Տպել
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Գործունեության ոլորտները`

Հանձնաժողովը ստեղծվել է 02.07.2020 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:

Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 24.03.2021 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի որոշմամբ:


Էլ. փոստ covid.qnnich@parliament.am
Հեռ. (374-11) 513323




ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID 19) ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ, ԱՅԴ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏեւԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ եւ ՊԱՐԵՏԱՏԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱեւ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ եւ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) եւ սույն աշխատակարգով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս գործում է Կանոնակարգին, Ազգային ժողովի աշխատակարգին եւ սույն աշխատակարգին համապատասխան՝ նիստերի, ինչպես նաեւ ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի եւ Հանձնաժողովի անդամների աշխատանքի միջոցով:

2. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի նախագահի որոշմամբ:

3. Հանձնաժողովի նիստերը հրապարակային են: Հանձնաժողովի փակ նիստ կարող է անցկացվել Հանձնաժողովի որոշմամբ՝ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի ապահովման նպատակով:

4. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգի 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան: Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին:

5. Հանձնաժողովի հրապարակային նիստում Հանձնաժողովի անդամներից, պատգամավորներից եւ հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանցից բացի կարող են ներկա լինել նաեւ Կանոնակարգի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված անձինք:

6. Հանձնաժողովի փակ նիստում Հանձնաժողովի անդամներից եւ հարցը զեկուցողից բացի ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ցանկը որոշվում է Կանոնակարգի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան:

7. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում:

8. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը:

9. Հանձնաժողովի նախագահը՝

1) նախապատրաստում եւ նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ՝ իր կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ.

3) համակարգում է Ազգային ժողովի մարմինների եւ Աշխատակազմի հետ հանձնաժողովի, ինչպես նաեւ հանձնաժողովի քարտուղարության գործունեությունը.

4) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

5) ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված գրություններին.

6) Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայությունները.

7) ղեկավարում է հանձնաժողովի մասնագիտական սպասարկումն իրականացնող անձանց աշխատանքը.

8) անհրաժեշտության դեպքում առաջարկում է ձեւավորել ենթահանձնաժողովներ եւ աշխատանքային խմբեր.

9) իրականացնում է սույն Աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

10. Հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնելու նպատակով Հանձնաժողովի նախագահը կամ Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ Հանձնաժողովի անդամները կարող են Կանոնակարգի 162-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել Հանձնաժողովի անդամների վճարովի հիմունքներով աշխատող օգնականներին կամ Աշխատակազմի համապատասխան մասնագետներին:

11. Հանձնաժողովի նախագահն ունի տեղակալ, որն ընտրվում է հանձնաժողովի որոշմամբ՝ իրավասու խմբակցության առաջադրմամբ:

12. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը:

13. Հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի հերթական նիստի հրավիրման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի հրավիրման մասին՝ ոչ ուշ, քան մեկ ժամ առաջ: Հանձնաժողովի քարտուղարությունը Հանձնաժողովի նիստերի հրավիրման մասին Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդագրությամբ:

14. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

15. Հանձնաժողովի նիստին ներկա Հանձնաժողովի անդամներին գրանցում է Հանձնաժողովի քարտուղարությունը:

16. Հանձնաժողովի նիստի սկզբում իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը հայտարարում է նիստը բացված: Եթե գրանցված Հանձնաժողովի անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով Հանձնաժողովի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

1) ապահովման դեպքում նիստը նախագահողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

17. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարությունը:

18. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:

19. Հանձնաժողովի նիստը նախագահողն ունի Կանոնակարգի 52-րդ հոդվածով սահմանված լիազորություններ այնքանով, որքանով դրանք կիրառելի են Հանձնաժողովի նիստը նախագահելու համար:

20. Անտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետներում:

21. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է Հանձնաժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը: Գրությանը կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Եթե գրությունը կամ օրակարգային որեւէ հարց սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Հանձնաժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա Հանձնաժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ:

22. Հանձնաժողովի հերթական նիստում, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկվող հարցերի հաջորդականությունը որոշում է նիստը նախագահողը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:

23. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են Կանոնակարգի 55-րդ հոդվածի 1-ին մասին եւ սույն աշխատակարգին համապատասխան: Հարցի քննարկման ընթացքում Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն, Կանոնակարգի 59-րդ հոդվածին համապատասխան, քվեարկությունից առաջ եւ հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով:

24. Հարցեր տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են նիստը նախագահողին: Հարցերը տրվում են, ինչպես նաեւ ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ, որտեղ հիշեցվում է հաջորդ հարց տվողի կամ ելույթ ունեցողի անուն, ազգանունը:

25. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական եւ հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչեւ տասական րոպե.

2) հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաեւ արձագանքելու համար հատկացվում է մինչեւ երկուական րոպե.

3) ելույթների համար հատկացվում է մինչեւ հինգական րոպե:

26. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը, վարչապետը եւ հանձնաժողովի նիստը նախագահողը: Արտահերթ ելույթի ժամանակը չի սահմանափակվում:

27. Հարցի քննարկումը կարող է ընդմիջվել նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա սահմանված ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

28. Հանձնաժողովի նիստը նախագահողի, ինչպես նաեւ հիմնական զեկուցողի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է մինչեւ հարցի քննարկումը սկսվելը: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը, կամ չեն կարող կրճատվել սույն աշխատակարգի 25-րդ կետով սահմանված ժամկետները:

29. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը նախագահողը: Քվեարկության պահին նիստը նախագահողին դիմելն արգելվում է:

30. Հանձնաժողովի նիստն արձանագրում է Հանձնաժողովի քարտուղարությունը: Արձանագրության քաղվածքը ստորագրում է նիստը նախագահողը:

31. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

32. Եթե Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը:

33. Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր: