National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ (համացանց), երիտասարդություն, սպորտ
Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513331




ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
    

Հաստատված է
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,
երիտասարդության եւ սպորտի հարցերի
մշտական հանձնաժողովի

«22» հունիսի 2012թ. թիվ 01 որոշմամբ
արձանագրություն թիվ 01


 

Գլուխ 1.  Ընդհանուր դրույթներ
Գլուխ 2. Հանձնաժողովի գործունեության ոլորտները  եւ սկզբունքները
Գլուխ 3. Հանձնաժողովի լիազորությունները՝  որպես գլխադասային հանձնաժողով
Գլուխ 4. Հանձնաժողովի նիստերի հրավիրման եւ անցկացման կարգը
Գլուխ 5.  Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման եւ որոշումների ընդունման կարգը
Գլուխ 6. Հանձնաժողովի ենթահանձնաժողովները, աշխատանքային խմբերը  եւ դրանց գործունեությունը
Գլուխ 7. Խորհրդարանական լսումներ
Գլուխ 8. Հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը
Գլուխ 9. Հանձնաժողովի անդամը, նրա  իրավունքներն ու պարտականությունները
Գլուխ 10. Հանձնաժողովի նիստը վարողը՝
Գլուխ 11. Հանձնաժողովի քարտուղարությունը
 



Գլուխ 1.  Ընդհանուր դրույթներ

1.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Ազգային ժողովի մարմին է, որը ստեղծվում եւ գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» (այսուհետ՝ Օրենք),   «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ սույն Կանոնակարգի համաձայն:

1.2. Հանձնաժողովն ստեղծվում է օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման ու դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով, ինչպես նաեւ իր գործունեության ոլորտներին վերաբերող հարցերի ուսումնասիրման, քննարկման եւ առաջարկությունների  ներկայացման  համար:

1.3.Հանձնաժողովի աշխատանքային լեզուն գրական հայերենն է։ Եթե Հանձնաժողովի նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

1.4. Հանձնաժողովի կազմը Օրենքի 25-րդ հոդվածում սահմանված սկզբունքներին համաձայն հաստատում է Ազգային ժողովի նախագահը։

Գլուխ 2. Հանձնաժողովի գործունեության ոլորտները  եւ սկզբունքները

2.1. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի եւ Ազգային ժողովի 31 մայիսի 2012թ. թիվ ԱԺՈ-004-Ն որոշման համաձայն Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն,  ինտերնետ (համացանց), երիտասարդություն, սպորտ։

2.2. Հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են՝

1. օրինականությունը.

2. հրապարակայնությունը եւ տեղեկատվության մատչելիությունը.

3. ժողովրդավարությունը.

4. կարգապահությունը.

5. մարդասիրությունը:

Գլուխ  3. Հանձնաժողովի լիազորությունները՝  որպես գլխադասային հանձնաժողով

3.1.  Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, գլխադասային հանձնաժողովն Ազգային ժողովի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների կազմից, օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահի նշանակած մեկ  հանձնաժողովն է։

3.2. Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենսդրական ակտի նախագիծ կամ այլ հարց ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հանձնաժողովի նախագահը նշանակում է Հանձնաժողովի ներկայացուցիչ եւ փորձագետ (մասնագետ):

3.3. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչն Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով դրա վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը։

3.4. Ազգային ժողովի կամ Հանձնաժողովի նիստից Հանձնաժողովի ներկայացուցչի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա նշանակած՝ Հանձնաժողովի այլ անդամը:

3.5. Եթե քվեարկությանը մասնակցած գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկությունից հետո դեմ է հանձնաժողովի եզրակացությանը եւ դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ ներկայացնելով հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը։

Հատուկ կարծիքով հանդես գալու հանձնաժողովի անդամների նախաձեռնության մասին նշվում է Ազգային ժողովի նախագահին ուղարկվող՝  հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում։

3.6. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է գլխադասային հանձնաժողովի  որոշմամբ այլընտրանքային համարվել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝  դեռեւս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ։

