Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը ասաց.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ, պարոն դեսպան, եւ ի դեմս Ձեզ՝ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները, որոնք սկիզբ են առնում դեռեւս 16-րդ դարից, երբ հայ-հնդկական առեւտրային լայն կապերը հիմք հանդիսացան մեր երկու ժողովուրդների բարեկամությանը: Պատահական չէ, որ այդ հանգամանքը նաեւ նպաստեց հայկական համայնքի ձեւավորմանը անզուգական մշակույթ կրող երկրում՝ Հնդկաստանում:
Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ վերընթաց զարգացում ապրող հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հնդկաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար ինչպես քաղաքական հարթությունում, այնպես էլ զանազան ոլորտներում նրա արձանագրած հաջողություններով: Հնդկաստանն այսօր մեծ հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում, ինչը ամրապնդվում է իր հզոր տնտեսությամբ եւ գլոբալ մակարդակով ունեցած դերակատարությամբ:
Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի: Ճակատագրի բերումով մեր երկու ժողովուրդները մշտապես դիմագրավել են բազմաթիվ փորձություններ՝ ապացուցելու համար իրենց ազատ եւ անկախ ապրելու կամքն ու կարողությունը: Պայքարել ենք ազատության եւ հայրենիքի անկախության համար, բայց մեր պայքարն ու հաղթանակները չենք կառուցել ատելության եւ բռնության վրա:
Մեր ժողովուրդների միջեւ հոգեւոր ամուր կապի մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ հնդկական Մադրասում է լույս տեսել հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարարը», որի 220-ամյակը լրանում է այս տարի:
Հնդկաստանի եւ աշխարհի մեծագույն գործիչներից մեկը՝ Հնդկաստանի անկախության շարժման քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Մահաթմա Գանդին հետեւյալ հիանալի խոսքերն է ասել. «Եթե դու բախվել ես հակառակորդի, հաղթիր նրան սիրով»: Այս խոսքերը լիովին համահունչ են հայ եւ հնդիկ ժողովուրդների անցած ճանապարհին, արժեհամակարգին եւ հոգեբանությանը: Այս բառերը արդիական են նաեւ այսօր, երբ աշխարհում, ցավոք, հանդուրժողականության, հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության պակաս է զգացվում:
Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը վերջին տարիների ընթացքում բավականին շոշափելի է: Ես, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ջանք չեմ խնայելու այդ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար՝ ի նպաստ երկկողմ կապերի սերտացման եւ բարեկամության ամրապնդման:
Հարգելի պարոն դեսպան, օգտվելով առիթից, թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ: Բարեկամ հնդիկ ժողովրդին մաղթում եմ խաղաղ ապագա, բարեկեցություն եւ հետագա առաջընթաց»: