ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
(Փաստաթղթային կոդ` Կ-079-15.08.2007-ՏՀ-010/0)

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Օրենքների նախագծերի սույն փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

I. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի «ա» կետով առաջարկվող լրացման մեջ «մատուցման ուղիով» բառերն առաջարկում ենք փոխարինել «մատուցմամբ» բառով:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ «կազմակերպության հիմնադրման» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «մասին» բառը:

3. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունն առնվազն երկու տեսանկյուններից հստակեցման կարիք է զգում: Մասնավորապես, դրանով պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշման ընդունումը հստակորեն եւ միանշանակ պայմանավորվում է յուրաքանչյուր տարի պետությանը մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) եւ ապրանքների գնման նպատակով պետական բյուջեով պետական կազմակերպության համար ուղղակիորեն նախատեսվող միջոցների տարեկան ծավալով, ինչը, կարծում ենք, սկզբունքորեն ճիշտ չէ, քանի որ`

ա) կազմակերպության հիմնադրման եւ դրա համար պետական բյուջեով միջոցների նախատեսման պահերը կարող են չհամընկնել, այն դեպքում, երբ մինչեւ այդ կազմակերպությունը չհիմնադրվի եւ իրավաբանորեն գոյություն չունենա, որեւէ իրավական հիմք չի լինի պետական բյուջեում դեռեւս գոյություն չունեցող կազմակերպության համար բյուջետային միջոցներ նախատեսելու համար,

բ) այս առումով շատ ավելի գերակա կամ որոշիչ պետք է դիտարկվի պետական կազմակերպություն հիմնադրելու ՀՀ կառավարության իրավասությունը (ինչը գործող օրենքով արդեն ամրագրված է), քան թե «հիմնադրվող» կազմակերպության համար նախատեսվող բյուջետային հատկացումների չափը: Հակառակ դեպքում, տվյալ նախագծով պետք է կարգավորվի նաեւ այն հարցը, ըստ որի` հիմնադրվելուց հետո (օրինակ` դրա գործունեության 2-րդ կամ 3-րդ տարում) պետական բյուջեից կազմակերպության համար բյուջետային ֆինանսավորման ծավալը դրա ընդհանուր ծախսերի 50 տոկոսից քիչ նախատեսվելու կամ էլ նախորդ տարվա արդյունքներով բյուջետային ֆինանսավորման փաստացի ծավալը կազմակերպության ընդհանուր ծախսերի 50 տոկոսից քիչ լինելու դեպքերում տվյալ կազմակերպությունը լուծարվելու՞ է, թե՞ ոչ: Ըստ այս նախագծի տրամաբանության պետք է ենթադրել, որ նման կազմակերպությունը պետք է լուծարվի, քանի որ դրա հիմնադրման համար հստակ եւ սպառիչ պայման է դրված, այնինչ` այդ պայմանը խախտվելու դեպքում առաջացող հարաբերությունները սույն նախագծով կարգավորված չեն եւ սահմանված չեն համապատասխան իրավական հետեւանքներ: Նշենք, որ վերջին մոտեցումը հակասում է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, ըստ որի. «Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց … չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն:»:

4. Սույն եզրակացության 3-րդ կետում նշված հիմնահարցերն առկա են նաեւ նախագծի 6-րդ հոդված 4-րդ պարբերության մեջ` կապված հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունը պետական կազմակերպության վերակազմակերպելու հետ:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ պարբերություններում օգտագործված « …ուղղակիորեն նախատեսվող միջոցների տարեկան ծավալը գերազանցում է տվյալ տարվա ընթացքում ծրագրված ընդհանուր մուտքերի 50 տոկոսը» նախադասությունից ստացվում է, որ խոսքը գնում է տվյալ տարվա պետական բյուջեի ընդհանուր մուտքերի մասին, այնինչ` ակնհայտ է, որ նախագծի հեղինակները նկատի են ունեցել պետական կազմակերպության ֆինանսավորման ընդհանուր ծավալը: Այս կապակցությամբ առաջարկում ենք համապատասխանաբար` 2-րդ մասի «տվյալ տարվա ընթացքում» բառերից հետո ավելացնել «այդ կազմակերպության համար» բառերը, իսկ 4-րդ մասի «գերազանցում է» բառից հետո ավելացնել «այդ ընկերության» բառերը:

6. Հաշվի առնելով սույն եզրակացության 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերում ներկայացված նկատառումները, առաջարկում ենք որդեգրել հակառակ մոտեցումը, այսինքն` տվյալ նախագծով պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշման ընդունումը ոչ թե պայմանավորել դրա համար բյուջետային հատկացումների չափով, այլ ՀՀ կառավարությանը (հիմնադրին) օժտել հիմնադրված պետական կազմակերպությունը լուծարելու կամ վերակազմակերպելու լիազորությամբ` կապված բյուջետային ֆինանսավորման չափից: Այս կապակցությամբ առաջարկում ենք նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Պետական կազմակերպությունը հիմնադրի որոշմամբ կարող է լուծարվել կամ վերակազմակերպվել, եթե լուծարմանը (վերակազմակերպմանը) նախորդող երեք տարվա ընթացքում պետական կազմակերպության կողմից յուրաքանչյուր տարի պետությանը մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) եւ ապրանքների գնման նպատակով պետական բյուջեով պետական կազմակերպությանն ուղղակիորեն տրամադրված միջոցների տարեկան ծավալը չի գերազանցել տվյալ տարվա ընթացքում այդ կազմակերպության համար նախատեսված ընդհանուր մուտքերի 50 տոկոսը:»:

7. Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը, մեր կարծիքով, հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում. «իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները.»:

II. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Վ. Մանուկյան