National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական եւ ոստիկանական ծառայություններ
Էլ. փոստ pasht@parliament.am
Հեռ. (374-11) 513461




ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության,
ազգային անվտանգության եւ ներքին
գործերի մշտական հանձնաժողովի
2012 թվականի սեպտեմբերի 7-ի
թիվ 02 որոշման հավելված

 
 ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԳԼՈՒԽ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Ազգային ժողովի մարմին է, որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքին (այսուհետ՝ Ազգային ժողովի կանոնակարգ) համապատասխան՝ Հանձնաժողովի գործունեության ոլորտի օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:

2. Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ն որոշման համաձայն՝ Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են`

ա) պաշտպանություն.

բ) անվտանգություն.

գ) արտակարգ իրավիճակներ.

դ) ոստիկանություն.

ե) ռազմարդյունաբերական համալիր.

զ) ռազմական ուսումնական հաստատություններ.

է) զինվորական ծառայություն.

ը) ոստիկանական ծառայություն:

3. Հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Ազգային ժողովի կանոնակարգով եւ սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովի կազմը Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված սկզբունքներին համապատասխան հաստատում է Ազգային ժողովի նախագահը։

ԳԼՈՒԽ  2

ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

5. Հանձնաժողովը կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ՝ ձեւավորել աշխատանքային խմբեր:

6. Ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ:

7. Ենթահանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել միայն Հանձնաժողովի անդամները՝ Հանձնաժողովի նախագահին ներկայացրած իրենց դիմումի համաձայն։

8. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաեւ Հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետ (մասնագետը), պատգամավորի օգնականը եւ այլ մասնագետներ:

9. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

10. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում գործունեության արդյունքների մասին զեկուցում է Հանձնաժողովի նիստում:

11. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

ԳԼՈՒԽ  3

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

Հանձնաժողովի նիստերի հրավիրման կարգը

12. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի չորսօրյա նիստերին նախորդող ուրբաթ օրերը՝ ժամը 11-ին:

13. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողների սահմանած ժամկետում:

14. Արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների նախաձեռնությունն իրականացվում է պատգամավորի ձեւաթղթում իրենց անվան, ազգանվան դիմաց ստորագրելով եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ձեւաթղթին կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթը Հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Արտահերթ նիստի օրակարգը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

15. Ազգային ժողովի նիստի ընթացքում Հանձնաժողովի նիստեր չեն գումարվում:

16. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երեւան քաղաքում` Ազգային ժողովի նստավայրում (Բաղրամյան 19): Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել Հանձնաժողովի որոշմամբ, որի մասին Հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

Հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը

17. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված հետեւյալ դեպքերի`

ա) բյուջեի նախագծի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող օրենսդրությամբ նախատեսվող փակ ծրարի նյութերը քննարկվում են Հանձնաժողովի, ֆինանսավարկային եւ բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում.

բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են Հանձնաժողովի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ դռնփակ նիստում:

18. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, վարչապետը, Վերահսկիչ պալատի նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական եւ լիազորած ներկայացուցիչները, վարչապետի լիազորած ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք:

19. Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:

20. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն կանոնակարգի 18-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, հանձնաժողովի, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), պատգամավորների օգնականները, հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված եւ օրենքով նախատեսված այլ անձինք:

21. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:

22. Եթե Հանձնաժողովի նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

23. Հանձնաժողովի նիստի ժամանակ նիստերի սենյակում արգելվում է բջջային հեռախոսի օգտագործումը:

Հանձնաժողովի նիստի իրավազորությունը

24. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե՝

ա) նիստին ներկա է (գրանցվել է) Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը, եւ

բ)   նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում՝  նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

25. Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի անդամների գրանցումը կատարվում է գրանցման ձեւաթղթում իրենց անվան, ազգանվան դիմաց ստորագրելով:

26. Եթե պատգամավորը միաժամանակ Հանձնաժողովի եւ Ազգային ժողովի այլ  հանձնաժողովի անդամ է, ապա Հանձնաժողովի նիստերում գրանցման կամ քվեարկության ժամանակ նա Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեջ հաշվարկվում է միայն համապատասխանաբար գրանցմանը եւ քվեարկությանը մասնակցելու դեպքերում:

27. Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն՝ Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացնելով նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը:

28. Սույն կանոնակարգի 27-րդ կետում նշված ժամկետում քվորումի՝

ա) ապահովման դեպքում նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

բ) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

Հանձնաժողովի նիստերի վարման կարգը

29. Հանձնաժողովի նիստը վարողը՝

ա) բացում եւ փակում է նիստը.

բ) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ յուրաքանչյուր հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող հարցի մասին.

գ) ձայն է տալիս եւ սույն կանոնակարգով սահմանված կարգով ավելացնում է ելույթի ժամանակը.

դ) կազմակերպում է հարցերի եւ ելույթների հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

ե) զգուշացնում է՝ անունը, ազգանունը հրապարակելով, Հանձնաժողովի այն անդամին` ով Հանձնաժողովի նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ Ազգային ժողովի կանոնակարգից եւ (կամ) սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

զ) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

է)  Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին հեռացնում է Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ Ազգային ժողովի կանոնակարգից եւ (կամ) սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

ը)  իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով եւ սույն կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

30. Եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում, եւ նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը:

31. Եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է նիստը փակված:

Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը

32. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է Հանձնաժողովին որպես գլխադասային վերապահված՝  շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված օրենքների եւ որոշումների նախագծերից, հանձնաժողովի իրավասությանը վերաբերող՝  հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից։

33. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում նշվում են նիստի անցկացման վայրը եւ ժամը:

34. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընգրկված փաստաթղթերը եւ նյութերը այդ նիստից առնվազն 3 օր առաջ, իսկ արտահերթ նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընգրկված փաստաթղթերը եւ նյութերը՝ այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ, տրամադրվում են Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ Հանձնաժողովի էջում:

35. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը:

36. Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում այդ նիստը նախաձեռնողը կամ նախաձեռնողներից մեկը:

Հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման կարգը

37. Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

38.  Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ հաջորդականությամբ եւ տեւողությամբ՝

ա) հիմնական զեկուցողի ելույթը՝  մինչեւ 12 րոպե.

բ) հարցեր հիմնական զեկուցողին՝  մինչեւ 4-ական րոպե.

գ) հարակից զեկուցողի ելույթը՝  մինչեւ 12 րոպե.

դ) հարցեր հարակից զեկուցողին՝  մինչեւ 4-ական րոպե.

ե) մտքերի փոխանակություն՝  մինչեւ 7-ական րոպե.

զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը՝  մինչեւ 7 րոպե.

է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը՝  մինչեւ 7 րոպե.

ը) քվեարկություն:

39. Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը։

40. Եթե օրենքի նախագծի (նախագծերի փաթեթի) հեղինակը պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է Հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ՝  եզրափակիչ ելույթով:

41. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկությունը ներկայացվում է Հանձնաժողովի նիստում հարցի զեկուցման ընթացքում, եւ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման` քվեարկելով հարցի վերաբերյալ Հանձնաժողովի քվեարկությունից հետո:

42. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաեւ՝ կրճատվել ելույթի կամ հարց տալու համար Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված ժամանակը:

43. Հարցեր տալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամների հերթագրումն իրականացնում է Հանձնաժողովի նիստը վարողը։

44. Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության, Հանձնաժողովի նիստը վարողի հայտարարությամբ, որում միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

45. Հանձնաժողովի նիստերի սենյակից բացակայող Հանձնաժողովի անդամը զրկվում է հարց տալու իրավունքից։

46. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունենալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամների հերթագրումն իրականացնում է Հանձնաժողովի նիստը վարողը։

47. Հանձնաժողովի անդամը մտքերի փոխանակության ընթացքում կարող է ելույթ ունենալ մինչեւ երկու անգամ, ընդ որում՝ երկու ելույթների ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 7 րոպեն, բացառությամբ այն դեպքի, երբ Հանձնաժողովի համաձայնությամբ Հանձնաժողովի նիստը վարողը ավելացնում է ելույթի ժամանակը:

48. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

49. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, վարչապետը, Հանձնաժողովի նախագահը, որոնց ելույթների տեւողությունը չի սահմանափակվում:

50. Հարցի քննարկմանը ներկա կամ հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նիստը վարողի համաձայնությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

51. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողները հանդես են գալիս  ըստ հերթագրման հաջորդականության, Հանձնաժողովի նիստը վարողի հայտարարությամբ, որում միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

52. Հանձնաժողովի նիստերի սենյակից բացակայող Հանձնաժողովի անդամը զրկվում է ելույթի իրավունքից:

53. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ավարտից հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

54. Հանձնաժողովի ներկայացուցիչն իր եզրափակիչ ելույթում կարող է սահմանված կարգով առաջարկել՝

ա) հարցի վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացնել դրական եզրակացություն.

բ) օրենքի նախագիծը այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված, դեռեւս չքննարկված  օրենքի նախագծի նկատմամբ.

գ) հետաձգել օրենսդրական ակտի նախագծի կամ այլ հարցի ընդգրկվելը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում նախագծի հեղինակի (հիմնական զեկուցողի) բացակայության դեպքում.

դ) հարցն Ազգային ժողովում քննարկելու համար սահմանել հատուկ ընթացակարգ.

ե) երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում   առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի բովանդակությունը համարել ամբողջությամբ փոփոխված.

զ) փոփոխել Ազգային ժողովում օրենքների նախագծերի (նախագծերի փաթեթի)  երկրորդ եւ (կամ) երրորդ ընթերցման ներկայացնելու համար սահմանված ժամկետները.

է) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթը) Ազգային ժողովում քննարկել երեք ընթերցմամբ:

Հանձնաժողովի նիստում քվեարկությունը

55. Հանձնաժողովի նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:

56. Հանձնաժողովի նիստում քվեարկությունները կատարվում են միայն Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

57. Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մաuին առաջարկությունը: Եթե այդ առաջարկությունը քվեարկության արդյունքում չի uտանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիuի առաջարկ չի արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ Հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:

58. Հանձնաժողովի նիստը վարողը քվեարկությունից առաջ կրկնում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձեւակերպումները։

59. Հանձնաժողովի անդամը քվեարկում է «կողմ», «դեմ», «ձեռնպահ», կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

60. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է Հանձնաժողովի նիստը վարողը։

61. Քվեարկության արդյունքներն արձանագրվում են քվեարկության անվանական արդյունքների աղյուսակում:

62. Քվեարկության ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

63. Եթե Հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկությունից հետո դեմ է Հանձնաժողովի եզրակացությանը եւ դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:

Հանձնաժողովի անդամների` հատուկ կարծիքով հանդես գալու նախաձեռնության մասին նշվում է Ազգային ժողովի նախագահին ուղարկվող` Հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում:

64. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը:

65. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից, եթե դրանցում այլ ժամկետ սահմանված չէ։

Հանձնաժողովի նիստի արձանագրությունը

66. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներառում է՝

ա) արձանագրության համարը, նիստի անցկացման տարին, ամիսը եւ ամսաթիվը, ժամը եւ վայրը.

բ) նիստը վարողի անունը, ազգանունը, նիստին ներկա եւ նիստից բացակայող Հանձնաժողովի անդամների ցուցակը.

գ) նիստի օրակարգը եւ քննարկված հարցերի ցանկը.

դ) օրակարգային հարցերի քննարկման ժամանակ ելույթ ունեցած անձանց ցուցակը.

ե) նիստում քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների անվանական արդյունքների աղյուսակը.

