ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք » եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1051-19.12.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված « Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք » եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

I. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

II. « Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք » ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

1. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի պահանջներին, այն է. «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:»:

2. Նախագծի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:»: Այս իրավանորմը, վարչական դատարանի հիշյալ դատական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետի մասով, կարծում ենք նպատակահարմար է վերանայել` այն հաշվով, որ ի տարբերություն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, վարչական դատարանի վճիռները չեն բողոքարկվում վերաքննիչ դատարան, այլ կարող են բողոքարկվել վճռաբեկության կարգով:

3. Նախագծում (114-րդ, 115-րդ, 165-րդ եւ այլ հոդվածներում) նախատեսվում է, որ արդարադատության խորհուրդը կարող է գործել որպես դատարան: Այս կապակցությամբ նշենք, որ ՀՀ Սահմանադրությամբ արդարադատության խորհրդին որպես դատարան գործելու լիազորություն վերապահված չէ: Առաջարկում ենք վերստին անդրադառնալ այս իրավական նովելին եւ փորձել գտնել խնդրո առարկա հարցի պատշաճ իրավական լուծում:

4. Նախագծի 126-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով` «ով կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն»: Միաժամանակ առաջարկում ենք վերանայել դիտարկվող հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` այն հաշվով, որպեսզի դատավոր նշանակվելու հնարավորություն ընձեռվի այն անձանց, ովքեր նախկինում դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար եւ որոնց դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված է:

5. Նախագծի 129-րդ հոդվածով նախատեսվում է ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղը զբաղեցնելու հերթականությունը, սակայն ՀՀ դատական դպրոցի շրջանավարտների 5-րդ հերթից հետո դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված մյուս հավակնորդները, ովքեր չեն ավարտել   դատական դպրոցը, մեր կարծիքով, չեն կարող առաջարկվել դատավորի պաշտոնում:

6. Հայտնում ենք, որ Նախագծին կից ներկայացված չէ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչը գործնականում անհնարին է դարձնում ամբողջական եւ բազմակողմանի կարծիք կազմել Նախագծի վերաբերյալ եւ դրա` ուժի մեջ մտնելու կապակցությամբ այլ օրենքների ընդունման կամ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

7. Նախագծի վերաբերյալ առկա են նաեւ օրենսդրական տեխնիկայի կանոններին առնչվող դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք առաջարկում են քննարկել աշխատանքային կարգով:

  III. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` աշխատանքային խումբ