3.7. Գլխադասային հանձնաժողովը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի, օրենքների նախագծերի փաթեթի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հետաձգելու մասին եզրակացություն կարող է ներկայացնել՝  հեղինակի (հիմնական զեկուցողի), իսկ նրա բացակայության դեպքում՝  հանձնաժողովի անդամի առաջարկությամբ։

3.8. Եթե Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցի ընդգրկվելը գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝  Ազգային ժողովի որոշմամբ հետաձգվել է, ապա այդ հարցը՝

1. գլխադասային հանձնաժողովի օրակարգ է ընդգրկվում հեղինակի (հիմնական զեկուցողի) գրավոր դիմումով.

2. հետաձգման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը դուրս է գալիս Ազգային ժողովում շրջանառությունից, եթե մինչեւ հետաձգման ժամկետը լրանալու օրը հեղինակը գրավոր չի դիմում գլխադասային հանձնաժողով։

Գլուխ 4. Հանձնաժողովի նիստերի հրավիրման եւ անցկացման կարգը

4.1. Հանձնաժողովի նիստերի հրավիրման կարգը.

4.1.1. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ օրերը՝  ժամը 11-ին։

4.1.2. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝  նախաձեռնողի սահմանած ժամկետում։

Արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների նախաձեռնությունն իրականացվում է պատգամավորի ձեւաթղթում իրենց անուն, ազգանունի դիմաց ստորագրելու եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ձեւաթղթին կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Արտահերթ նիստի օրակարգը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

Ազգային ժողովի նիստի ընթացքում արգելվում է Հանձնաժողովի նիստի գումարումը։

4.1.3. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել է Հանձնաժողովի որոշմամբ, որի մասին Հանձնաժողովի նախագահը նախապես տեղակացնում է Ազգային ժողովի նախագահին։

4.1.4. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է հանձնաժողովին որպես գլխադասային վերապահված՝  շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված օրենքների եւ որոշումների նախագծերից, հանձնաժողովի իրավասությանը վերաբերող՝  հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից։

4.2. Հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը.

4.2.1. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի։

4.2.2. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական եւ լիազորած ներկայացուցիչները, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, ինչպես նաեւ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք։ Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է։

4.2.3. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները,  հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, հանձնաժողովի, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), պատգամավորների օգնականները, հանձնաժողովի նախագահի կողմից  հրավիրված եւ օրենքով նախատեսված այլ անձինք։

4.2.4. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները։

4.2.5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այդ հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած պատգամավորները, այլ շահագրգիռ մարմինները եւ պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ։

Գլուխ 5.  Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման եւ որոշումների ընդունման կարգը

5.1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը, եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ  հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն՝ Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացնելով նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը: Նշված ժամկետում քվորումի՝

1. ապահովման դեպքում նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

2. չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

5.2.Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով։ Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում։

5.2.1. Նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ հաջորդականությամբ՝

1. հիմնական զեկուցողի ելույթը.

2. հարցեր հիմնական զեկուցողին.

3. հարակից զեկուցողի ելույթը.

4. հարցեր հարակից զեկուցողին.

5. մտքերի փոխանակություն.

6. հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.

7. հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

8. քվեարկություն։

5.2.2. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ հանձնաժողովի անդամի կողմից եւ քվեարկվում է հարցի վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությունից հետո։

5.2.3.Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո։

5.3. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ։ Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մասին առաջարկությունը։ Եթե այդ առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիսի առաջարկ չի արվում , ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել։

5.4. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց։

5.5.Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4 –ը։

5.5.1.Եթե պատգամավորը երկու մշտական հանձնաժողովի անդամ է, ապա սույն հոդվածի 1-ին եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում նա հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեջ հաշվարկվում է միայն համապատասխանաբար գրանցմանը եւ քվեարկությանը մասնակցելու դեպքերում։

5.6. Նիստի արձանագրությունը, որը ներառում է նաեւ հանձնաժողովի նիստում քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների անվանական արդյունքները, ստորագրում է հանձնաժողովի նախագահը։

Նիստի արձանագրությունը ներառում է՝

1.  արձանագրության համարը, նիստի անցկացման ամսաթիվը եւ ժամը,

2. նիստը վարողի անունը, ազգանունը, նիստին ներկա եւ նիստից բացակայող Հանձնաժողովի անդամների ցուցակը, ըստ որում նշվում է բացակայության պատճառը,

3. նիստին ներկա, այդ թվում՝ հրավիրված անձանց ցուցակը,

4. նիստի օրակարգը եւ քննարկված հարցերի ցանկը,

5.  օրակարգային հարցերի քննարկման ժամանակ ելույթ ունեցած անձանց ցուցակը,

6. հանձնաժողովի նիստում քննարկված հարցերի քվեարկությունների անվանական արդյունքները,

7. ընդունված որոշումները, առաջարկությունները եւ եզրակացությունները:

5.7.Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում է նրա նախագահը: Հանձնաժողովի նիստի ավարտից անմիջապես հետո նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին:

5.8. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի 10 օրվա ընթացքում ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը:

Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

5.9. Հանձնաժողովի նիստի ավարտից հետո՝ 20 օրվա ընթացքում, այդ նիստի արձանա-գրության մեկ օրինակն ուղարկվում է Ազգային ժողովի գրադարան, իսկ 2 ամիս հետո՝ տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ, իսկ մյուս օրինակը պահվում է Հանձնաժողովում մինչեւ տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

5.10. Հանձնաժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումները կազմակերպվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած ժամանակացույցի համաձայն (կազմվում է՝ խորհրդակցելով Վարչապետի հետ, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցության արդյունքում).

1.  Հանձնաժողովում նախնական քննարկման կազմակերպում,

2. Հանձնաժողովի ու Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստում քննարկումների  անցկացում,

3. առաջարկությունների ներկայացում,

4. Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու համար։

5.11. Ըստ ցանկության հանձնաժողովի մեկ ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հանդես է գալիս մինչեւ 30 րոպե տեւողությամբ  հարակից զեկուցումով՝ ներկայացնելով այդ օրենքի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը:

5.12. Հանձնաժողովն իր առաջարկություններն ու եզրակացությունը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի աշխատակազմ, որը ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, դրանք ուղարկում է Կառավարություն:

5.13. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը Ազգային ժողովում վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ Կառավարությունը բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը ներկայացնում է Ազգային ժողովի աշխատակազմ, որն էլ ապահովում է դրանց տրամադրումը պատգամավորներին։

5.14. Հանձնաժողովի ներկայացուցիչը Ազգային ժողովում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները վերսկսելուց հետո. իրավունք ունի՝  հայտ ներկայացնելու դեպքում, մինչեւ 10 րոպե տեւողությամբ մեկ ելույթի։

Գլուխ 6. Հանձնաժողովի ենթահանձնաժողովները, աշխատանքային խմբերը  եւ դրանց գործունեությունը

6.1. Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր՝ սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը՝ ընտրելով դրանց ղեկավարներին:

6.2. Աշխատանքային խմբի կազմում կարող է ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաեւ Հանձնաժողովի, խմբակցության փորձագետը, պատգամավորի օգնականը եւ այլ մասնագետներ:

6.3. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

6.4. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիստում:

6.5. Աշխատանքային խումբը կարող է Հանձնաժողովին ներկայացնել ամփոփ եզրակացություն կամ այլընտրանքային երկու տարբերակ, կամ առկա բոլոր տեսակետները:

6.6. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ` Հանձնաժողովի որոշմամբ:

6.7. Աշխատանքային խմբի կազմը հաստատում է Հանձնաժողովը:

Գլուխ 7. Խորհրդարանական լսումներ

7.1. Հանձնաժողովը ԱԺ կանոնակարգ օրենքով իրեն վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝  այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին։

7.2. Լսումների օրը, ժամը եւ անցկացման վայրը, ինչպես նաեւ զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ։ Լսումների անցկացման օրը չպետք է լինի ուրբաթ օրը կամ համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ։

7.3. Լսումների կազմակերպման մասին տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին։

7.4. Լսումներն անցկացվում են  հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգով։

7.5. Լսումները վարում է  հանձնաժողովի նախագահը կամ ԱԺ կանոնակարգ օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝  նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

7.6. Հանձնաժողովը կարող է նախապատրաստել լսումների արդյունքներն ամփոփող նյութեր (լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ եւ այլ տեղեկություններ), որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի առաջարկությամբ՝  Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ։

7.7. ԱԺ կանոնակարգի 18-րդ հոդվածի 1-ին կետի «գ.2» ենթակետով նախատեսված դեպքում խորհրդարանական լսումներն անցկացվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով։

Գլուխ 8. Հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը

8.1. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է եւ նրա լիազորությունները դադարում են Օրենքի 26-րդ հոդածով սահմանված կարգով:

8.2. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցը քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով։

8.3. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

1. սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորականլիազորությունները.

2. նա դուրս է եկել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած խմբակցությունից՝  սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով.

3. նա տվել է հրաժարական՝  սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով։

8.4. Մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝  3 օրվա ընթացքում տվյալ անձը գրավոր դիմումով՝

1. հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

2. հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված։

8.5. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման  նախագիծն Ազգային ժողովում ներկայացվում եւ քննարկվում է ԱԺ կանոնակարգ  օրենքի 97-րդ հոդվածի 7-րդ   կետով սահմանված կարգով։

8.6. Մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու եւ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին։

8.7. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, ենթահանձնաժողովի եւ աշխատանքային խմբի ղեկավարներ ընտրում է համապատասխան հանձնաժողովը՝ իր որոշմամբ։

8.8. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը։

8.9. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը։

8.10. Հանձնաժողովի նախագահը՝

8.10.1.ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ թվում՝

1. նախապատրաստում եւ վարում է հանձնաժողովի նիստերը.

2. գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

3.հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

4.  համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը.

5.  ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.

6.  ներկայացնում է հանձնաժողովը.

7. ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.

8.  հանձնաժողովի, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում է մասնագետների.

9.. հանձնաժողովին իրազեկում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին.

10. համակարգում է հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների եւ Աշխատակազմի հետ։

11. ղեկավարում է Հանձնաժողովի քարտուղարության` գործավարի եւ փորձագետների (մասնագետների)  աշխատանքը.

12. հետեւում է սույն Կանոնակարգի պահպանմանը։

13.մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին.

8.11. Անհրաժեշտության դեպքում մասնակցում է Կառավարության նիստերին, ներկայացնում Հանձնաժողովի տեսակետը այս կամ այն հարցը քննարկելիս:

8.12. Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի նախագահը կարող է ունենալ այլ լիազորություններ:

8.13. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի լիազորված անդամը:

8.14. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է Հանձնաժողովի նիստում՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ:

8.15. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները դադարում են, եթե Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարում են նրա պատգամավորական լիազորությունները կամ Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով հրաժարական է  տալիս:

8.16. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝  հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

8.17. Նիստի արձանագրությունը, որը ներառում է նաեւ հանձնաժողովի նիստում քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների անվանական արդյունքները, ստորագրում է հանձնաժողովի նախագահը։

Գլուխ 9. Հանձնաժողովի անդամը, նրա  իրավունքներն ու պարտականությունները

9.1. Օրենքի 25-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի պատգամավորներն Հանձնաժողովում ընդգրկվում են ըստ իրենց դիմումի, իսկ խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

9.2. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի Օրենքով եւ սույն Կանոնակարգով սահմանված կարգով՝

1. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի ոլորտներին վերաբերող օրենքի, Ազգային ժողովի որոշման նախագծեր,

2. ելույթներ ունենալ մինչեւ 5 րոպե տեւողությամբ, արտահայտվել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մինչեւ երկու անգամ, հարցեր տալ մինչեւ 3 րոպե եւ առաջարկություններ անել Հանձնաժողովի նիստերում,

3. մասնակցել Հանձնաժողովի նիստում անցկացվող քվեարկություններին,

4. հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց,

5. մասնակցել ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերին եւ քննարկումներին, ինչպես նաեւ  ղեկավարել ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը,

6. խմբակցությունների կողմից առաջադրվել եւ ընտրվել Հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի  պաշտոնում,

7. ընդգրկվել ժամանակավոր հանձնաժողովներում՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություն, տեղեկանք ներկայացնելու համար,

8. ընդգրկվել  մեկից ավելի  ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի  կազմում, իր ցանկությամբ տեղափոխվել կամ դուրս գալ ենթահանձնաժողովից կամ աշխատանքային խմբից,

9. Հանձնաժողովի նիստում հանդես գալ Ազգային ժողովի կողմից գործուղման արդյունքների մասին հաղորդումով,

10. ծանոթանալ Ազգային ժողովին եւ (կամ) հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել,

11. Հանձնաժողովի որոշմամբ ներկայացնել Հանձնաժողովի եզրակացությունը եւ (կամ) առաջարկությունն Ազգային ժողովի նիստում։

9.3. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հանձնաժողովի անդամը  պարտավոր է Օրենքով եւ սույն Կանոնակարգով սահմանված կարգով՝

1. մասնակցել Հանձնաժողովի նիստերին եւ գործավարի մոտ ձեւաթղթում ստորագրել իր անվան դիմաց, իսկ նիստին ներկայանալու անհնարինության դեպքում՝ այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին,

2. տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին գիտական, մանկավարժական եւ ստեղծագոր ծական վճարովի աշխատանք կատարելու դեպքում,

3. կատարել Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները: Աշխատանքից բացակայելու դեպքում տեղյակ պահել հանձնաժողովի նախագահին:

4. ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին,

5. ուսումնասիրել եւ Հանձնաժողովին ներկայացնել Հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող ու իրեն առաջարկված օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծեր, Հանձնաժողովի որոշումներ ու այլ փաստաթղթեր,

6. կատարել քաղաքացիների ընդունելություն Հանձնաժողովի կողմից հաստատված ընդունելության ժամանակացույցի համապատասխան, նրանց դիմումներին եւ առաջարկություններին տալ համապատասխան ընթացք,

7.  Հանձնաժողովի նիստի ժամանակ անջատել բջջային հեռախոսը:

9.4. Հանձնաժողովի անդամը  կարող է ունենալ Օրենքով նախատեսված այլ իրավունքներ եւ  պարտականություններ:

9.5. Հանձնաժողովի անդամներին տրվում է ամենամյա արձակուրդ՝ 36 աշխատանքային օր տեւողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, 24-ը՝ ամռանը:

Գլուխ 10. Հանձնաժողովի նիստը վարողը՝

10.1.  Բացում  եւ փակում է նիստը.

10.2.  Ձայն է տալիս եւ ավելացնում է ելույթի ժամանակը.

10.3. Կազմակերպում է հարցերի եւ ելույթների հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

10.4. Զզգուշացնում է՝ անունը, ազգանունը հրապարակելով, Հանձնաժողովի այն անդամին, որը նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

10.5.  Կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով եւ իրականացնել  սույն կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

10.6. Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին դուրս է հրավիրում Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա աղմկում է, վիրավորական արտահայտություններ անում եւ չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի պահանջները,

10.7. Եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում եւ, նիստը վարողն ի վիճակի չի լինում վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը,

10.8. Եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված,

Գլուխ 11. Հանձնաժողովի քարտուղարությունը

11.1. Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարությունը, որը Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է եւ գործում է Հանձնաժողովի ու Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ Հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:

11.2. Հանձնաժողովն ունի Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) եւ  3 փորձագետ (մասնագետ):

11.3. Հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները (մասնագետները)՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:

11.4. Փորձագետը՝

1. մասնակցում է օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խմբերի աշխատանքներին ու  քննարկումներին,

2. ներկայացնում է եզրակացությունների նախագծեր եւ առաջարկություններ՝ օրենքի նախագծի վերաբերյալ,

3. մասնակցում է Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման աշխատանքներին,

4. նախապատրաստում է չորսօրյա նիստերի օրակարգի ձեւավորման համար Հանձնաժողովի նախագահի մոտ հրավիրվող խորհրդակցությունները, Ազգային ժողովի եւ Հանձնաժողովի նիստերում օրինագծերի քննարկման ընթացքում արված առաջարկությունների հիման վրա կազմում է ամփոփաթերթեր ու Հանձնաժողովի նախագահին ներկայացվող այլ նյութեր,

5. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ մյուս պատգամավորներին ու Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներին կարող է մատուցել խորհրդատվական ծառայություններ՝ Հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ,

6. մասնակցում է Հանձնաժողովի նախագահի կողմից կազմակերպվող ամենշաբաթյա թռուցքաժողովներին, գրանցում է հանձնարարությունները եւ սահմանված ժամկետներում կատարում  դրանք,

7. իր լիազորությունների սահաններում, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի կամ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր եւ այլ փաստաթղթեր,

8. համակարգում եւ Հանձնաժողովի անդամներին է տրամադրում Հանձնաժողովի նիստերում քննարկման դրվող օրենքների, Ազգային ժողովի որոշումների նախագծերը եւ այլ փաստաթղթերը, ինչպես նաեւ այդ նախագծերի վերաբերյալ Հանձնաժողովի, Կառավարության  եւ Ազգային ժողովի աշխատակազմի  կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված եզրակացությունները,

9. կազմում է Հանձնաժողովի նիստի կամ այլ միջոցառումների արձանագրություններ՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,

10. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է Հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող հասարակական եւ քաղաքական միջոցառումներին, սեմինարներին, կլոր սեղաններին, հասարակական քննարկումներին,

11. վերլուծում, ամփոփում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն՝ քաղաքացիներից ու շահագրգիռ կազմակերպություններից Հանձնաժողովի անունով ստացված դիմումների եւ նամակների վերաբերյալ, ընթացք է տալիս այդ դիմում-բողոքներին՝ նախապատրաստելով համապատասխան նամակ Հանձնաժողովի նախագահի ստորագրման համար,

12. ըստ անհրաժեշտության Հանձնաժողովի նախագահին է  ներկայացնում զեկուցումներ եւ հաշվետվություններ՝ համապատասխան մարմինների հետ իր կողմից կատարվող աշխատանքների ընթացքի մասին,

13. համագործակցում է Ազգային ժողովի աշխատակազմի եւ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ ոլորտի հետ առնչվող նախարարությունների, գերատեսչությունների, համապատասխան ստորաբաժանումների եւ պետական այլ մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ,

14. ստանում է ծառայողական պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվություն եւ նյութեր՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

15. հետեւում է օրվա զանգվածային լրատվության միջոցներին, հավաքում ու համակարգում է անհրաժեշտ  տեղեկատվությունը եւ ընթացիկ կարեւոր խնդիրները ներկայացնում Հանձնաժողովի նախագահին,

16. գրանցում է քաղաքացիների բանավոր (ընդունելություն, հեռախոսազանգ) առաջարկությունները հիմնահարցերի հաշվառման մատյանում, որոնց Հանձնաժողովում համապատասխան ընթացք է տրվում,

17. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է Հանձնաժողովի գործավարության ստեղծմանն՝ իրեն հանձնարարված ոլորտներում,

18.  սահմանված կարգով կազմում է  օրենքների անձնագրերը,

19. սահմանված կարգով օգտվում է հերթական արձակուրդից, մասնակցում է վերապատրաստման դասընթացներին եւ Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ  կարող է գործուղման մեկնել նաեւ հանրապետությունից դուրս,

20. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքացիների ընդունելություններին,

21. կատարում է Հանձնաժողովի նախագահի այլ հանձնարարությունները:

22. Փորձագետն ունի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքով ու իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ եւ կրում է այդ ակտերով սահմանված այլ պարտականություններ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am