զ) ընդունված որոշումները:

67. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը:

68. Հանձնաժողովի նիստի ավարտից անմիջապես հետո նիստի արձանագրության քաղվածքն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ Հանձնաժողովի էջում:

69. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալու Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգելու դրա ճշտությունը:

70. Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

71. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը պահվում է Հանձնաժողովի քարտուղարությունում:  Արձանագրության օրինակն ուղարկվում է Ազգային ժողովի գրադարան:

ԳԼՈՒԽ  4

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ

72. Հանձնաժողովն իր գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում է խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:

73. Լսումների թեման, օրը, ժամը, անցկացման վայրը եւ ընթացակարգը, զեկուցողների ու հրավիրվածների ցանկը  հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ: Լսումների անցկացման օրը չպետք է լինի ուրբաթ օրը կամ համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:

74. Լսումների ընթացակարգով սահմանվում են զեկուցելու, հարցեր տալու, ելույթ ունենալու կարգը եւ տեւողությունը, որոնք պետք է ապահովեն քննարկվող հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների ներկայացման հնարավորությունը:

75. Լսումներ կազմակերպելու մասին տեղեկատվությունը դրա անցկացման օրից առնվազն 3 օր առաջ՝

ա) տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում.

բ) Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:

76. Լսումներին մասնակցելու կամ ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձինք կարող են լսումների անցկացման օրից առնվազն 2 օր առաջ գրավոր դիմել Հանձնաժողովի նախագահին՝  ներկայացնելով իրենց ելույթի տեքստը կամ   լսումներին մասնակցելու (ներկա գտնվելու) հիմնավորումը: Դիմողը կարող է մասնակցել կամ ներկա գտնվել լսումներին, եթե Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրա մասին նրան նախապես տեղեկացվում է:

77. Հանձնաժողովը կարող է նախապատրաստել լսումների արդյունքներն ամփոփող նյութեր (լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ եւ այլ տեղեկություններ), որոնք կարող են հրապարակվել Հանձնաժողովի առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ: 

ԳԼՈՒԽ  5

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

78. Հանձնաժողովը՝ իր որոշմամբ, կարող է իր քննարկմանը ներկայացված օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի վերաբերյալ հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին:

ԳԼՈՒԽ  6

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Հանձնաժողովի նախագահը

79. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

բ) ներկայացնում է Հանձնաժողովը.

գ)  նախապատրաստում եւ վարում է Հանձնաժողովի նիստերը եւ աշխատանքային խորհրդակցությունները.

դ) գումարում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

ե) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

զ) վարում է Հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները.

է) համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը,  դրանց ղեկավարներին տալիս է հանձնարարականներ.

ը) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը.

թ) Հանձնաժողովին իրազեկում է Հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին.

ժ)  Հանձնաժողովի, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում է մասնագետների.

ժա) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծը (նախագծերի փաթեթը) ուղարկում է փորձաքննության.

ժբ)  մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին.

ժգ) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները Ազգային ժողովի մյուս հանձնաժողովների եւ Ազգային ժողովի աշխատակազմի հետ.

ժդ) ղեկավարում է Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքը.

ժե) ընթացք է տալիս եւ (կամ) պատասխանում է Հանձնաժողովին ուղղված առաջարկություններին.

ժզ) Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի ընթացքում Հանձնաժողովի նիստերից Հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք.

ժէ) Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի ընթացքում Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաեւ Հանձնաժողովի կատարած առանձին աշխատանքների վերաբերյալ արտահերթ հաշվետվությունները.

ժը)   իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով եւ սույն կանոնակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը

80. Հանձնաժողովի նախագահի տեղակալը փոխարինում է Հանձնաժողովի նախագահին՝ վերջինիս բացակայության կամ պաշտոնը թափուր մնալու դեպքում:

81. Հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ Հանձնաժողովի նախագահին փոխարինելու անհնարինության դեպքում վերջինիս փոխարինում է Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

Հանձնաժողովի անդամը

82. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով իրավունք ունի՝

ա)   Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու Հանձնաժողովի որոշման նախագծեր.

բ)  ընդգրկվելու Հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի կազմում.

գ)    ունենալու ելույթներ, տալու հարցեր եւ ներկայացնելու առաջարկություններ Հանձնաժողովի, դրա ենթահանձնաժողովի, աշխատանքային խմբի նիստերում, խորհրդարանական լսումներում.

