Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ՆՈ-01-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 02.08.2021թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետով, 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» ՆՈ-01-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի (այսուհետ՝ Հավելված 1) 1.4-րդ կետում նշված «եւ արտաքին վերահսկելի գոտիներ.» բառերը փոխարինել «, արտաքին վերահսկելի եւ աշխատանքային գոտիներ.» բառերով:

2. Հավելված 1-ի 1.4-րդ կետի 2-րդ ենթակետում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Հատուկ վերահսկելի գոտին ներառում է Ազգային ժողովի նիստերի դահլիճը, Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակը, Ազգային ժողովի նախագահի ընդհունարանը, Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ նաեւ այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո: Առանց համապատասխան զննման մուտքը հատուկ վերահսկելի գոտի թույլատրվում է միայն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Ազգային ժողովի գլխավոր քարտուղար) թույլտվությամբ եւ պահպանության ծառայության պետի համաձայնությամբ:»:

3. Հավելված 1-ի 1.4-րդ կետում լրացնել նոր` 4-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.

«4) աշխատանքային գոտի է համարվում Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողների, Ազգային ժողովի խմբակցությունների աշխատասենյակների տարածքը, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է:

Աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները հաստատում է Ազգային ժողովի նախագահը:»:

4. Հավելված 1-ի 1.5-րդ կետի «իսկ արտաքին վերահսկելի գոտում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմինը» բառերը փոխարինել «արտաքին վերահսկելի գոտում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմինը, իսկ աշխատանքային գոտում՝ Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան աշխատակից(ներ)ը:» բառերով:

5. Հավելված 1-ի 1.6-րդ  կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.6. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում, իսկ առանձնացված հատուկ տեղերից բացի այլ տեղերում կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ:

Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ  նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում: Հանձնաժողովի նախագահը հավատարմագրված լրագրողների ցուցակը, ովքեր ներկա են գտնվելու նիստին, նախապես, բայց ոչ ուշ քան նիստն սկսելուց 2 ժամ առաջ,  ներկայացնում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին:

Պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրատվական միջոցներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ:»:

6. Հավելված 1-ի 1.10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.10. Արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում թռչող տեսանկարահանող սարքերով նկարահանման աշխատանքների իրականացումը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ առկա է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ պահպանության ծառայության պետի կողմից տրված համաձայնություն:»:

7. Հավելված 1-ի 1-ին գլխում լրացնել նոր՝ 1.11-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«1.11. Արգելվում է Ազգային ժողովի նիստերի դահլիճ բերել պայուսակ, ծանրոց, մեծածավալ առարկաներ, բացառությամբ՝ աշխատանքային համակարգիչների, թղթապանակների:»:

8. Հավելված 1-ի 2.5-րդ կետում լրացնել նոր՝ 4-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.

«4) օժանդակում է  Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան աշխատակից(ներ)ին Ազգային ժողովի տարածքում սահմանված կարգապահական կանոնների պահպանման ապահովումն իրականացնելիս:»:

9. Հավելված 1-ի 2.6-րդ կետը հանել:

10. Հավելված 1-ի 2-րդ գլխում լրացնել նոր 2.8-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.8. Պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում, արգելվում է ձայնագրել, տեսա- կամ լուսանկարահանել պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:»:

11. Հավելված 1-ի 3.1-ին կետի 1-ին ենթակետում «վկայականները» բառից հետո    լրացնել «՝ սույն կանոնների 5.2-րդ կետով նախատեսված դեպքերում.» բառերը:

12. Հավելված 1-ի 3.1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կողմից տրված ծառայողական վկայականները, մագնիսական պլաստիկ քարտ-վկայականները եւ մագնիսական պլաստիկ քարտերը.»:

13. Հավելված 1-ի  3.1-ին կետում լրացնել նոր 5-րդ ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5) Հաշվեքննիչ պալատի անդամների եւ աշխատակազմի ծառայողների ծառայողական վկայակաները եւ մագնիսական պլաստիկ քարտերը:»:

14. Հավելված 1-ի 3.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.2. Պահպանվող օբյեկտ մուտքի (ելքի) իրավունք տվող փաստաթուղթ ստանալու հիմք հանդիսացող փաստաթղթերն են.

1) ժամանակավոր մուտքի մագնիսական պլաստիկ քարտ տրամադրելու վերաբերյալ էլեկտրոնային հայտ.

