ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ -094-28.08.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի , Արտաշես Ավոյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին :

2. Նախագծի վերնագիրը չի համապատասխանում Նախագծի բովանդակությանը, քանի որ, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետությա ն քրեական օրենսգրքի 318 հոդվածը: Այսինքն, ըստ էության պետք է կատարել ընդհամենը մեկ փոփոխություն, ուստի առաջարկում ենք նախագծի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ` «Հ ԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությա ն օրենքի 39 հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` « Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետությա ն 2003թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրք ի 318 հոդվածը:»:

4. Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 318-րդ հոդվածը, ինչը հեղինակները հիմնավորել են այն հանգամանքով, որ նշված հոդվածով իշխանության ներկայացուցիչները վեր են դասվում շարքային քաղաքացիներից, այսինքն` խախտվում է օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը:

Նախագծի հեղինակների կարծիքին համամիտ չենք հետեւյալ պատճառաբանությամբ.

Քրեական իրավունքի տեսության մեջ առկա է այն դիրքորոշումը, համաձայն որի հանցագործության օբյեկտ են հանդիսանում որոշակի հասարակական հարաբերությունները, վերջիններս ծագում կամ գործում են որոշակի սոցիալական արժեքների առնչությամբ: Քրեաիրավական նորմերը կարգավորում եւ պաշտպանում են այն հասարակական հարաբերությունները, որոնք նպաստավոր են հասարակության, պետության կենսագործունեության եւ զարգացման համար, բխում են դրանց շահերից, արտահայտում են հասարակական պահանջմունքները:

Քրեական օրենսգիրքը հանցագործության օբյեկտի հասկացության բնորոշում չի սահմանում, թեեւ «Հատուկ մասի» մի շարք հոդվածների բովանդակությունից կարելի է եզրակացնել հանցագործության ընդհանուր օբյեկտի մասին:

Չնայած մյուս կողմից էլ հանցագործության ընդհանուր օբյեկտի հասկացությունը (բնորոշումը)սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածով, հիշյալ հոդվածը պարունակում է միայն քրեական օրենքի պաշտպանության տակ առնված առավել կարեւոր հասարակական հարաբերությունների օրինակելի ցանկը:

Հանցագործությունները որակելիս (գնահատական տալիս) կարեւոր դեր ունի հանցագործության (ոտնձգության) օբյեկտը:

Այսպիսով, ծանոթանալով հանցագործության ընդհանուր օբյեկտի հետ, ժամանակն է խոսել նաեւ հիմնական եւ լրացուցիչ օբյեկտների մասին:

Շատ հանցավոր արարքներ վնաս են պատճառում հարակից հասարակական հարաբերությունների ոլորտում, դրանից էլ ծնվում է ոտնձգության հիմնական եւ լրացուցիչ օբյեկտներ տարբերակելու անհրաժեշտությունը:

Այսինքն, իրականության մեջ առկա են հանցագործություններ, որոնք կարող են մեկ արարքով ոտնձգել մի քանի օբյեկտներ (օրինակ` ավազակություն, բռնաբարության հետ զուգորդված սպանություն, կողոպուտ եւ այլն): Տվյալ դեպքում հանցագործությունը որակվում է ոչ միայն անմիջական, այլ նաեւ լրացուցիչ օբյեկտի նկատմամբ կատարված ոտնձգությունը հաշվի առնելով:

Օրինակ` իշխանության ներկայացուցչի կյանքի, առողջության նկատմամբ ոտնձգությունը, կապված նրա գործունեության հետ, քրեորեն հետապնդելի արարք է, որի հիմնական օբյեկտ դիտվում է սահմանադրական կարգը եւ պետության անվտանգությունը, իսկ լրացուցիչ օբյեկտ նշված անձի կյանքը եւ առողջությունը, չնայած վերջինս իր կարեւորությամբ ավեի պաշտպանության կարիք ունի:

Հիմնական օբյեկտը պետք է որոշիչ լինի արարքը որակելու եւ քրեական նորմով կոնկրետ գնահատական տալու համար: Լրացուցիչ օբյեկտի բնութագրական առանձնահատկությունն այն է, որ այն շատ դեպքերում ինքնուրույն է եւ միշտ պահանջում է քրեաիրավական պաշտպանություն:

Հանցագործությունը որակելիս պետք է հաշվի առնել նաեւ անձի մեղքի բովանդակությունը, այսինքն` անձի բացասական վերաբերմունքը (կամ ուղղակի վերաբերմունքը) հանցագործության հիմնական եւ լրացուցիչ օբյեկտների նկատմամբ: Եթե հանցագործությամբ կարող է վնաս պատճառվել տարբեր հասարակական շահերի, (օբյեկտների), ապա անձի (հանցագործի) բացասական վերաբեմունքը որպես կանոն դրսեւորվում է միայն որեւէ մեկի նկատմամբ, որով էլ քրեական օրենքը տարբերակում է հանցագործությունները (օրինակ` ավազակային հարձակումը եւ շահադիտական դրդումներով կատարված սպանությունը, երկու դեպքում էլ հանցագործը շահ է հետապնդում):

ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հիմնական օբյեկտ է համարվում կառավարման կարգը, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ անձի պատիվն ու արժանապատվությունն է, եւ տվյալ պարագայում Նախագծով ներկայացվող առաջարկությունը, մեր կարծիքով, հիմնավոր չէ:

5. Միաժամանակ հարկ է նշել, որ իշխանության ներկայացուցչին վիրավորելու վերաբերյալ պատասխանատվություն է սահմանվածնաեւ բազմաթիվ պետությունների, մասնավորապես` Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության,Ղազախստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի, Հոլանդիայի, Ռումինիայի եւ մի շարք այլ պետությունների քրեական օրենսգրքերում, ընդ որում դրանցում պատասխանատվություն նախատեսված է միայն ծառայողական պարտականությունները կատարելիս իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար:

Այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող ներ `

Հ. Իսրաելյան (եզրակացության 4-րդ կետ)

Ս. Յուզբաշյան

Ս. Համբարձումյան

Ա. Աղաբաբյան