ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական
կարգավորման մասին»Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը ՀՀ օրենքների պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Oրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի տեքստին եւ բովանդակությանը համապատասխանեցնելու նպատակով (ինչն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից մեկն է) առաջարկում ենք նախագծի վերնագրից հանել «պետական կարգավորման» բառերը: Իրականում սույն օրինագիծը նպատակ ունի կարգավորելու հարաբերությունների շատ ավելի լայն դաշտ, քան ենթադրվում է նախագծի վերնագրից, ինչը հստակ երեւում է նաեւ նախագծի հոդված 1-ի շարադրանքից:

2. Նախագծի 1-ին հոդվածի առաջին տողի «կարգավորում է» բառն առաջարկում ենք փոխարինել «սահմանում է» բառով, որն ավելի ճիշտ է արտահայտում տվյալ դրույթի իմաստը:

3. Խմբագրման կարիք են զգում նախագծի 4-րդ հոդվածով սահմանվող հասկացություններից մի քանիսը, մասնավորապես`

գ «Տեխնիկական միջոցներ» հասկացության սահմանման վերջում անհրաժեշտ է ավելացնել «եւ այլ գույք բառերը», քանի որ տեխնիկական նշված միջոցների սպառիչ ցանկի ներկայացումը ոչ միայն գործնականում հնարավոր չէ, այլեւ նպատակահարմար կամ արդարացված չէ,

գ «Արտադրական պատահար» հասկացության սահմանումից ճիշտ կլինի հանել «պրոցեսի» բառը (այն մի կողմից հայերեն չէ, իսկ մյուս կողմից` ավելորդ է),

գ «Վթարի ռիսկի գնահատում» հասկացության սահմանման մեջ «հավանականության պայմանները» բառակապակցությունն անհրաժեշտ է փոխարինել «հավանականությունը» բառով (հավանականությունը պայմաններ չի կարող ունենալ), իսկ «վթարի մասշտաբները» բառակապակցությունից առաջ անհրաժեշտ է ավելացնել «հնարավոր» բառը,

գ «Տեխնիկական քննություն» հասկացության սահմանման (ինչպես նաեւ նախագծի 10-րդ եւ այլ հոդվածներում) օգտագործվում է «արտադրական դժբախտ դեպքեր» արտահայտությունը, այն դեպքում, երբ այդ նպատակով կամ այդ իմաստով նույն հոդվածում սահմանվում է «Արտադրական պատահար» հասկացությունը: Այս առումով ճիշտ կլինի «արտադրական դժբախտ դեպքեր» արտահայտության փոխարեն նախագծի ամբողջ տեքստում օգտագործել «արտադրական պատահար» բառակապակցությունը,

գ «Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ» հասկացության սահմանման մեջ «պետական» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «կառավարման» բառը:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում` որպես իրավական ակտի տեսակ նշված «տեխնիկական կանոնակարգեր» հասկացությունը սահմանման կարիք է զգում, որն առաջարկվում է կատարել 4-րդ հոդվածում:

5.Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթը կարող է տարընթերցումների տեղիք տալ, ինչն առաջարկվում է հստակեցնել: Մասնավորապես, չի հասկացվում, թե որո՞նք են համարվում «բացառապես անհատական օգտագործման վերելակները»:

6. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասից առաջարկում ենք հանել «դիմումին» բառը:

7. Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասում ներկայացված ռիսկի տեսակները նույնպես որոշակի խմբագրման կարիք ունեն: Մասնավորապես, նպատակահարմար կլինի`

գ «գ» կետի «տերիտորիալ» բառը փոխարինել «տարածքային» բառով,

գ «բ» կետի «հանդիանալ արտադրական վթարներ» բառերը փոխարինել «հանգեցնել արտադրական վթարների» բառերով,

գ «դ» կետի «հասցվող վնասի չափերը» բառերը փոխարինել «ե» կետի «վթարի հետեւանքով տուժվող մարդկանց քանակը» բառերով (ինչն ավելի է բնորոշ սոցիալական ռիսկի տեսակին), որի կապակցությամբ հարկ կլինի հանել «ե» կետը: Ինչ վերաբերում է «հասցվող վնասի չափերին», ապա այն լիովին ընդգրկվում է «զ» կետով տրված «սպասվելիք վնասի ռիսկ» հասկացության մեջ:

8. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետում «օրենքի» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «սույն» բառը:

9. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտն անվանման եւ հիմնական մասից բացի պարունակում է նաեւ եզրափակիչ մաս կամ անցումային դրույթներ, իսկ նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում ամրագրված է թե ինչ կարող է սահմանվել իրավական ակտի եզրափակիչ մասում եւ ինչ կարող են պարունակել իրավական ակտի անցումային դրույթները:

Մինչդեռ, նախագծի 5-րդ գլուխը վերնագրվել է իրավական ակտերի կառուցվածքին չհամապատասխանող «Եզրափակիչ դրույթներ» բառակապակցությամբ:

10. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Իրավական ակտի բաժինների եւ գլուխների վերնագրերը պետք է համապատասխանեն դրանց բովանդակութանը»: Մինչդեռ, նախագծի 21-րդ հոդվածի բովանդակությունը չի համապատասխանում 5-րդ գլխի վերնագրին, եւ այդպիսի դեպքերը եզակի չեն:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Ս. Յուզբաշյան
Վ. Էլոյան
Ս. Համբարձումյան