դ)  Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ հանդես գալու որպես Հանձնաժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենսդրական ակտի նախագիծը եւ այլ հարց Հանձնաժողովի եւ Ազգային ժողովի նիստերում քննարկելիս.

ե) հրաժարվելու Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցելուց.

զ) ծանոթանալու Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինելու:

83. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով`

ա) մասնակցել Հանձնաժողովի նիստերին, Հանձնաժողովի ստեղծած այն ենթահանձնաժողովի եւ աշխատանքային խմբի նիստերին, որոնց կազմում ինքն ընդգրկված է.

բ) մասնակցել Հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին.

գ) Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում Հանձնաժողովի, դրա ստեղծած ենթահանձնաժողովի նիստերում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.

դ) կատարել Հանձնաժողովի որոշումները:

84. Հանձնաժողովի անդամը սույն կանոնակարգի 83-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերում նշված նիստերին եւ լսումներին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ է պահում Հանձնաժողովի նախագահին:

85. Հանձնաժողովի անդամն ունի Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

Հանձնաժողովի ներկայացուցիչը

86.Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենսդրական ակտի նախագիծ կամ այլ հարց ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին, նրա համաձայնությամբ, նշանակում է Հանձնաժողովի ներկայացուցիչ:

87. Հանձնաժողովի ներկայացուցիչը՝

ա)  Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ իր կարծիքը եւ հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իր առաջարկը.

բ) Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը.

գ) Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար հանդես է գալիս մինչեւ 30 րոպե տեւողությամբ հարակից զեկուցումով` ներկայացնելով բյուջեի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

դ)  Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հանդես է գալիս մինչեւ 30 րոպե տեւողությամբ հարակից զեկուցումով` ներկայացնելով բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը:

88. Ազգային ժողովի կամ Հանձնաժողովի նիստից Հանձնաժողովի ներկայացուցչի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա նշանակած՝ Հանձնաժողովի այլ անդամը՝ վերջինիս համաձայնությամբ:

ԳԼՈՒԽ  7

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

89. Հանձնաժողովի քարտուղարությունը Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունը:

90. Հանձնաժողովի քարտուղարությունը գործում է Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությամբ եւ սույն կանոնակարգով սահմանված կարգով:

91. Հանձնաժողովն ունի փորձագետներ (մասնագետներ) եւ գործավար (օգնական):

92. Հանձնաժողովի փորձագետները (մասնագետները)  պետական ծառայության պաշտոնի անձնագրի համաձայն կատարում են Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները,  ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում են Հանձնաժողովի անդամների աշխատանքին:

93. Հանձնաժողովի փորձագետները (մասնագետները) եւ գործավարը (օգնականը) իրավունք չունեն առանց Հանձնաժողովի նախագահի համաձայնության աշխատանքային պարտականությունների կատարման արդյունքում Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձեւով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելու կամ տարածելու, երրորդ անձանց հայտնի դարձնելու, նրանց այդ տեղեկությունները ձեռք բերելու հնարավորություն տրամադրելու:

ԳԼՈՒԽ  8

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

94. Հանձնաժողովին ուղղված առաջարկությունները քննարկվում են օրենքով սահմանված կարգով:

95. Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիների ընդունելությանը, Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով, մասնակցում են առնվազն Հանձնաժողովի մեկ անդամ՝ իր ցանկությամբ եւ (կամ) փորձագետ (մասնագետ): Ընդունելությանը կարող է մասնակցել նաեւ Հանձնաժողովի անդամի օգնականը:

ԳԼՈՒԽ  9

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ

96. Զանգվածային լրատվության միջոցներով Հանձնաժողովի գործունեության լուսաբանումը Հանձնաժողովի նախագահը կազմակերպում է Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով`  Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

97. Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը սույն կանոնակարգով նախատեսված դեպքերում կամ Հանձնաժողովի նախագահի  նախաձեռնությամբ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ Հանձնաժողովի էջում:

ԳԼՈՒԽ  10

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

98. Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հերթական նստաշրջանի ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:

99. Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ Հանձնաժողովի էջում:

100. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի կատարած առանձին աշխատանքների վերաբերյալ կարող են ներկայացվել արտահերթ հաշվետվություններ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am