Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ը (Կ-843-07.04.2006-ՊԱ,ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ( այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

2. Նախագծերի փաթեթի հայեցակարգով նախատեսվում է ուղղիչ աշխատանքները որպես պատժամիջոց չեղյալ համարել, ընդլայնել տուգանքի կիրառումը` վերածելով այն բացառապես հիմնական պատժամիջոցի եւ փոփոխել հանրային աշխատանքների` որպես պատժամիջոցի բովանդակությունն ու այն նշանակելու ծավալները: Այդ կապակցությամբ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի եւ 4-րդ հոդվածով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասերի միջեւ ծագում է անհամապատասխանություն: Մասնավորապես, առաջին դեպքում հանրային աշխատանքները դասվում են հիմնական պատիժների շարքին, իսկ երկրորդ դեպքում վերածվում են որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակի:

3. Տուգանքը որպես հիմնական պատիժ նախատեսելն առանձին դեպքերում կարող է վերածվել համաչափ պատժից խուսափելու գործիքի: Նախագծում ուղղիչ աշխատանքները տուգանքով փոխարինելու վերաբերյալ մի շարք հոդվածներում, կարծես թե, հաշվի չի առնվել արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Այդ պարագայում տուգանքը` որպես հիմնական պատժատեսակ, չի կարող ծառայել սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձին ուղղելուն եւ հանցագործությունները կանխելուն, որոնք թվարկված են որպես պատժի նպատակներ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում: Սույն դիտողությունը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասին (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք), 166-րդ հոդվածի 1-ին մասին (երեխային հակահասարակական գործունեություններ կատարելուն ներգրավելը), 141-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ), ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 115-րդ, 116-րդ, 120-րդ, 121-րդ, 166-րդ հոդվածների 2-րդ մասերով, 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ), 224-րդ հոդվածի 2-րդ մասով (օրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը), 272-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների կամ հոգեներգործուն միջոցների գործածմանը հակելը կամ ներգրավելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար:

Հիշյալ փոփոխությունները նախատեսվում են Նախագծի 12-րդ, 13-րդ, 20-րդ, 22-րդ հոդվածներով:

Նշենք, որ տուգանքը դիտվում է որպես ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի տեսակներից առավել մեղմ պատժի տեսակ: Ուղղիչ աշխատանքները` որպես պատժի տեսակ, վերացնելու դեպքում հարկ է քննարկել նաեւ տուգանքից ավելի խիստ պատժի տեսակով այն փոխարինելու հնարավորությունը: Դա` հանրային աշխատանքներն են: Նման մոտեցումը հատկապես կարեւորվում է հաշվի առնելով, որ հանրային աշխատանքների բովանդակությունը եւ նշանակման կարգն առաջարկվում է հիմնովին փոփոխել (այդ մասին կներկայացվի ստորեւ):

Տուգանքը բացառապես որպես հիմնական պատիժ սահմանելու դեպքում կարող է վերանալ պատիժ նշանակելուց հնարավոր ճկունությունը, որն այսօր ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքում եւ վիճահարույց է, կարո՞ղ է արդյոք այդ մոտեցումը միանշանակ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ինչպես դա նշված է Նախագծի հիմնավորման 2-րդ կետի վերջին պարբերությունում:

4. Հանրային աշխատանքները (Նախագծի 4-րդ հոդված) Նախագծում սահմանելիս չեն նշվել

ա/ քանի՞ ժամ առավելագույնը օրվա ընթացքում կարելի է ներգրավել այդ աշխատանքներին

բ/ օրվա ո՞ր ժամերին կարելի է ներգրավել:

Ադյունքում, հանրային աշխատանքներն իրենց բովանդակությամբ նմանվում են հարկադիր աշխատանքներին: Կարծես թե, չի պահպանվում հանրային աշխատանքները որպես պատժի հիմնական տեսակ դիտելու հայեցակարգը:

Առաջարկվում է այդ կապակցությամբ քննարկել երկու հնարավոր տարբերակներ ամրագրելու հնարավորությունը, որոնցից մեկը Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրվածն է (երբ դատավճիռը կայացնելուց հետո որոշվում է այն այլընտրանքային պատժատեսակով փոխարինելու հարցը) եւ երկրորդը, որի համաձայն դատարանը կարող է այդ պատժատեսակը նշանակել դատավճիռ կայացնելիս:

Նույն 4-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ հարց է ծագում, թե ո՞րն է «իրավասու մարմինը»: Ենթադրվում է, որ որպես այդպիսին, կարող է լինել ցանկացած իրավասու մարմին, սակայն հանրային աշխատանքներին ներգրավելու խնդիրը պետք է համաձայնեցվի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

5. Նախագծի 42-րդ հոդվածի «պատժի հետագա կրումից» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «այդ» բառը: Հակառակ դեպքում, ստացվում է, որ խոսքը վերաբերում է պատժի` ամբողջությամբ հետագա կրումից, երբ որպես լրացուցիչ պատիժ նշանակվել է տուգանք:

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

6. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որը սակայն չի ներառվել Նախագծում:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

7. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում ամրագրված «մինչեւ 2006 թվականի հունիսի 1-ը» ժամկետն իրատեսական չէ:

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կ ատարող` Ա. Երեմյան