ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-003-20.06.2007-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I . Ընդհանուր դիտարկումներ

1. Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգը ընդհանրապես հանել, եւ ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով: Նկատի ունենալով նշվածը, կարծում ենք` Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու համար թերեւս կպահանջվի պատգամավորության թեկանածուի կողմից որեւէ կուսակցության անդամակցություն, ինչը ենթադրում է մարդու` ընտրվելու իրավունքի որոշակի սահմանափակման խնդրի առկայություն: Այս իմաստով առաջարկում ենքդիտարկել Նախագծով առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ եւ 30-րդ հոդվածների համատեքստում քննարկելու հարցը:

2. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կից ներկայացված է տեղեկանք, ըստ որի ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առընչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում»: Մինչդեռ այդ առնչությամբ պետք է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետը Նախագծին համապատասխան փոփոխել, իսկ բ/ կետի գործողությունը դադարեցնել: Նման մոտեցում է պահանջում նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածը:

II . Բովանդակության վերաբերյալ ըստ հոդվածների

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքից հանել 31 -րդ գլուխը, որը սահմանում է ընտրատարածքների կազմավորման կարգը: Չնայած ՀՀ ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է ընտրական տեղամասերի կազմավորման մասին, այդուհանդերձ այն կրում է շատ մակերեսային բնույթ եւ որեւիցէ կոնկրետ սահմանում կամ ձեւակերպում կամ կարգավորում չի նշվում: Այդ դրույթով, մասնավորապես, սահմանված է, որ « Քվեարկությունը կազմակերպելու եւ քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով կազմավորվում են ընտրական տեղամաuեր` հերթական համարակալմամբ» Մեր կարծիքով անհրաժեշտ է Նախագծով հստակ սահմանելընտրատարածքների եւ ընտրատեղամասերի կազմավորման կարգը:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի «ՀՀ ընտրական օրենսգրքի գլուխ 31 - հանել» ձեւակերպումը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին, ըստ որի. «2. Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` … 4/ բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով»: Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ եւ 72-րդ հոդվածներն` առաջարկում ենք «հանել» բառը փոխարինել «ուժը կորցրած ճանաչել» բառերով: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի, 12-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի ա/ եւ գ/ կետերի, 17-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի, 20-րդ հոդվածի «հանել» բառերին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «ՀՀ ընտրական օրենսգրքի գլուխ 31 հանել» բառերից հետո գործածվում է «Այդ կապակցությամբ հաջորդաբար փոխել գլուխների համարակալումները» նախադասությունը: Դա հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերին, ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել վերոշարադրյալ նախադասությունը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «1-ին կետի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասի» բառերով` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի «1-ին կետի», 4-րդ հոդվածի «1-ին կետի», 5-րդ հոդվածի «1-ին կետի», 7-րդ հոդվածի «1-ին, 3-րդ եւ 11-րդ կետերից», 9-րդ հոդվածի «2-րդ կետից», 10-րդ հոդվածի «2-րդ կետը», 11-րդ հոդվածի 8-րդ կետը», 13-րդ հոդվածի «4-րդ կետը» եւ «6-րդ կետը», 15-րդ հոդվածի «1-ին կետի», «2-րդ կետից», «3-րդ կետը», «4-րդ կետը», «5-րդ կետից», 16-րդ հոդվածի «1-ին կետը», «2-րդ կետից», «4, 5 եւ 6-րդ կետերը», 18-րդ հոդվածի «6, 7 եւ 8-րդ կետերը», 19-րդ հոդվածի «1, 2 եւ 3-րդ կետերը», 20-րդ հոդվածի «5-րդ եւ 6-րդ կետերը» բառերին:

4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասում, ապա գործածվում է «այնուհետեւ` ինչպես տեքստում է» արտահայտությունը: Մեր կարծիքով սա պետք հանվի Նախագծի հոդվածից, քանի որ առաջին երկու նախադասությունների հանելը ինքնըստինքյան նշանակում է, որ տեքստի մնացած մասը մնում է այնպես, ինչպես կա: Նույնը վերաբերվում է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի գ/ կետին: Պետք է նաեւ հաշվի առնել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 12-րդ կետը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտում բացատրություններ կամ ծանոթագրություններ չեն տրվում: Բացատրությունների կամ ծանոթագրությունների տեքստը տրվում է առանձին հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների տեսքով»:

5. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքից հանել որոշ հոդվածներ եւ այդ կապակցությամբ փոխել հոդվածների համարակալումը: Սա հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերի պահանջներին, ուստի առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածից հանել «Այդ կապակցությամբ փոխել հոդվածների համարակալումը» նախադասությունը:

6. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքից հանել 111-րդ հոդվածի 4-րդ կետը: Այստեղ հարց է առաջանում, թե նույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դրույթները ո՞ր թեկնածուներին են վերաբերում: Մեր կարծիքով հոդվածի վերնագրում եւ վերոնշյալ կետերում պետք է սահմանվի, որ խոսքը վերաբերվում է կուսակցությունների ցուցակներում ընդգրկված պատգամավորության թեկնածուներին: Ամեն դեպքում դա հստակեցնելու կարիք ունի:

7. Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ապա գործածվում է «այնուհետեւ` ինչպես տեքստում է» արտահայտությունը: Մեր կարծիքով այս վերջին ձեւակերպումը պետք է հանել Նախագծից, քանի որ, եթե 6-րդ կետը ներկայացվում է նոր խմագրությամբ, ապա այն վերաբերվում է ողջ կետին, ուստի նոր խմբագրումից հետո նախկին տեքստը շարունակելը կնշանակի տեքստի կրկնություն: Նույնը վերաբերվում է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի դ/ կետին /տես` նաեւ սույն եզրակացության 4-րդ կետում նշված դիտարկումը/:

8. Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը: Այս բառերի հանելը որեւէ հոդվածից ենթադրում է այդ նույն բառերի հանում ՀՀ ընտրական օրենսգրքի ամբողջ տեքստից: Ուստի առաջարկում ենք քննարկել վերոնշյալ փոփոխությունը կատարելու հարցը, ինչն ամենեւին չի բխում Նախագծի տրամաբանությունից: Ավելորդ չենք համարում նշել, որ նույն 114-րդ հոդվածի 3-րդ կետը նույնպես պարունակում է այդ բառերը` կրելով նույն իմաստը:

III. Նախագծին առնչվող այլ անհրաժեշտ դիտարկումներ

Ըստ Նախագծի, փաստորեն, ընտրական համակարգից ընդհանրապես հանվում է մեծամասնական ընտրակարգի ինստիտուտը: Սակայն ՀՀ ընտրական օրենսգրքի որոշ հոդվածներում եւս պետք է կատարվեն փոփոխություններ, մասնավորապես`

ա/ ՀՀ ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասից պետք է հանել « եւ Ազգային ժողովի` մեծամաuնական ընտրակարգով» բառերը,

բ/ ՀՀ ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ նախադասությունները պետք է համապատասխանեցնել նախագծով նախատեսվող փոփոխությունների բովանդակությանը,

գ/ ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը պետք է հանել,

դ/ ՀՀ ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի « Ազգային ժողովի մեծամաuնական ընտրակարգով պատգամավորի» բառերը պետք է հանել,

ե/ ՀՀ ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի « բացառությամբ Ազգային ժողովի` մեծամաuնական ընտրակարգով ընտրությունների» բառերը պետք է հանել,

զ/ ՀՀ ընտրականօրենսգրքի40-րդհոդվածի4-րդմասի « Uույն կետի պահանջը չի տարածվում Ազգային ժողովի` մեծամաuնական ընտրակարգով պատգամավոր » բառերը պետք է հանել,

է/ ՀՀ ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ կետի գործողությունը պետք է դադարեցնել,

ը/ ՀՀ ընտրական օրենսգրքի 117-րդ հոդվածի վերնագրից պետք է հանել «եւ պատգամավորության թեկնածուներ առաջադրելու եւ գրանցելու» բառերը:

ՀՀ Ա ԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Մ. Հակոբյան