2) միանգամյա մուտքի մագնիսական պլաստիկ քարտ տրամադրելու վերաբերյալ էլեկտրոնային հայտ.

3) Ազգային ժողովի նախագահի ընդունարանի մուտքի անցաթուղթ.

4) հավատարմագրված լրագրողների հավատարմագիր.

5) Ազգային ժողով հրավիրված այցելուների մուտքի վերաբերյալ էլեկտրոնային հայտ, գրություն, ցուցակ.

6) Ազգային ժողով ժամանող պատվիրակությունների մուտքի էլեկտրոնային հայտ, գրություն, ցուցակ.

7) պահպանվող օբյեկտ տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) եւ ապրանքանյութական արժեքներ ներս բերելու (դուրս հանելու) էլեկտրոնային հայտ.

8) պահպանվող օբյեկտ անձնական ապրանքանյութական արժեքներ ներս բերելու (դուրս հանելու) էլեկտրոնային հայտ.

9) պահպանվող օբյեկտ չհավատարմագրված լրագրողների տեխնիկական միջոցների մուտքի թույլտվության էլեկտրոնային հայտ (գրություն).

10) ոչ աշխատանքային օրերին պահպանվող օբյեկտի տարածք մուտքի (ելքի) էլեկտրոնային հայտ, գրություն, ցուցակ.

11) աշխատաժամանակի տեւողության փոփոխության վերաբերյալ էլեկտրոնային ծանուցում:»:

15. Հավելված 1-ի 4.1-ին կետը հանել:

16. Հավելված 1-ի 4.2-րդ կետում նշված «19:00» թվերը փոխարինել «22:00» թվերով:

17. Հավելված 1-ի 4.3-րդ կետում նշված «եւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարի» բառերը հանել:

18. Հավելված 1-ի 4.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4.4. Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, ռեֆերենտների, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի տեղակալների, Ազգային ժողովի աշխատակազմի վարչությունների պետերի, առաջին բաժնի պետի, Հաշվեքննիչ պալատի անդամների, Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի վարչությունների պետերի, վարչապետի աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի մուտքը (ելքը) թույլատրվում է  աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերին՝ առանց ժամային սահմանափակման:»:

19. Հավելված 1-ի 4.5-րդ կետը հանել:

20. Հավելված 1-ի 4.6-րդ կետում նշված «19:00» թվերը փոխարինել «22:00» թվերով եւ հանել «եւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարի» բառերը:

21. Հավելված 1-ի 4.8-րդ կետում  նշված «մեկանգամյա մուտքի անցագրերով, հայտերով, ցուցակներով եւ գրություններով» բառերը փոխարինել «միանգամյա մուտքի մագնիսական պլաստիկ քարտ տրամադրելու վերաբերյալ էլեկտրոնային հայտերի, ցուցակների եւ գրությունների հիման վրա» բառերով:

22. Հավելված 1-ի 4.9-րդ կետում նշված «մեկանգամյա մուտքի անցագրերով, հայտերով, ցուցակներով եւ գրություններով» բառերը փոխարինել «միանգամյա մուտքի մագնիսական պլաստիկ քարտ տրամադրելու վերաբերյալ էլեկտրոնային հայտերի, ցուցակների եւ գրությունների հիման վրա» բառերով:

23. Հավելված 1-ի 4.10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պահպանվող օբյեկտի տարածք մուտքի (ելքի) իրավունք տվող փաստաթղթերով թույլատրվում է միայն դրանցում նշված անձանց մուտքը (ելքը): Այս պայմանի խախտման դեպքում պահպանության ծառայության հերթապահ ծառայողը զեկուցում է ըստ վերադասության:»:

24. Հավելված 1-ի 4.11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ծառայողական վկայականը (անցագիրը), մագնիսական պլաստիկ քարտը կորցնելու դեպքում Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ծառայողներն այդ մասին իրենց անմիջական ղեկավարի միջոցով գրավոր իրազեկում են Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին: Վերջինիս հանձնարարությամբ համապատասխան ծառայությունն անմիջապես արգելափակում է մագնիսական պլաստիկ քարտի գործունեությունը՝ այդ մասին իրազեկելով պահպանության ծառայությանը:»

25. Հավելված 1-ի 4.12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ծառայողական վկայականը, հավատարմագիրն անվավեր ճանաչելու եւ մագնիսական պլաստիկ քարտն արգելափակելու մասին Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարը՝ վերջինիս միջոցով, անմիջապես գրավոր իրազեկում են պահպանության ծառայությանը:»

26. Հավելված 1-ի 4.13-րդ կետում նշված «անձնակազմի» բառերը փոխարինել «մարդկային ռեսուրսների» բառերով:

27. Հավելված 1-ի 4.14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Աշխատանքից ազատված եւ ծառայողական վկայականը չհանձնած աշխատողների վերաբերյալ Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ղեկավարների ցուցումով Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կողմից գրավոր տեղեկացվում են պահպանության ծառայությունը եւ Ազգային ժողովի համապատասխան ստորաբաժանումը՝ պահպանվող տարածք նրանց մուտքն արգելելու համար, չհանձնված վկայականն առգրավելու, Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմ հանձնելու եւ այդ աշխատողի մուտքը հետագայում ընդհանուր հիմունքներով իրականացնելու նպատակով:»:

28. Հավելված 1-ի 4.15-րդ կետում հանել «անցագրեր» բառը:

29. Հավելած 1-ի 4.16-րդ կետի 3-րդ ենթակետում նշված «ուսապարկեր» բառից հետո լրացնել «բարձրախոսներ, պաստառներ» բառերը:

30. Հավելված 1-ի 4.17-րդ կետում նշված «հայտերի» բառը փոխարինել «էլեկտրոնային հայտերի» բառերով:

31. Հավելված 1-ի 4.18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Արգելվում է պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող անձանց ներս բերել ֆոտոապարատներ, տեսախցիկներ, ձայնագրող սարքեր, կապի եւ տեղեկատվության այլ միջոցներ, բացառությամբ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների: Սույն կանոնից բացառություն են նաեւ այն դեպքերը, երբ էլեկտրոնային հայտ ներկայացրած պաշտոնատար անձը հատուկ նշում է կատարում նշված միջոց(ներ)ը թույլ տալու մասին: Միանգամյա մուտքի անցագրով պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործելիս թույլատրվում է բջջային հեռախոսներ ներս բերելը միայն էլեկտրոնային հայտում հատուկ նշված լինելու դեպքում:»:

32.  Հավելված 1-ի 4.23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պահպանվող օբյեկտի տարածքում անհրաժեշտության դեպքում  պահպանության ծառայության պետի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն, որն իրականացնում է պահպանության ծառայությունը` տեղեկացնելով Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին:

Ուժեղացված ծառայության ժամանակ պահպանության ծառայության պետի կարգադրությամբ կարող է գործել խստացված անցագրային ռեժիմ, որի պայմաններում միանգամյա մուտքի անցագրերի տրամադրումն իրականացվում է բացառիկ դեպքերում միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կամ նրա լիազորած տեղակալի կողմից հաստատված էլեկտրոնային հայտերի հիման վրա: Անձանց, այդ թվում՝ պատգամավորների, Ազգային ժողովի աշխատակազմի եւ Հաշվեքննիչ պալատի աշխատողների մուտքը (ելքը) պահպանվող օբյեկտի տարածք հնարավոր է միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ՝ պահպանության ծառայության պետի համաձայնությամբ:»:

33. Հավելված 1-ի 5.1-ին կետում նշված «անձնակազմի» բառը փոխարինել «մարդկային ռեսուրսների» բառերով:

34. Հավելված 1-ի 5.2-րդ կետում «Դեմիրճյան փողոցի հ. հ.» բառերից հետո նշված «5» թիվը հանել:

35. Հավելված 1-ի 5.2-րդ կետի 5-րդ ենթակետում «նախագահը» բառից հետո լրացնել  «եւ անդամները» բառերը:

36. Հավելված 1-ի 5.2-րդ կետի 17-րդ ենթակետում նշված «եւ անդամները» բառերը հանել :

37. Հավելված 1-ի 5.2-րդ կետի 18-րդ ենթակետում նշված «եւ անդամները» բառերը հանել:

38. Հավելված 1-ի 5.2 կետի 20-րդ ենթակետում նշված «վարիչը» բառը փոխարինել «պետը» բառով:

39. Հավելված 1-ի 5.2-րդ կետի 24-րդ ենթակետում նշված «խորհրդականները,» բառը եւ կետադրական նշանը հանել:

40. Հավելված 1-ի 5.2-րդ կետի 25-րդ եւ 28-րդ ենթակետերը հանել:

41. Հավելված 1-ի 5.2 կետում լրացնել նոր 30-րդ ենթակետ.

