Տպել
14.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարին
1 / 14

Հոկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարի բացման արարողությանը, որին մասնակցում էին մոտ 20 երկրներից ժամանած շուրջ 170 պատվիրակներ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահն ասաց.

«Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից երախտագիտության խոսքեր ուղղել Եվրոպայի հայության բոլոր համայնքներին եւ կազմակերպություններին իրենց հայրենանվեր գործունեության համար:

Ինձ համար, իրոք, մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել եւ ուղերձով դիմել համագումարի մասնակիցներին, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Հայ Դատի բրյուսելյան գրասենյակին՝ այս կարեւոր միջոցառումը կազմակերպելու եւ ինձ հրավեր հղելու համար:

Ինչպես ցանկացած երկրի, առավել եւս Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ են համարվում ազգային անվտանգությանն առնչվող հիմնախնդիրները՝ հատկապես հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, երկու տասնամյակից ավելի շարունակվող շրջափակումը, դրա հետեւանքով առաջացած բարդությունները, ինչպես նաեւ մեր երկու անմիջական հարեւանների ագրեսիվ դրսեւորումները եւ ռազմատենչ հայտարարությունները: Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է զինվել եւ իր ապակառուցողական կեցվածքով լարվածության մեջ պահել ողջ տարածաշրջանը՝ դրանով իսկ խոչընդոտելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Ավելին, հայատյացության խրախուսումը Ադրբեջանում դարձել է պետական քարոզարշավի հիմնական նպատակը:

Այդ ամբողջը մեզ ավելի զգայուն է դարձնում մեր արտաքին սպառնալիքների նկատմամբ, իսկ Մերձավոր Արեւելքում սրված քաղաքական իրավիճակը պարտավորեցնում է անհետաձգելի քայլեր ձեռնարկել երկրի եւ ժողովրդի ռազմական անվտանգությունը ապահովելու համար: Հասկանալի է, որ այդ քայլերը ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանի էներգետիկ եւ տնտեսական անվտանգությանը: Սա է օրվա թելադրանքը:

Սակայն մեր ժողովուրդը մեկ օրվա թելադրանքով չի կառուցում իր ապագան: Ռազմական, էներգետիկ եւ տնտեսական ոլորտներում կայունության եւ անվտանգության ապահովման խնդիրներից բացի ոչ պակաս կարեւոր են նաեւ քաղաքական, գաղափարական եւ հոգեւոր-մշակութային ուղղությունները, որոնք, հիմնված լինելով ընդհանուր արժեքային համակարգի վրա, ամուր կապում են մեզ Եվրոպայի հետ: Այսօր Հայաստանում եւ Արցախում իրականացվող ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումները դրա վառ ապացույցն են: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ դա ոչ թե մեզ պարտադրված պահանջ է, այլ մեր ժողովրդի եւ իշխանությունների գիտակցված ընտրությունը:

Եվ այս հանգամանքն է այսօր Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման հիմնական գրավականը: Դրան են ուղղված ինչպես պաշտոնական, այդպես էլ խորհրդարանական դիվանագիտության ջանքերը: Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերն այս ուղղությամբ ամբողջական չեն լինի առանց համայն հայության ջանքերի: Լիահույս եմ, որ համատեղելով մեր ներուժը՝ մենք հաջողություն կարձանագրենք մեր արդար նպատակներին հասնելու եւ ազգային իղձերն իրականացնելու պայքարում:

Ոչ վաղ անցյալում ազգային զարթոնքի վերելքի եւ մեզ պարտադրած պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի արդյունքում Լեռնային Ղարաբաղը ձեռք բերեց իր անկախությունը: Դա հնարավոր դարձավ համայն հայության միասնության եւ մեր նախահայրերի՝ ազատ եւ անկախ ապրելու, մեր ճակատագիրն ինքնուրույն կերտելու մեզ ավետած պատգամին հավատարիմ մնալու շնորհիվ: Այսօր մենք հպարտ ենք, որ տարածաշրջանում գոյություն ունեն երկու հայկական պետություններ՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր էլ ձեր եռանդուն եւ ազգանվեր աշխատանքի շնորհիվ Հայաստան ժամանող բազմաթիվ եվրոպական պատգամավորներ, որոնք ներկայացնում են իրենց ազգային խորհրդարանները, այցելում են նաեւ Արցախ եւ ականատես լինում արցախցիների հաջողություններին եւ համոզվում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն ինքնորոշման, ալեւ ինքնուրույն պետականություն ունենալու իրավունք ունի: Այդ իրավունքը նա վաստակել է: Ես հավատում եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ես հավատում եմ ԼՂՀ ժողովրդին, եւ ես վստահ եմ, որ Արցախի ժողովուրդը պաշտպանել է եւ պատրաստ է ապագայում պաշտպանելու իր հայրենիքը:

Անկախ մարտավարական եւ այլ բնույթի տարաձայնություններից Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր քաղաքական ուժերի համատեղումը արտաքին քաղաքական ասպարեզում կարեւորվում է հատկապես այսօր՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, քանզի մեր միասնականությունն է Հայոց ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչմանը հասնելու եւ պատմական արդարությունը վերականգնելու կարեւորագույն երաշխիքը:

Հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնականությունը կարեւորվում է այսօր ավելի քան երբեւիցե, քանզի Թուրքիայի կառավարությունը շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչը միջազգային առաջադեմ հանրության կողմից դիտվում է որպես կրկնակի ցեղասպանություն: Սակայն, համաշխարհային քաղաքականության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, եւ առաջին հերթին Թուրքիայի կողմից, կարող է հանգեցնել տարածաշրջանային կայունության հաստատմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք մեր ազգային նպատակներին:

Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին եւ մաղթում արգասաբեր աշխատանք»:

Համագումարի մասնակիցներին ողջունեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի համակարգող Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Եվրոպական ժողովրդական կուսակցության կենտրոնական գրասենյակ եւ գրառում կատարեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ բացված հուշամատյանում:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Բրյուսելի հայկական եկեղեցի, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:


13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա...