ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի ժը. 1) կետով եւ 97-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Հաստատել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
ՀՀ Ազգային ժողովի նախագահի
2009 թվականի հոկտեմբերի 13-ի
թիվ ՆՈ-006-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույնով սահմանվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղի ընտրության համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով) գործունեության կարգը:

2. Մրցութային հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով, այլ իրավական ակտերով: Մրցույթի կազմակերպման եւ անցկացման ընթացակարգային հարցերը կարգավորվում են մրցութային հանձնաժողովի որոշումներով։

3. Մրցույթի անցկացման հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Ազգային ժողովի միջոցների հաշվին:

4. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է վեց անդամից, որոնց թեկնածությունները Ազգային ժողովի նախագահին են առաջադրում տվյալ գումարման Ազգային ժողովում ստեղծված խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը հետեւյալ հարաբերակցությամբ.

ա) երկու թեկնածու՝ ընդդիմադիր խմբակցության կամ խմբակցությունների ներկայացմամբ.

բ) չորս թեկնածու՝ մյուս բոլոր խմբակցությունների եւ (կամ) պատգամավորական խմբերի ներկայացմամբ:

5. Մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվում են լրագրության, հեռահաղորդակցության, գործարարության, կառավարման, իրավագիտության, կրթության, մշակույթի, կրոնի բնագավառների հեղինակավոր գործիչներ եւ (կամ) այդ բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

6. Մրցութային հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել՝

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները.

գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները.

դ) պետական ծառայողները.

ե) քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները։

7. Խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի առաջարկությունների հիման վրա Ազգային ժողովի նախագահը 7-օրյա ժամկետում ձեւավորում է մրցութային հանձնաժողով:

8. Մրցութային հանձնաժողովի ձեւավորումից հետո` եռօրյա ժամկետում, մրցութային հանձնաժողովում ընդգրկված անձինք տեղեկացվում են մրցութային հանձնաժողովի անդամ նշանակվելու, ինչպես նաեւ մրցութային հանձնաժողովի առաջին նիստի անցկացման օրվա, ժամի եւ վայրի մասին։

9. Մրցութային հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է նախագահ եւ քարտուղար:

10. Եթե մրցութային հանձնաժողովի նախագահի եւ (կամ) քարտուղարի մասնակցությունը դրա հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա ընտրվում է մրցութային հանձնաժողովի նոր նախագահ եւ (կամ) քարտուղար:

11. Եթե մրցութային հանձնաժողովի անդամի մասնակցությունը դրա հետագա աշխատանքներին (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության կամ այլ պատճառներով) դառնում է անհնար, ապա նրան առաջադրած խմբակցությունը եւ (կամ) պատգամավորական խումբը առաջադրում են նոր թեկնածու, բայց ոչ ուշ, քան մրցույթի անցկացումից 24 ժամ առաջ։

12. Եթե մրցույթի ընթացքում կամ մրցույթից ոչ ուշ, քան 24 ժամ առաջ մրցութային հանձնաժողովի որեւէ անդամի մասնակցությունը դրա հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա մրցութային հանձնաժողովի կազմը չի համալրվում:

13. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է քաղաք Երեւան, Մարշալ Բաղրամյան 19 հասցեում:

14. Մրցութային հանձնաժողովի գործունեության տեղեկատվական եւ տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը:

2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

15. Մրցութային հանձնաժողովը`

ա) քննության է առնում Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի մրցույթին ինքնաառաջադրված անձանց փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը եւ որոշում է կայացնում ինքնաառաջադրված քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

բ) մինչեւ թեստավորում սկսելը ստուգում եւ ստորագրում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.

գ) անցկացնում է մրցույթի մասնակիցների թեստավորում.

դ) ստուգում եւ գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքների կատարումը.

ե) ամփոփում եւ հրապարակում է թեստավորման արդյունքները.

զ) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

է) հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

ը) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

թ) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

ժ) կազմում է քվեաթերթիկներ.

ժա) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

ժբ) քվեարկությունից հետո յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժգ) ամփոփում է մրցույթի արդյունքները եւ հրապարակում դրանք.

ժդ) մրցույթի արդյունքների վերաբերյալ տալիս է եզրակացություն.

ժե) իրականացնում է օրենքով, սույն կարգով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

16. Մրցութային հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

3. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

17. Մրցութային հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է մրցութային հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է մրցութային հանձնաժողովի նիստերը.

գ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

դ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների եւ բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով մրցութային հանձնաժողովի անդամների հետ.

զ) ապահովում է մրցութային հանձնաժողովի աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը.

է) մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին.

ը) իրականացնում է սույն կարգով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Մրցութային հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել խորհրդատուներ եւ փորձագետներ:

4. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

19. Մրցութային հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է մրցութային հանձնաժողովի նիստերը.

բ) պարզաբանում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն կարգով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

5. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

20. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

21. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին, իսկ որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

22. Մրցութային հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում մրցութային հանձնաժողովը կազմում է արձանագրություն, որը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:

6. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

23. Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով՝ ապահովելով տեղեկատվության մատչելիության համապետական ընդգրկվածությունը։

24. Հայտարարության մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները.

ա) թափուր պաշտոնի անվանումը.

բ) թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները.

գ) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման օրը եւ ժամը.

դ) սույն կարգի պաշտոնապես հրապարակված տեքստը պարունակող ՀՀ պաշտոնական տեղեկագրի համարը (տվյալները):

25. Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։

26. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը.

ա) դիմում՝ համաձայն սահմանված ձեւի.

բ) անձնագրի պատճենը.

գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

դ) ինքնակենսագրություն (մանրամասն).

ե) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք աշխատանքային գրքույկից կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված (վավերացված) տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).

է) 2 լուսանկար` 3x4 չափսի.

ը) երկու երաշխավորագիր՝ զանգվածային լրատվության եւ հեռահաղորդակցության բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից: Հավելյալ երաշխավորագիր կարող է տալ նաեւ Հանրային խորհուրդը։

27. Փաստաթղթերը ներկայացվում են մրցութային հանձնաժողով մրցույթի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարության հրապարակմանը հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը մրցութային հանձնաժողովի կողմից չեն ընդունվում:

28. Մրցութային հանձնաժողովը փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետից հետո` 15-օրյա ժամկետում, քննարկում է ինքնաառաջադրված անձի (անձանց) ներկայացրած փաստաթղթերը, դրանց հիմքերը եւ դրանց համապատասխանության հիմնավորմամբ տվյալ անձին (անձանց) թույլ է տալիս մասնակցել մրցույթին եւ նրան գրանցում է որպես թեկնածու։

29. Եթե ինքնաառաջադրված անձի փաստաթղթերը թերի են, մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից առնվազն 10 օր առաջ տեղեկացնում է այդ մասին եւ սահմանում ժամկետ՝ դրանք համալրելու կամ շտկելու համար։

30. Եթե սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվում, ապա գրանցումը մերժվում է, եւ այդ մասին երկօրյա ժամկետում տեղեկացվում տվյալ անձին։

31. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է այդ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը։

32. Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին ինքնաառաջադրվել է առնվազն մեկ մասնակից։

33. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի։

34. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր՝ դրա համար առանձնացված սենյակում։

35. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

36. Մրցութային հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ներկայացնում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

37. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին եւ յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխան:

38. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որեւէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր եւ այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաեւ թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր համարվող այլ միջոցներից, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա անձանց, այդ թվում` մրցութային հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ դուրս գալ սենյակից:

39. Սույն կարգի 38-րդ կետում նշված պահանջների խախտման մասին մրցութային հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

40. Սույն կարգի 38-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր եւ գնահատվում է զրո միավոր, ինչի մասին մրցութային հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

41. Թեստում ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

42. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե:

43. Մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո մրցույթի մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մրցույթի մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր եւ գնահատվում է զրո միավոր, ինչի մասին մրցութային հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն:

44. Մասնակիցների գիտելիքները ստուգելու համար մրցութային հանձնաժողովը կազմում է թեստ` հետեւյալ համամասնությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից՝ 20 տոկոս.

բ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 40 տոկոս.

գ) «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 10 տոկոս.

դ) «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 20 տոկոս.

ե) Եվրախորհրդի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ` 10 տոկոս։

45. Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի։

46. Մրցույթի մասնակցին տրամադրվում է 50 հարցից բաղկացած թեստ: Թեստում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատասխան։ Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ ճիշտ պատասխան։

47. Գրավոր աշխատանքներն ստուգվում են թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձեւանմուշի միջոցով:

48. Մրցութային հանձնաժողովի անդամները համատեղ, ձեւանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների նշած պատասխանները:

49. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը եւ տոկոսը, որը հաստատվում է մրցութային հանձնաժողովի անդամների ստորագրությամբ:

50. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որեւէ պատասխան չնշելը, ինչպես նաեւ սույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքերը:

51. Մրցութային հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած տոկոսը, ինչն անմիջապես արձանագրում է մրցութային հանձնաժողովի քարտուղարը:

52. Մասնակիցների հավաքած տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո մրցութային հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձեւանմուշը:

53. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել մրցութային հանձնաժողովին հրապարակումից հետո` մեկ ժամվա ընթացքում:

54. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որեւէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաեւ թեստավորումից հետո մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

55. Եթե մրցութային հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա մրցութային հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

56. Եթե մրցութային հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը եւ սխալ է համարում որեւէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

57. Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները։

58. Մրցույթի մասնակիցների հետ հարցազրույց անցկացվում է հեռահաղորդակցության, լրագրության եւ արտահայտվելու ազատության կիրառման, ինչպես նաեւ կրթության, մշակույթի բնագավառների, գովազդի իրականացման, սոցիալական խմբերին կամ անչափահասներին ուղղված հաղորդումներին, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուստատեսային ծրագրերի ստեղծման, լուսաբանման ուղղությամբ։ Հարցազրույցի անցկացման ընթացակարգը որոշում է մրցութային հանձնաժողովը:

59. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն, որի ձեւը (բաց կամ փակ քվեարկություն) որոշում է մրցութային հանձնաժողովը:

60. Եթե մրցույթի օրը մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ 10-օրյա ժամկետում անցկացվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով։

61. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի կամ 45-րդ հոդվածով սահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել կամ ճիշտ չի պատասխանել թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ։

62. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը։

63. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին։

64. Մրցույթի արդյունքների հիման վրա Ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

7. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

65. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է Ազգային ժողովի նիստում քվեարկության արդյունքով Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո՝ երրորդ օրը։ Այդ ժամկետում մրցութային հանձնաժողովը մրցույթի կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ նյութերը (փաստաթղթերը) փոխանցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

13.10.2009
ՆՈ-006-Ն