպես նաեւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դ/ կետի համաձայն նման իրավունք ունի ՀՀ նախագահը, որն արդեն իսկ սահմանված է Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

8. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը կարգավորում է պաշտպանության կարիքների համար կազմակերպությունների` սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական եւ անշաժ գույքը, այդ թվում` տրանսպորտային միջոցները, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով տրամադրելու հարցը` առանց համարժեք փոխհատուցում նախատեսելու: Նույն հարցը քաղաքացիների մասով կարգավորում է Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, սակայն քաղաքացիների դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցում:Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածով սահմանված է. «Հոդված 42.1. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ»: Իսկ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է «2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն oգտագործվել են ռազմական դրության հետեւանքների վերացման նպատակով, իրավունք ունեն uտանալ համարժեք փոխհատուցում` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով»: Ուստի, առաջարկում ենք փոխհատուցման իրավունքն ամրագրել նաեւ կազմակերպություններին վերաբերող Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում:

9. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերջում «նախարարության» բառն առաջարկում ենք փոխարինել «նախարարի» բառով:

10. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի վերջում անհրաժեշտ է ավելացնել «եւ այլ օրենքներով», քանի որ քաղաքացիներն ունեն նաեւ այլ օրենքներով իրենց վերապահված իրավունքներ եւ պարտականություններ, ինչպես օրինակ` «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Քաղաքացիա՟կան պաշտպանության մասին» եւ ՀՀ այլ օրենքներով:

11. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված է, որ «ՀՀ պաշտպանության նախարարությունը … 15) հաստատմանն է ներկայացնում …»: Իրավական անորոշությունը վերացնելու նպատակով առաջարկում ենք նշել այն մարմինը, որի հաստատմանն է ներկայացում կատարում ՀՀ պաշտպանության նախարարությունը:

12. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի կարգավիճակը, որը բավականին անորոշ է: Գործող օրենքի 10-րդ հոդվածից հետեւում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը Զինված ուժերի օպերատիվ կառավարման պետական մարմին է:

Ուստի, առաջարկում ենք քննարկել Նախագծում Զինված ուժերի գլխավոր շտաբի կարգավիճակը որպես Զինված ուժերի օպերատիվ կառավարման պետական մարմին նախատեսելու հարցը:

13. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «նախարարություն» բառն առաջարկում ենք փոխարինել «նախարարին» բառով:

14. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «ղեկավարում է» բառն անհրաժեշտ է փոխարինել «կարգավորում է», «համակարգում է» կամ այլ համարժեք բառով, քանի որ դրույթում նշված կազմակերպություններն արդեն իսկ ունեն իրենց ղեկավարները, ովքեր իրականացնում են տվյալ կազմակերպություն՟ներում գիտական, գյուտարարական եւ նորարական աշխատանքների ղեկավարումը:

15. Նկատի ունենալով, որ կուսակցությունները եւ արհեստակցական միությունները նույնպես միավորումներ են, առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի վերնագիրը եւ հոդվածի տեքստի սկիզբը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Զինված ուժերում եւ այլ զորքերում կուսակցությունների, արհեստակցական միությունների եւ այլ միավորումների …»:

16. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի «օրը» բառն առաջարկում ենք փոխարինել «օրվանից» բառով, քանի որ օրենքն ուժի մեջ է մտնում որոշակի օրվանից սկսած եւ ոչ թե` որոշակի օրը:

Նշենք նաեւ, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծն, ընդհանուր առմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի հետ պարտադիր համապատասխանեցման կարիք ունի:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Մ.Հակոբյան