«30) Հանրապետության նախագահի խորհրդականները, օգնականները, ռեֆերենտները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:»:

42. Հավելված 1-ի 5.4-րդ կետը հանել:

43. Հավելված 1-ի 5.5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պահպանվող օբյեկտի տարածք բոլոր ՀԱԿ-երով անարգել (առանց ստուգման) մուտքի (ելքի) իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի անդամները՝ փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ամենայն հայոց կաթողիկոսը եւ նրան ուղեկցող անձինք, Ազգային ժողովի նախագահի տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը, Արցախի Հանրապետության նախագահը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Արցախի Հանրապետության պետական նախարարը, ինչպես նաեւ պահպանության ծառայության կողմից պահպանության տակ գտնվող բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ պահպանության ծառայության պետի եւ Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի համաձայնությամբ:»:

44. Հավելված 1-ի 5-րդ գլխի 5.6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Դեմիրճյան փողոցի հ.հ. 4, 7, 9 դարպասներով տրանսպորտային միջոցներով անարգել (առանց ստուգման) մուտքի (ելքի) իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Անվտանգության խորհրդի անդամների՝ փոխվարչապետների, Անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ոստիկանության պետի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ամենայն հայոց կաթողիկոսի,  Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի,  Արցախի Հանրապետության նախագահի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական նախարարի եւ պահպանության ծառայության կողմից պահպանության տակ գտնվող բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաները՝   պահպանության ծառայության պետի եւ Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի համաձայնությամբ, ինչպես նաեւ առանձին դեպքերում Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ այն ավտոմեքենաները, որոնց պետհամարանիշերը Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի ստորագրած ցուցակով (համապատասխան դարպասի նշումով) նախապես փոխանցվում են պահպանության ծառայության պետին:»:

45. Հավելված 1-ի 5.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ազգային ժողովի տարածք պարտադիր զննում անցնելուց հետո (այդ թվում՝ տրանսպորտային միջոցում առկա իրերը) Դեմիրճյան փողոցի հ.հ. 9 դարպասով մուտքի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահի տեղակալների տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն տրանսպորտային միջոցները, որոնց պետհամարանիշերը եւ մակնիշները Ազգային ժողովի նախագահի գիտությամբ, պահպանության ծառայության պետի համաձայնությամբ  Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի ստորագրած ցուցակով նախապես փոխանցվում են պահպանության ծառայության պետին: Նշված ավտոմեքենաներով այլ անձանց մուտքն արգելվում է, իսկ տարածքում կայանելը թույլատրվում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ:»:

46. Հավելված 1-ի 5.10-րդ կետում նշված «նյութատեխնիկական ապահովման» բառերը փոխարինել «վարչատնտեսական» բառով:

47. Հավելված 1-ի 5.12-րդ կետում նշված «նյութատեխնիկական ապահովման» բառերը փոխարինել «վարչատնտեսական» բառով:

48. Հավելված 1-ի 5.13-րդ կետում նշված «ամրաքարտեր» բառը փոխարինել «մագնիսական պլաստիկ քարտեր» բառերով:

49. Հավելված 1-ի 5.14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Առանձին դեպքերում Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի (նրա լիազորած տեղակալի) տված՝ համապատասխան նշում կատարված էլեկտրոնային հայտերի հիման վրա տրված մագնիսական պլաստիկ քարտերով այցելուների եւ տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը) կարող է իրականացվել Դեմիրճյան փողոցի հ.հ. 4, 7, 8 դարպասներով, հ. 6 ՀԱԿ-ով եւ Բաղրամյան փողոցի հ. 3 դարպասով:»:

50. Հավելված 1-ի 5-րդ գլխում լրացնել նոր՝ 5.15-րդ կետ.

«5.15. Պահպանվող օբյեկտի տարածքում գտնվելու ողջ ժամանակահատվածում Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի աշխատողները պարտավոր են տեսանելի կերպով կրել իրենց անվանական մագնիսական պլաստիկ քարտերը:»:

51. Հավելված 1-ի 6.1-ին կետում նշված «Միանգամյա մուտքի անցագրերով» բառերը փոխարինել «Միանգամյա մուտքի մագնիսական պլաստիկ քարտերով» բառերով:

52. Հավելված 1-ի 6.2-րդ կետում նշված «Միանգամյա մուտքի անցագիրը հայտի» բառերը փոխարինել «Միանգամյա մուտքի մագնիսական պլաստիկ քարտը էլեկտոնային հայտի» բառերով:

53. Հավելված 1-ի 6.3-րդ կետում նշված «Միանգամյա մուտքի անցագիր» բառերը փոխարինել «Միանգամյա մուտքի մագնիսական պլաստիկ քարտ» բառերով:

54. Հավելված 1-ի 6.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.4. Այցելուներին միանգամյա մուտքի մագնիսական պլաստիկ քարտ տրամադրելու համար հատուկ էլեկտրոնային համակարգ է մուտքագրվում էլեկտրոնային հայտ, որտեղ նշվում են հրավիրվածի այցելության օրը, ժամը, անունը, ազգանունը, այն աշխատասենյակը, որտեղ պետք է այցելի, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտից դուրս գալու ժամը, որը կարող է անհրաժեշտության դեպքում երկարացվել:»:

55. Հավելված 1-ի 6.5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.5. Էլեկտրոնային հայտն ուղարկվում է պահպանության ծառայությանը ժամը 09:00-17:45-ը:»:

56. Հավելված 1-ի 6.6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.6. Հայտ ներկայացնելու իրավունք ունեն՝

 1) Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը, ռեֆերենտները, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալները, աշխատակազմի վարչությունների պետերը, առաջին բաժնի պետը եւ այն ծառայողները (աշխատողները), որոնց վերաբերյալ Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը գրավոր իրազեկում է պահպանության ծառայության պետին.

2) Հաշվեքննիչ պալատի նախագահը, Հաշվեքննիչ պալատի անդամները, Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարը եւ աշխատակազմի վարչությունների պետերը՝ Հաշվեքննիչ պալատ այցելելու համար:»:

57.  Հավելված 1-ի 6.7-րդ կետում նշված «մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցության ղեկավարների,» բառերը հանել:

58. Հավելված 1-ի 6.8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.8. Այցելուներին Բաղրամյան պողոտայի հ. 2 ՀԱԿ-ում տրվում են մագնիսական պլաստիկ քարտեր: Այցելուն պարտավոր է պահպանվող օբյեկտի տարածքում գտնվելու ողջ ժամանակահատվածում մագնիսական պլաստիկ քարտը փակցնել տեսանելի տեղում եւ վերադարձնել հ. 2 ՀԱԿ-ից դուրս գալիս:»:

59. Հավելված 1-ի 6.9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.9. Հայտատուն պարտավոր է անձամբ կամ համապատասխան աշխատակցի միջոցով այցելուին ուղեկցել պահպանվող օբյեկտի տարածքում վերջինիս գտնվելու ողջ ժամանակահատվածում: Այցելուների տեղաշարժը պահպանվող օբյեկտի տարածքում առանց հայտատուի կամ նրա կողմից էլեկտրոնային հայտում որպես ուղեկից նշված աշխատակցի ուղեկցման արգելվում է:»:

60. Հավելված 1-ի 6.10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.10. Այցելուի անձը հաստատող փաստաթուղթը ի պահ է հանձնվում ՀԱԿ-ի պահպանության ծառայության պատասխանատու ծառայողին եւ վերադաձվում է անցակետից դուրս գալիս` մագնիսական պլաստիկ քարտը հանձնելուց հետո: Աշխատանքային օրերին՝ ժամը 19:00-ից հետո այցելուների՝ անձը հաստատող փաստաթղթերը փոխանցվում են Դեմիրճյան պողոտայի հ. 9 ՀԱԿ, որտեղից դրանք հանձնվում են դուրս եկող այցելուին:»:

61. Հավելված 1-ի 6.11-րդ կետում նշված «գրավոր հայտը» բառերը փոխարինել «էլեկտրոնային հայտը» բառերով:»:

62. Հավելված 1-ի  6.12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.12. Այցելուին ընդունող հայտատուն հանդիպման ավարտից հետո այցելուին նախազգուշացնում է տարածքից դուրս գալու ժամանակ մագնիսական պլաստիկ քարտը պահպանության ծառայության հերթապահ ծառայողին հանձնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ անձամբ կամ համապատասխան աշխատակցի միջոցով այցելուին ուղեկցում է մինչեւ համապատասխան անցակետ:»:

63. Հավելված 1-ի 6.13-րդ կետում նշված «միանգամյա մուտքի անցագիրը» բառերը փոխարինել «մագնիսական պլաստիկ քարտը» բառերով:

64. Հավելված 1-ի 6-րդ գլխում նշված 6.14-րդ կետը հանել:

65. Հավելված 1-ի 6.15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «6.15. Ազգային ժողովի նիստերի օրերին, բացառությամբ Ազգային ժողովի նախագահի լիազորած խորհրդականի (օգնականի), այցելուների եւ տրանսպորտային միջոցների համար միանգամյա մուտքի մագնիսական պլաստիկ քարտ տրվում է բացառիկ դեպքերում միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կամ նրա լիազորած տեղակալի թույլտվությամբ:»:

66. Հավելված 1-ի 6.16-րդ կետում նշված «պաշտոնատար անձը» բառերից հետո լրացնել «՝ ցուցակը նախապես (առնվազն 2 օր առաջ) համաձայնեցնելով Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի հետ» բառերը:

67. Հավելված 1-ի 6.17-րդ կետում նշված «,բացի Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներից,» բառերը եւ կետադրական նշանները հանել:

68. Հավելված 1-ի 6.18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.18. Ազգային ժողովում կազմակերպվող լսումներին, խորհրդակցություններին, մշակութային եւ այլ բազմամարդ միջոցառումներին հրավիրվող անձանց (10 եւ ավելի անձանց դեպքում) համար՝ բացառությամբ Ազգային ժողովի նախագահի կողմից կազմակերպվող միջոցառումների, հայտատուն առնվազն 3 օր առաջ լրացնում է սահմանված ձեւի էլեկտրոնային հայտ (գրություն, ցուցակ), որը պահպանության ծառայության պետի համաձայնությամբ վավերացնում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը, նրա բացակայության դեպքում` լիազորած տեղակալը: Հայտը ուղարկվում է պահպանության ծառայություն:  Հրավիրված անձինք պահպանվող օբյեկտ մուտք են գործում նախատեսված ՀԱԿ-ով համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո: Հրավիրվածների անձը հաստատող փաստաթղթերը հանձնվում են  պահպանության ծառայության պատասխանատու ծառայողին եւ վերադարձվում անցակետից դուրս գալիս:»:

69. Հավելված 1-ի 6.19-րդ կետում նշված «Ազգային ժողովում կազմակերպվող միջոցառումներին հրավիրված» բառերը հանել :

70. Հավելված 1-ի 6.20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.20. Ազգային ժողովում չհավատարմագրված լրագրողների մուտքը իրենց լրագրողական սարքավորումներով (տեսաձայնագրող սարքեր, ֆոտոապարատ) իրականացվում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կամ նրա լիազորած տեղակալի կողմից հաստատված սահմանված ձեւի էլեկտրոնային հայտի (գրության) առկայության դեպքում: Էլեկտրոնային հայտը (գրությունը) ուղարկվում է պահպանության ծառայություն:

Հայտատուն պարտավոր է էլեկտրոնային հայտում նշել, որ չհավատարմագրված լրագրողն այցելում է մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով, ինպես նաեւ նշել այն վայրը, որտեղ իրականացվելու է մասնագիտական գործունեությունը, տեւողությունը: Այս պայմանի չպահպանման դեպքում չի թույլատրվում լրագրողի մասնագիտական գործունեությունը պահպանվող օբյեկտի տարածքում:»:

71. Հավելված 1-ի 6.21-րդ կետում նշված «Ազգային ժողովի նախագահի տեղակալների, պատգամավորների,» բառերը եւ կետադրական նշանը հանել:

72. Հավելված 1-ի 6.22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.22. Ժամը 18:00-ից հետո, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերին էլեկտրոնային հայտերն ընդունում է պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարը: Էլեկտրոնային եղանակով հայտերն ընդունելու անհնարինության դեպքում պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարը տեղեկացվում է հեռախոսով:»:

73. Հավելված 1-ի 6-րդ գլխում նշված 6.23-րդ կետը հանել:

74. Հավելված 1-ի 7.11-րդ կետում նշված «ստորաբաժանման ղեկավարին» բառերց հետո լրացնել «՝ համապատասխան մատյանում գրառում կատարելով» բառերը:

75. Հավելված 1-ի 7.13-րդ կետում նշված «նյութատեխնիկական ապահովման» բառերը փոխարինել «վարչատնտեսական» բառով:

76. Հավելված 1-ի 7.14-րդ կետում նշված «Ազգային ժողովի աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության պետը» բառերը փոխարինել «Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի լիազոր տեղակալը» բառով:

77. Հավելված 1-ի 7.16-րդ կետում լրացնել նոր՝ 1-ին պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝

« Պահպանվող օբյեկտի տարածքում հակահրդեհային անվտանգության կանոնների ապահովման համար Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան աշխատակիցն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն:»

78. Հավելված 1-ի 7.16-րդ կետում նշված «նյութատեխնիկական ապահովման» բառերը փոխարինել «վարչատնտեսական» բառով:

79. Հավելված 1-ում լրացնել նոր 8-րդ գլուխ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Գլուխ 8

ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔԸ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

8.1. Անցագրերի տրամադրման էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում այցելուներին միանգամյա մուտքի անցագիր տրամադրելու համար Ազգային ժողովի աշխատակազմի առաջին բաժնի տված տպագիր ձեւաթղթի վրա լրացվում է հայտ, որտեղ նշվում են հրավիրվածի այցելության օրը, ժամը, անունը, ազգանունը եւ այն աշխատասենյակը, որտեղ պետք է այցելի, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտից դուրս գալու ժամը, որը կարող է անհրաժեշտության դեպքում երկարացվել:

8.2. Հայտը հանձնվում է պահպանության ծառայության հենակետ (Ազգային ժողովի 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, 101 սենյակ), որտեղից հայտում նշված տեղեկությունը փոխանցվում է Ազգային ժողովի h. 2 ՀԱԿ-ում տեղակայված անցագրային հենակետ` անցագրի դուրսգրման համար: Հայտը պահպանության ծառայության հենակետ հանձնում է հայտատուն անձամբ կամ նրա օգնականը (գործավարը)՝ ժամը 09:00-17:45-ն:

8.3. Այցելուին ընդունող հայտատուն հանդիպման ավարտից հետո անցագրում նշում է կատարում այցելուի դուրս գալու ժամանակի մասին, դա վավերացնում է իր ստորագրությամբ, այցելուին նախազգուշացնում է տարածքից դուրս գալու ժամանակ անցագիրը պահպանության ծառայության հերթապահ ծառայողին հանձնելու անհրաժեշտության մասին: Եթե այցելուի անցագրի վրա բացակայում է սահմանված նշումը, ապա պահպանության ծառայության ծառայողը հետադարձ զանգի միջոցով ճշտում է կատարում սահմանված նշումի բացակայության վերաբերյալ եւ ձեռնարկում համապատասխան միջոցներ բաց թողնված նշումը կատարելու համար:

8.4. Եթե այցելուն կորցնում է միանգամյա մուտքի անցագիրը, ապա հայտատուն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի միջոցով այդ մասին գրավոր իրազեկում է պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին:

8.5. Հայտատուի բացակայության ժամանակ այցելուի անցագիրն ստորագրում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը, նրա լիազորած տեղակալը կամ պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարը:

8.6. Օգտագործված միանգամյա մուտքի անցագրերը, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերին պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործած անձանց եւ տրանսպորտային միջոցների գրանցման մատյանները պահվում են պահպանության ծառայությունում եւ ոչնչացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.7. Անցագրերի տրամադրման էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում այցելուներին միանգամյա մուտքի անցագիր տրամադրելիս գործում են 6-րդ գլխի կանոնները, եթե սույն գլխով այլ կանոններ սահմանված չեն:»:

80. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը  հաջորդող օրվանից:

81. Մագնիսական պլաստիկ քարտերին վերաբերող դրույթները գործելու են համապատասխան համակարգի ներդրման պահից:

82. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում կհաստատվեն պահպանվող օբյեկտ մուտքի (ելքի) իրավունք տվող փաստաթուղթ ստանալու հիմք հանդիսացող փաստաթղթերի ձեւերը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

30.07.2021
ՆՈ-63-Լ