ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ ունենք հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները:

1. Նախագծի 1 հոդվածով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 12-րդ պարբերությունից հետո ամրագրել «հատուկ առաջադրանքի» հասկացությունը, որպես « … հատուկ առաջադրանք` արտակարգ իրավիճակների վերացման, անվտանգության եւ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշխատանք:»:

Սակայն կարծում ենք այն խմբագրման կարիք ունի, քանի որ թվարկված հանգամանքներից մեկի բացակայության դեպքում հատուկ առաջադրանքը չի դադարում այդպիսին լինելուց:

Առաջարկում ենք «հատուկ առաջադրանքը» վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ. «հատուկ առաջադրանք` արտակարգիրավիճակների վերացմանը, անվտանգության ապահովությանն ուղղված կամ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշխատանք»:

2. Նախագծի 3 հոդվածում առաջարկվում է Օրենքի 9 հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ կերպ. « 2-րդ մասը «մրցույթի արդյունքով» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ արտամրցութային կարգով» բառերով :

Մեր համոզմամբ, թեեւ «արտամրցութային կարգը» արդեն իսկ ներմուծվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի մեջ, սակայն, այն, ըստ էության, գրեթե կասկած չի հարուցում, որ սուբյեկտիվ մոտեցումների եւ նույնատիպ որոշումների տեղիք կտա, ի չիք դարձնելով մրցույթի անցկացման անհրաժեշտությունն ընդհանրապես:

3. Նախագծի 4 հոդվածի 2-րդ պարբերությունում «Աշխատավարձի արագացված աճի տրամադրման կարգը» բառակապակցությունն անհրաժեշտ է վերաշարադրել «Արագացված աճով աշխատավարձի տրման» բառակապակցությամբ:

4. Նախագծի 4 հոդվածում առաջարկվում է Օրենքի 10 հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ. «Աշխատավարձի արագացված աճի տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:» Այս առաջարկությունը համահունչ չէ օրենքի 10 հոդվածի հետ: Այդ հոդվածի 1-ին մասում խոսքը գնում է «աշխատավարձի բնականոն աճի» մասին, 2-րդ մասում տրված է բնականոն աճի սխեման (ինչը ըստ էության նույնն է, ինչ որ «կարգը»): Հետեւաբար ստացվում է, որ բնականոն աճի դեպքում դրա կարգը սահմանվում է օրենքով, մյուս դեպքում, երբ կարող է սուբյեկտիվ մոտեցում դրսեւորվել եւ կիրառվել «աշխատավարձի արագացված աճ» դրա հասկացությունը չկա եւ կիրառման կարգն անտեսանելի է օրենքում, որովհետեւ այն սահմանվում է ՀՀ Կառավարության կողմից: Տվյալ դեպքում հարկ ենք համարում վկայակոչել«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի9 հոդվածի 4-րդ կետի 3-րդ մասը, որտեղ ամրագրված է. «ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը. »:

5. Նախագծի 6 հոդվածում առաջարկվում է վերաշարադրել Օրենքի 13 հոդվածի«4-րդ մասը` «որակյալ կատարման» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ ծառայողական /աշխատանքային/ պարտականությունները բարեխիղճ կատարելու»բառերով,»:

Իրավաբանական տեսանկյունից տվյալ առաջարկը անտրամաբանական է եւ ոչ իրավական: Ստացվում է, որբացի հատուկ առաջադրանքը որակյալ կատարելուց նաեւ իր ծառայողական (աշխատանքային) պարտականությունները բարեխիղճ կատարելու համար աշխատողին կարելի է պարգեւատրել, իսկ ոչ բարեխիղճ կատարելու դեպքում կարող է լինել բացի պարգեւատրումից տալ մնացյալը, օրինակ, աշխատավարձի բնականոն աճ:

Մեր համոզմամբ նման հայեցակարգային փոփոխությունները հակասում են այն բազային օրենքներին եւ դրանց հայեցակարգին եւ իմաստին, որոնց մեջ առաջարկվում է փոփոխություն կատարել:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Կ. Հարությունյան
Ա. Գալստյան